Հայաստանը ՍԾՏՀ ԽՎ նախագահութիւնը փոխանցեց Ադրբեջանին


Հայաստանը ՍԾՏՀ ԽՎ նախագահութիւնը փոխանցեց Ադրբեջանին

  • 23-05-2012 19:05:15   | Հայաստան  |  Քաղաքական

Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ի գործող նախագահ Սամուէլ Նիկոյեանը: Ողջունելով նիստի մասնակիցներին` Ս.Նիկոյեանը նշեց, որ վերջին վեց ամիսների ընթացքում ղեկավարելով խորհրդարանական վեհաժողովը, հնարաւորութիւն է ունեցել աւելի խորը եւ մանրամասն ծանօթանալու կազմակերպութեան գործունէութեանը, ինչպէս նաեւ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու հնարաւորութիւններին: ԱԺ նախագահի գնահատմամբ, Վեհաժողովի անդամ երկրներին միաւորում են ընդհանուր շատ արժէքներ եւ նպատակներ, այդ թւում` սեւծովեան տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդումը, բարիդրացիական յարաբերութիւնների հաստատումը տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Հայաստանը մեծ նշանակութիւն է տալիս տարածաշրջանային համագործակցութեանը եւ ինտէգրման գործընթացներին` հանդիսանալով Սծտհ-ի եւ նրա խորհրդարանական կառոյցի հիմնադիրներից մէկը: ԱԺ նախագահը նկատեց, որ ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցութիւնն ու խորհրդարանական դիւանագիտութիւնը մեծ նշանակութիւն եւ արդիականութիւն են ձեռք բերում: Նպատակն է աջակցել եւ զարգացնել այդ գործընթացները: Որպէս միջազգայնօրէն ճանաչուած տարածաշրջանային կազմակերպութիւններից մէկը` Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովը տարէցտարի ընդլայնում է գործունէութեան շրջանակը, դառնալով տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական կայունութեան կարեւոր գործօն: Կազմակերպութեան օրէնսդրական գործունէութիւնը` ուղղուած Սեւծովեան տարածաշրջանում տնտեսական եւ առեւտրային համագործակցութեանը, պէտք է նպաստի ոչ միայն անդամ երկրների ներքին խնդիրների լուծմանը, այլ նաեւ ժողովուրդների միջեւ վստահութեան ու փոխըմբռնման հաստատմանը: Հէնց այս գիտակցութեամբ էլ աշխատանքներ են տարւում տարածաշրջանային համագործակցութիւնն ամրապնդելու ուղղութեամբ: Ս.Նիկոյեանը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսութեան եւ առեւտրի յետագայ ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով օրէնսդրական դաշտի բարելաւման, ինչպէս նաեւ սոցիալական ու քաղաքական, մշակոյթի, կրթութեան եւ շրջակայ միջավայրի պաշտպանութեան ոլորտներում համագործակցութիւնը խթանելու ուղղութեամբ: Առաջնահերթութիւնների թւում կը մնայ տնտեսական համագործակցութիւնը: Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նախագահութեան այս վեց ամիսների ընթացքում երեք մասնագիտացուած յանձնաժողովներն ակտիւ աշխատանք են կատարել, քննարկել եւ ի գիտութիւն են ընդունել տնտեսական, սոցիալական եւ իրաւական ոլորտներին վերաբերող մի շարք կարեւոր զեկոյցնէր: Վեհաժողովի անդամները, ինչպէս նաեւ միջազգային քարտուղարութեան աշխատակիցները մի շարք միջազգային կազմակերպութիւնների աշխատանքներում պատշաճ կերպով են ներկայացրել կառոյցը: Նայ կարեւորեց կանոնակարգային հարցերով աշխատանքային խմբի արդիւնաւէտ աշխատանքը, որն արդէն շուրջ մէկ տարի է` քննարկում է Վեհաժողովի կանոնակարգային փոփոխութիւնների հետ կապուած հարցերը: Ս.Նիկոյեանը համոզմունք յայտնեց, որ երեւանեան նիստի օրակարգում ընդգրկուած հարցերի շուրջ քննարկումները կ'ունենան իրենց դրական հետեւանքները եւ կը նպաստեն կազմակերպութեան ազդեցիկութեան, վարկանիշի յետագայ բարձրացմանն ու աւելի գործնական արդիւնքներ ունենալուն: ԱԺ նախագահը նիստի մասնակիցներին մաղթեց արդիւնաւէտ աշխատանք եւ յոյս յայտնեց, որ Հայաստանում գտնուելու ժամանակահատուածում հնարաւորութիւն կ'ունենան ծանօթանալու նաեւ պատմական հնամենի արժէքներ ունեցող եւ այսօր էլ արժէքներ ստեղծող մեր երկրին ու ժողովրդին: ԱԺ նախագահ Սամուէլ Նիկոյեանը Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը յայտարարեց բացուած: Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձն ընթերցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը: Ուղերձում մասնաւորապէս ասւում էր, որ Հայաստանը մեծ նշանակութիւն է տալիս միջազգային կառոյցների` յատկապէս ՍԾՏՀ կազմակերպութեան գործունէութեանը եւ վերջինիս խորհրդարանական ձեւաչափի յետագայ զարգացմանը` որպէս տարածաշրջանային համագործակցութեան