Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է գերմանական Commerzbank-ի պատուիրակութեանը


Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է գերմանական Commerzbank-ի պատուիրակութեանը

  • 23-05-2012 17:33:37   |   |  Տնտեսութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է գերմանական Commerzbank-ի գործադիր խորհրդի անդամ, ֆինանսական կառոյցների ղեկավար Քրիստոֆ Գաբրիէլ Մետցէի գլխաւորած պատուիրակութեանը: Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի գործունէութեանը, հայաստանեան գործընկերների հետ համագործակցութեանը եւ Եւրոպայում առկայ տնտեսական վիճակին առնչուող հարցեր: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, գերմանական պատուիրակութեան խնդրանքով վարչապետ Սարգսեանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական քաղաքականութեանն ու զարգացման ուղղութիւններին, մասնաւորապէս, հանգամանալից կերպով ներկայացրել է արդիւնաբերական քաղաքականութեան ռազմավարութիւնը եւ նրանում ընդգրկուած ճիւղերում նախատեսուած ծրագրերը: Քրիստոֆ Գաբրիէլ Մետցեն նշել է, որ Commerzbank-ն ունի այնպիսի յաճախորդ ընկերութիւններ, որոնք ակտիւ գործունէութիւն են ծաւալում ռազմավարութեան մէջ ներառուած բնագաւառներում եւ հետաքրքրուած կը լինեն հնարաւոր ներդրումներով: Այս համատեքստում, զրուցակիցները պայմանաւորուածութիւն են ձեռք բերել գերմանիայում կազմակերպել բիզնես ֆորում, որը գերմանական ընկերութիւններին տեղեկատուութիւն կը փոխանցի Հայաստանի տնտեսական ծրագրերի մասին:
  -   Տնտեսութիւն