Մարզադաշտ` 15 հազար մրգատու ծառերի եւ խաղողի այգիների հաշուին


Մարզադաշտ` 15 հազար մրգատու ծառերի եւ խաղողի այգիների հաշուին

  • 16-05-2012 18:00:50   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է ոչնչացնել Նորագաւիթի մօտ 15 հազար մրգատու ծառերի եւ խաղողի այգիները, որպեզի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզադաշտ կառուցի: Այս մասին ահազանգում են Երեւանի Շէնգաւիթ համայնքի Նորագաւիթ թաղամասի մի խումբ բնակիչներ: Նրանք դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին: «Մեծարգոյ պարոն վարչապետ, Նորագաւիթ թաղամասի կոլտնտեսութեան լուծարումից յետոյ` 1992 թ-ի նոյեմբեր ամսից, հողատարածքների շուրջ 350 հեկտարից 90հա-ն սեփականաշնորհուեց, իսկ մնացած 260 հա-ն վարձակալական հիմունքներով տրուել է բնակչութեանը` օգտագործելու: Հողի վարձակալական պայմանագիր կնքուեց մինչեւ 2004թ-ը եւ չշարունակուեց, իսկ ոռոգման ջրինը` երեք տարին մէկ մինչեւ այսօր: Բոլոր վճարումները կատարուել են ժամանակին, որի հիման վրայ ստացել ենք կտրօններ: 2012թ. ապրիլի 11-ին մի խումբ մարդիկ մուտք գործեցին հողատարածք` յորդորելով մարդկանց, որ մենք քաղաքապետարանից ենք եւ այդ հողերը վերցուած են, ձեզ չենք թոյլատրում հողատարածք մտնել: Մենք բնակիչներով հաւաք կազմակերպեցինք քաղաքապետարանի մօտ: Մեզ յայտնեցին, որ այսօր` երեկոյեան ժամը 4-ին, ձեզ կը պատասխանենք, բայց ոչինչ չպատասխանեցին: Յաջորդ առաւօտեան, տնակ տեղադրելով Արտաշատի խճուղու մայթեզրին, մարդկանց թէ ընկերական, թէ համոզմունքով, եւ թէ յորդորանքով շուրջ 70 հա հողատարածք վերցրեցին: Կան այնպիսի մարդիկ, որոնք իրենց հողերի տեղն անգամ չգիտէին, եւ մի քանի դրամն իրենց համար մեծ նշանակութիւն ունի, որից տուժեց ողջ բնակչութիւնը: 12 հա հողի մասին դեռ ոչինչ չեն յայտնում, բայց քաղաքապետարանից տեղեկացանք, որ այդ տարածքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պէտք է յատկացուի` մարզադաշտ պատրաստելու համար: Այս տարածքում տնկուած են մօտ 15 հազար պտղատու ծառեր եւ եւ խաղողի այգիներ, եւ գիւղատնտեսութեան համար բարձր որակի հողատարածք է, որի ոչնչացումից թթուածնի մեծ աղէտ կը լինի թէ Նորագաւիթի, եւ թէ շրջակայ միջավայրի համար: Նոյն ճակատագիրն ունի նաեւ յարակից 10 հա տարածքը, որը նախատեսուած է աւտոկայանատեղ պատրաստելու համար, որտեղ մշակւում են խաղողի եւ պտղատու ծառեր: Բնակիչները խնդրում են Ձեզ, համապատասխան միջոցներ ձեռնարկել` հողօգտագործողներին զերծ պահելու նման իրավիճակից եւ թոյլատրել սեփականաշնորհելու, կամ երկարացնելու վարձակալման պայմանագրերը: Յարգանքներով մի խումբ բնակիչներէ,- ասուած է դիմումում, որի տակ ստորագրել է Նորագաւիթի 28 բնակիչ: «Էկոլուր»-ի կողմից նշենք, որ Նորագաւիթի տարածքի հարեւանութեամբ են գործում «նաիրիտէ, «մաքուր երկաթե-ը, «Արմենիան Տիտանիում Փրոդաքշն», «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» ձեռնարկութիւնները, որոնք տոքսիկ գազեր են արտանետում մթնոլորտ: Արտանետումները ռիսկեր են պարունակում տեղի բնակչութեան առողջութեան համար եւ շրջակայ միջավայրի համար: Եթէ այս նախագիծն իրականացուի, ապա մարդիկ կը մնան առանց կանաչ գօտու պաշտպանութեան: «էկոլուր»-ը թէժ գծով հարցում է ուղարկում ՀՀ բնապահպանութեան նախարարութիւն: Հաշուի առնելով այն, որ նախագծի տարածքն այնպիսին է, որ նրա վրայ իրականացուող գործունէութիւնը ենթակայ է շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան, խնդրում ենք տեղեկացնել մեզ եւ հասարակութեանը` արդեօք ներկայացուա՞ծ է մարզադաշտի կառուցման նախագիծը (ինչի մասին ասւում է ՀՀ վարչապետին ուղղուած դիմումում) բնապահպանական փորձաքննութիւն եւ դրական եզրակացութիւն ստացե՞լ է: Եթէ նախագիծը չունի դրական եզրակացութիւն, ապա խնդրում ենք ընդունել ահազանգը Նորագաւիթում տեղի ունեցող անօրինական գործողութիւնների մասին եւ բնապահպանական տեսչութեանն ուղարկել` շտապ յայտնաբերելու խախտումները, կազմակերպել հասարակական լսումներ` Նորագաւիթում մարզադաշտի կառուցման նախագծի վերաբերեալ:
  -   Տնտեսութիւն