Թուրքիան հայ բողոքականութեան համար առանձնայատուկ է նրանով, որ բողոքականութեան ծագումը հայոց մէջ տեղի է ունեցել հէնց այստեղ: 1846թ. Կ.Պոլսում ձեւաւորուեց հայ բողոքականների առաջին համայնքը: Այստեղից բողոքականութիւնն աստիճանաբար տարածուեց դէպի Օսմանեան կայսրութեան միւս հայաշատ շրջաններ, այդ թւում նաեւ` Արեւմտեան Հայաստան, յետագայում, Հայոց ցեղասպանութեան հետեւանքով, դէպի Սփիւռքի հայ համայնքներ:
Ներկայումս, չնայած առկայ դժուարութիւններին եւ մարտահրաւէրներին, Թուրքիայի հայ բողոքականները որպէս էթնո-դաւանանքային միաւոր ցուցաբերում են բաւարար կենսունակութիւն եւ ակտիւութիւն, ինչը թոյլ է տալիս խօսելու Թուրքիայի հայ բողոքականների` որպէս առանձին համայնքի, մասին:
Ժամանակակից Թուրքիայի հայ բողոքական համայնքի դիտարկումները կենտրոնանում են հիմնականում հետեւեալ հիմնախնդիրների վրայ.
Հայ բողոքական համայնքի թուաքանակը եւ կազմակերպական կառոյցները
Հայ բողոքականութիւնը թուրքական միջավայրում
Թուրքիայի հայ բողոքական համայնքի գործունէութեան ուղղութիւնները:
Հայ բողոքական համայնքի թուաքանակը եւ կազմակերպական կառոյցները
Թուրքիայում հայ բողոքականների թուաքանակի մասին խօսելիս անհրաժեշտ է կանգ առնել այն պայմանաւորող երկու գործօնների` ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ բռնաճնշումների ու հալածանքների եւ Թուրքիայում լայնօրէն ծաւալուող միսիոներական շարժման վրայ:
Ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ բռնաճնշումները: Առաջին աշխարհամարտի ընթացքում իրագործուած Հայոց ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ դրան յաջորդած քրիստոնեաների շարունակական հալածանքները Թուրքիայում խիստ բացասական ազդեցութիւն ունեցան նաեւ հայ բողոքական համայնքի վրայ` յանգեցնելով վերջինիս թուաքանակի խիստ նուազմանը: Եթէ մինչեւ Առաջին աշխարհամարտը բողոքական հայերի թիւը Թուրքիայում անցնում էր 60 հազարից, ապա Ցեղասպանութիւնից յետոյ նրանց թիւը կազմում էր 14 հազար: Հայ բողոքականների մի մասը զոհուեց Ցեղասպանութեան հետեւանքով, մի զգալի մասն էլ բովանդակ Հայութեան հետ միասին տարագրուեց, որով էլ «սկսուեց հայ աւետարանականութեան սփիւռքի շրջանը»: Ցեղասպանութիւնից յետոյ արդէն հանրապետական Թուրքիայում հայ բողոքական համայնքի թուաքանակը շարունակեց նուազել քրիստոնեաների նկատմամբ շարունակուող անհանդուրժողականութեան եւ հալածանքների հետեւանքով:
Միսիոներական շարժումը: Թուրքիայում իրականացուող ակտիւ միսիոներական գործունէութեան հետեւանքով բռնի իսլամացուած բազմաթիւ հայերի սերունդներ կրկին ընդունում են քրիստոնէութիւն (այդ թւում նաեւ` բողոքականութիւն), ինչը նշանաւորւում է նաեւ դէպի ազգային արմատները վերադարձի միտումով: Օրինակ` Թուրքիայի բողոքական կազմակերպութիւնների տուեալներով` Ադանայի բողոքականներից շատերն ունեն հայկական ծագում2: Բռնի իսլամացուածների վերաքրիստոնէացման այս գործընթացը նպաստում է հայ բողոքականների թուաքանակի աւելացմանը:
Այս երկու հակոտնեայ գործօնների ազդեցութիւնը խիստ դժուարացնում է Թուրքիայի հայ բողոքականների ներկայիս թուաքանակը ստոյգ որոշելու հարցը: Համաձայն որոշ տուեալների` Թուրքիայում հայ բողոքականների թուաքանակը ներկայումս կազմում է մօտ 500 մարդ3: Սակայն այս տուեալները չեն ընդգրկում միսիոներական գործունէութեան արդիւնքում կրկին քրիստոնէութիւն ընդունած իսլամացուած հայերին: Իսկ վերջիններիս թուաքանակի մասին տուեալները բացակայում են:
Հետեւաբար, Թուրքիայի հայ բողոքական համայնքի ճշգրիտ թուաքանակի որոշման հարցը դեռեւս մնում է առկախ:
