Աջափնեակի 15-րդ թաղամասի Շիրազ-մազմանեան փողոցների խաչմէրուկում մայիսի 23-ին “Երեւան Ջուր” ՓԲԸ-ն ջրագծի վթարուած հատուածն էր փոխարինում:
Տարուող աշխատանքներն առանձնանում էին ոչ թէ ծաւալով, կամ կարեւորութեամբ (իւրաքանչիւր աշխատանք համակարգում, ի վերջոյ, ուղղուած է սպառողների ջրամատակարարման բարելաւմանը), այլ նրանով, որ ընկերութիւնը այստեղ նոր տեխնոլոգիայ էր կիրառում:
Ըստ “Մաշտոց” շահագործման տեղամասի ջրամատակարարման ինժեներ Մեասնիկ Մելքոնեանի, տուեալ խիստ բանուկ խաչմէրուկի ասֆալտը չքանդելու, ինչպէս նաեւ երթեւեկութեանը չխոչնդոտելու նպատակով որոշում էր ընդունուել տուեալ մօտ 45մ երկարութեամբ հատուածում վթարային ջրագիծը ոչ թէ նորով փոխարինել, այլ հին պողպատէ խողովակի միջով անցկացնել պլաստմասէ խողովակ:
Առաւել եւս, որ տեխնիկական առումով դա մեծ դժուարութիւն չէր ներկայացնում: Վթարուած ջրագծի տրամագիծը 500մմ էր, մինչդեռ ներքաղաքային բաշխիչ ցանցի վերջին տարիներին իրականացուած վերակառուցման ու համակարգում հոսակորուստների նուազեցման շնորհիւ ներկայումս անգամ 100մմ տրամագծով կարելի էր տարածքի ջրամատակարարումն ապահովել: Դրա համար մասնագէտները նախ` խողովակների “շուրթերը” տաքացնում էին շարժական էլեկտրակայանի օգնութեամբ մինչեւ անհրաժեշտ ջերմաստիճան, այնուհետեւ միացնում իրար եւ յատուկ սարքի միջոցով ամուր եռակցում: Ի վերջոյ, պատրաստի խողովակաշարը հին ջրագծի միջով առանց դժուարութեան անցկացնում էին դէպի հանդիպակաց մայթ:
Պլաստմասէ խողովակները կ'ոռոզիայի չեն ենթարկւում, երկարակեաց են եւ դիւրութեամբ են մոնտաժւում: Նաեւ` գնային առումով են մատչելի: Այս ամէնի շնորհիւ համակարգում տարէցտարի աւելանում է պլաստմասէ խողովակների կիրառումը, մասնաւորապէս, ջրագծերի կառուցման նպատակով: