«Աստղագիտական գրքեր» նոր էջ` Հայկական աստղագիտական ընկերութեան կայքում


«Աստղագիտական գրքեր» նոր էջ` Հայկական աստղագիտական ընկերութեան կայքում

  • 15-05-2012 16:31:24   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Հայկական աստղագիտական ընկերութիւնից յայտնում են, որ Հայ գրատպութեան 500-ամեակի եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու կապակցութեամբ աստղագէտները եւս նախատեսել են ստեղծել աստղագիտական բնոյթի գրքերի տուեալների լիակատար բազա եւ այդ գրքերը մատչելի դարձնել հասարակութեան լայն խաւերին: Հայկական աստղագիտական ընկերութիւնը (ՀԱԸ) իր համացանցային կայքում բացել է նոր էջ` «աստղագիտական գրքերէ (http://aras.am/Books/books.html), որում ընդգրկուած են հայ աստղագէտների կողմից գրուած կամ հայ աստղագիտութեանը նուիրուած բոլոր գրքերի եւ գրքոյկների ցանկը` սկսած 1934 թուականից, թուով ընդամէնը 164 անուանում: Նրանցից 36-ն ունեն գերհղումներ (hyperlinks) դէպի այդ գրքերի PDF ձեւաչափի ֆայլերը, որոնք թոյլ են տալիս դրանք ներբեռնել եւ ազատ օգտագործել: Գրքերի թւում են հայերէն, ռուսերէն, անգլերէն, գերմաներէն, ֆրանսերէն եւ այլ լեզուներով հրատարակութիւններ` դասագրքեր, մենագրութիւններ, Վ.Հ. Համբարձումեանի աշխատութիւնների եւ Բիւրականում անցկացուած գիտաժողովների նիւթերի ժողովածուներ, կենսագրական եւ տեղեկատուական բնոյթի գրքեր եւ գիտա-հանրամատչելի գրքոյկներ` նուիրուած աստղաֆիզիկայի տարբեր ոլորտներին, տիեզերական թռիչքներին, արտերկրային քաղաքակրթութիւններին, տոմարին եւ օրացոյցին, Բիւրականի աստղադիտարանին եւ Վիկտոր Համբարձումեանին, որոնց տուեալները բերուած են թէ սկզբնաղբիւրի եւ թէ անգլերէն լեզուներով: Ամենայաճախ հանդիպող հեղինակների թւում են Վ.Հ. Համաբրձումեանը, Լ.Վ. Միրզոյեանը, Գ.Ա. Գուրզադեանը, Բ.Է. Թումանեանը, Հ.Մ. Թովմասեանը եւ այլոք: Նոյնպէս հայ գրատպութեան 500-ամեակի եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու կապակցութեամբ 2012թ. ընթացքում ՀՀ ԳԱԱ Բիւրականի աստղադիտարանում եւ Գիտութիւնների ազգային ակադեմիայում կը կազմակերպուեն աստղագիտական գրքերի ցուցահանդէսներ, ինչի մասին կը յայտնուի աւելի ուշ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