Թուրքիայում փոքրամասնութիւնների նկատմամբ իրականացուած հալածանքները յանգեցրին նաեւ հայ բողոքականների կազմակերպական կառոյցների կրճատմանը:
Ի տարբերութիւն այլ երկրների հայ բողոքական համայնքների, որոնց բնորոշ է տարատեսակ (հոգեւոր-եկեղեցական, կրթամշակութային, սոցիալական, տեղեկատուական) կառոյցների առատութիւնը, Թուրքիայի հայ բողոքական համայնքի կազմակերպական կառոյցները ներկայումս կազմում են խիստ սահմանափակ թուով եկեղեցական ու կրթական հաստատութիւնները: Երբեմնի բազմաթիւ աւետարանական եկեղեցիների փոխարէն, որոնք սփռուած էին Թուրքիայի հայաշատ վայրերում, կայ ընդամէնը երկու Հայ Աւետարանական եկեղեցի` Կ.Պոլսի Գեդիքփաշայ եւ Բէյօղլու թաղամասերի Հայ Աւետարանական եկեղեցիները: Եթէ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրէին հայ բողոքական համայնքն Օսմանեան կայսրութիւնում ունէր բազմաթիւ դպրոցնէր, ապա այժմ կայ միայն Կ.Պոլսի Գեդիքփաշայ թաղամասի Հայ Աւետարանական եկեղեցուն կից դպրոցը: Այլ կարգի հաստատութիւնները` բարեգործական, տեղեկատուական եւ այլն, բացակայում են:
Նախկինում գործող Հայ Աւետարանական եկեղեցիներն աւերուած ու լքուած են:
Թուրքական կառավարութիւնը թոյլ չի տալիս վերանորոգել եւ վերագործարկել դրանք, իսկ իր կողմից վերանորոգուածները ծառայում են միայն որպէս թանգարանային նմուշ` զբօսաշրջութեան զարգացման համար: Ինչ վերաբերում է Հայ Աւետարանական եկեղեցու երբեմնի հարուստ կալուածքներին (դպրոցնէր, ճամբարներ, որբանոցնէր եւ այլն), ապա դրանք բռնագրաւուած են պետութեան կողմից: Դրանք վերադարձնելու ջանքերն առայժմ արդիւնք չեն տուել: Խնդիրն այն է, որ Թուրքիայում կրօնական համայնքներին արգելուած է սեփականութիւն ունենալ:
Բռնագրաւուած գոյքի մի մասն էլ թուրքական կառավարութիւնը վաճառել է մասնաւոր անձանց, ինչն աւելի է դժուարացնում դրանց վերադարձման գործը:
Ինչեւէ, այժմ գործող Ստամբուլի Հայ Աւետարանական եկեղեցիները մտնում են Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական եկեղեցիների միութեան մէջ (կենտրոնը` Բէյրութ): Գեդիքփաշայ թաղամասի Հայ Աւետարանական եկեղեցում պատարագները մատուցւում են չորս լեզուով` հայերէն, թուրքերէն, պարսկերէն եւ ռուսերէն, քանի որ այցելուների էթնիկ կազմը չի սահմանափակւում միայն հայերով:
Հայ բողոքական համայնքը թուրքական միջավայրում
Մի կողմից` Թուրքիայի Հայութեան, միւս կողմից` բողոքականութեան մաս կազմելով` հայ բողոքականները Թուրքիայում փոքրամասնութիւն են երկակի` ազգային եւ կրօնական կտրուածքով: Երկակի կարգավիճակն ունի ինչպէս բացասական, այնպէս էլ դրական կողմեր:
Բացասական կողմն այն է, որ դա յանգեցնում է երկակի ճնշումների ու հալածանքների` կրօնական եւ ազգային հողի վրայ:
Կրօնական ճնշումները: Հայ բողոքականները Թուրքիայում ենթարկւում են քրիստոնեաների նկատմամբ իրականացուող հալածանքներին եւ հետապնդումներին: Մասնաւորապէս, վերջին շրջանում միսիոներական շարժման հետեւանքով Թուրքիայում լայն թափ է առնում քրիստոնէացման գործընթացը, որի արդիւնքում Թուրքիայի շատ քաղաքացիներ, այդ թւում նաեւ թուրքեր, ընդունում են քրիստոնէութիւն (ինչպէս կաթոլիկութիւն, այնպէս էլ բողոքականութիւն): Սա յարուցում է թուրքական իշխանութիւնների եւ ազգայնամոլ տարրերի անհանգստութիւնն ու հակազդեցութիւնը, որը դրսեւորւում է հիմնականում քրիստոնեաների դէմ յարձակումների եւ սպանութիւնների ձեւով8: Այդ հակազդեցութեան թիրախ են դառնում նաեւ հայ բողոքականները: Այդպիսի հակազդեցութեան օրինակ է 2007թ. ապրիլի 18-ին Մալաթիայի «Զիրուէ» հրատարակչատանը թուրք ազգայնամոլների կողմից երեք բողոքականների դաժան սպանութիւնը, որոնցից երկուսը, ըստ որոշ ենթադրութիւնների, քրիստոնէութեան վերադարձած իսլամացուած հայերի սերունդներ էին:
Ազգային ճնշումները: Հայ բողոքականների դրութիւնն աւելի է ծանրացնում նրանց հայ լինելու հանգամանքը, քանի որ բողոքական հայերի նկատմամբ Թուրքիայում իրականացուել եւ իրականացւում է ոչ միայն կրօնական, այլեւ ազգային հալածանքների քաղաքականութիւն: Դեռեւս կոտորածների ու Ցեղասպանութեան տարիներին թուրքերն ուշադրութիւն չէին դարձնում հայերի դաւանանքային տարբերութիւնների վրայ, հաւասարապէս կոտորում էին բոլորին:
Հետցեղասպանական շրջանում ազգային հողի վրայ հալածանքի յատկանշական օրինակ է 1982թ. մարտին հայ բողոքական գործիչ Հրանտ Գուզելեանի դատապարտումը 16-ամսեայ բանտարկութեան «հակաթուրքական քարոզչութեան» եւ ,թուրք երեխաներին հայեացնելուէ մեղադրանքներով:
Ազգային հողի վրայ հալածանքների սաստկացմանը նպաստում են թուրքական որոշ շրջանակների այն տեսակէտները, ըստ որոնց` բողոքական հայերը գործիք են արտաքին ուժերի ձեռքում` ընդդէմ Թուրքիայի: Մասնաւորապէս, այդպիսի տեսակէտներից մէկը Հայկական հարցի ծագումը բացատրում է 19-րդ դարում բողոքականութեան ներթափանցմամբ Օսմանեան կայսրութիւն: Համաձայն այդ մօտեցման` ամերիկեան միսիոներութիւնը, բողոքականացնելով եւ հաւաքագրելով հայերին, ձգտում էր ստեղծել հայկական բողոքական կայսրութիւն11: Այսպիսի տեսակէտները մեծ խթան են հակահայկական տրամադրութիւնների բորբոքման համար:
Դրական կողմն այն է, որ, լինելով Թուրքիայի բողոքականների մի շերտը, հայ բողոքականները որոշակիօրէն վայելում են արտասահմանեան բողոքական կազմակերպութիւնների հովանաւորութիւնը: Դեռեւս 19-րդ դարում հայերի` բողոքականութիւն ընդունելու դրդապատճառ էր եւրոպացիների կողմից մուսուլմանների հալածանքներից պաշտպանուած լինելու ցանկութիւնը: Կոտորածների ժամանակ հայ բողոքականներին որոշակի օգնութիւն էին ցոյց տալիս գերմանական, սկանդինաւեան եւ անգլիական կառոյցները:
Ներկայումս էլ հայ բողոքականների գործունէութիւնը Թուրքիայում տեղաւորւում է այդ երկրի բողոքականութեան գործունէութեան շրջանակներում, որոնք վայելում են արտասահմանեան բողոքական կազմակերպութիւնների հովանաւորութիւնը: Դա թոյլ է տալիս հայ բողոքականներին աւելի ակտիւ գործունէութիւն ծաւալել ինչպէս հոգեւոր, այնպէս էլ ազգային հիմնախնդիրների ոլորտներում: Հոգեւոր գործունէութեան ասպարէզում հայ բողոքական հոգեւորականները, մասնաւորապէս, աւելի յաճախ են լինում Արեւմտեան Հայաստանի բնակավայրերում` այնտեղ իրականացնելով հոգեւոր-քարոզչական աշխատանք: Ինչ վերաբերում է ազգային խնդիրներին, ապա բողոքական հայերը, ի տարբերութիւն առաքելականների, որոնք հիմնականում լօյալ վերաբերմունք են դրսեւորում պետութեան նկատմամբ, աւելի նախանձախնդիր եւ հետեւոական են Թուրքիայում Հայոց ցեղասպանութեան, փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան եւ այլ հիմնախնդիրների բարձրացման հարցերում: Այս ամէնի հիմքում, ամենայն հաւանականութեամբ, ընկած է արտասահմանեան բողոքական կառոյցների կողմից որոշակի պաշտպանուածութեան զգացումը, ինչը բացակայում է, օրինակ, առաքելական հայերի պարագայում:
Հայ բողոքական համայնքի գործունէութեան ուղղութիւնները
Չնայած հայ բողոքականները կրօնական առումով Թուրքիայի բողոքականութեան մի մասն են, նրանց գործունէութիւնը հիմնականում ուղղուած է ազգային հիմնախնդիրների լուծմանը: Այս ասպարէզում կայ գործունէութեան երկու հիմնական ուղղութիւն.
Հայոց ցեղասպանութեան եւ Հայ դատի հիմնախնդիրների արծարծում: Բողոքական հայերը Թուրքիայի Հայութեան այն շերտն են, որն աչքի է ընկնում ազգային հիմնախնդիրների հարցերում առաւել ակտիւութեամբ: Հայոց ցեղասպանութեան, Հայ դատի հիմնախնդիրների յանդուգն եւ ջերմ պաշտպանների համբաւ ունեցող գործիչներն, իրենց անձնական անվտանգութիւնը դնելով սպառնալիքի տակ եւ ենթարկուելով հալածանքների ու բռնաճնշումների, այնուամենայնիւ, յամառօրէն պայքարել են ազգային խնդիրների լուծման համար:
Հայապահպանութիւն եւ հայադարձութիւն: Հայ բողոքականների հոգեւոր-եկեղեցական գործունէութիւնն իմաստաւորւում է ազգային-քաղաքակրթական տեսանկիւնից: Այն հետապնդում է հաւատի միջոցով մի կողմց` Թուրքիայի Հայութեան ուծացման կանխման` հայապահպանութեան, միւս կողմից` ուծացած (բռնի իսլամացուած) Հայութեան` ազգային արմատներին վերադարձի` հայադարձութեան նպատակ: Այս առումով յատկանշական է Կ.Պոլսի Գեդիքփաշայ թաղամասի Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ, վերապատուելի Գրիգոր Աղաբալօղլուի դիտարկումը. «... հայութէան այդ հսկայ զանգուածը, որ այսօր իսլամացած է եւ որպէս հետեւանք` թրքացած, միայն հաւատքի զօրութէամբ կարելի է վերադարձնել իր արմատներուն, իր ազգութէան: Միայն քրիստոնէական հաւատքն է, որ կրնայ զանոնք փրկել եւ անոնց մէջ արթնցնել ազգային պատկանելիութէան գիտակցութիւնը»: Պատահական չէ, որ հայ բողոքականները Թուրքիայում լայն գործունութիւն են ծաւալում ուծացման տարբեր մակարդակներում գտնուող Հայութեան շրջանում` նախկինում հայկական, ներկայումս` թրքախօս, քրդախօս, արաբախօս (բռնի իսլամացման հետեւանքով) բնակավայրերում: Այս առնչութեամբ վերապատուելի Աղաբալօղլուն վկայում է. «... մենք գաւառներուն մէջ աշխատանք կը տանինք, հաւատքի եւ կրօնին զօրութէամբ մեր արմատներուն, մեր պատմութէան հետ առնչակից դարձնել բոլոր այն հայերը, որոնք այսօր, կ'ամքէ անկախ պատճառներով, հեռացած են մեզմէ»: Այսպիսով, կարելի է անգամ ասել, որ հոգեւոր-եկեղեցական գործունէութիւնը Թուրքիայի հայ բողոքականութեան համար միջոց է ազգային-քաղաքակրթական, այն է` Թուրքիայում հայկական քաղաքակրթութեան պահպանման եւ վերականգնման խնդրի լուծման համատեքստում:
«Նորավանք»
Վահրամ Հովեան