առանցքային մարմին: Դրա վառ ապացոյցն է նաեւ այն, որ Հայաստանը պատրաստակամութիւն յայտնեց այս նիստը հիւրընկալել անգամ գործող խորհրդարանի վերջին աշխատանքային օրերին` չկապելով ՍԾՏՀ ԽՎ բնականոն գործունէութիւնը ներպետական քաղաքական օրացոյցի հետ: ՀՀ նախագահի գնահատմամբ` այսօր խորհրդարանական դիւանագիտութիւնն իր ուրոյն տեղն է գրաւում միջպետական յարաբերութիւնների զարգացման գործում: Յատկապէս մեծ է նրա դերը ժողովրդավարական սկզբունքների արմատաւորման, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ օրէնքի գերակայութեան ապահովման հարցերում: Միջխորհրդարանական երկխօսութեան հաստատումը էական նշանակութիւն ունի նման արժէքների տարածման եւ փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորման համար: Այդ ամէնն իր հերթին օգնում է լիարժէք տարածաշրջանային համագործակցութեան հաստատման շնորհիւ հասնել տեւական խաղաղութեան ու կայունութեան արմատաւորմանը: «Հայաստանը համոզուած է, որ միայն տարածաշրջանային համագործակցութեան ընդլայնմամբ, փակ սահմանների ապաշրջափակմամբ, բազմոլորտ փոխգործակցութեան խթանմամբ է հնարաւոր հասնել փոխվստահութեան, ինչն էլ հիմք կը հանդիսանայ խաղաղ եւ փոխզիջումային ճանապարհով բոլոր վիճելի խնդիրների լուծման համար»,- ասւում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձում: Ըստ ՀՀ նախագահի` այս համատեքստում եւս կարեւորւում է Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովի դերակատարութիւնը: Նա վստահութիւն է յայտնում, որ բոլորին համախմբում են միասնական նպատակները` ուղղուած քաղաքական երկխօսութեան խորացմանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը, մեր ժողովուրդների բարեկեցութեան ապահովմանը: Հայաստանի Հանրապետութիւնը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ համագործակցութիւնը խորացնելու ուղղութեամբ եւ ողջունելու է տարածաշրջանում փոխվստահութեան մթնոլորտի ձեւաւորմանն ուղղուած ցանկացած նախաձեռնութիւն: ՀՀ նախագահը նկատում է, որ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովի երեւանեան 39-րդ լիագումար նիստի ընդհանուր քննարկումները նուիրուած են ամենաարդիական թեմաներին` կայուն տնտեսական զարգացմանը, էկոլոգիային, բնակչութեան սոցիալական կարիքների բաւարարմանը, մասնաւոր բիզնեսին պետական աջակցութեան ապահովմանը: Նա համոզմունք է յայտնում, որ, հաշուի առնելով պառլամենտարիզմին բնորոշ փոխզիջումային մօտեցումները, նրանք կարող են զգալի դերակատարում ունենալ նշուած խնդիրների նկատմամբ ընդհանուր` միեւնոյն ժամանակ բոլոր անդամ պետութիւնների շահերը յարգող որոշումներ կայացնելու գործընթացում: Վերջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յաջողութիւն է մաղթում ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստի աշխատանքներին: Ելոյթ ունեցաւ նաեւ ՍԾՏՀ գլխաւոր քարտուղար Լէոնիդաս Քրիզանտոպուլոսը: Նայ ներկայացրեց կազմակերպութեան կատարած աշխատանքներն ու առաջիկայ անելիքները` յոյս յայտնելով, որ հետայսու ՍԾՏՀ գործունէութիւնը տարածաշրջանային տնտեսական համագործակցութեան առումով նոյնքան արդիւնաւէտ կը լինի: ՍԾՏՀ գլխաւոր քարտուղարը մասնաւորապէս կարեւորեց կայուն տնտեսական զարգացմանը, տեղեկատուական եւ հաղորդակցման տեխնոլոգիաներին, առեւտրային, բնապահպանական, հարկային համակարգերի կատարելագործմանը, գիւղատնտեսական ոլորտին, կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարին, մարդու իրաւունքների պաշտպանութեանն առնչուող հարցերի վերաբերեալ կազմակերպութեան կառուցողական որոշումներն ու դրանք կեանքի կոչելու հետեւողականութիւնը: ՍԾՏՀ ԽՎ առաջին լիագումար նիստում Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասեանի նախագահութեամբ քննարկուեցին կանոնակարգային հարցեր: Օրակարգը հաստատուելուց յետոյ նիստում քննարկուեց ու հաստատուեց նոր մանդատների հարցը, քուէարկութեամբ ՍԾՏՀ գլխաւոր քարտուղարի տեղակալ ընտրուեց Եւգենի Կապիշինը, հաւանութեան արժանացան Ուղղափառութեան միջխորհրդարանական վեհաժողովին եւ Իսլամական կոնֆերանս կազմակերպութեան անդամ երկրների խորհրդարանական միութեանը ՍԾՏՀ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցերը, հաստատուեցին 2011 թ.-ի յուլիսի 1-2-ին Կիեւում կայացած ՍԾՏՀ ԽՎ 37-րդ լիագումար նիստի արձանագրութիւնն ու Խորհրդարանական վեհաժողովի գործունէութեան հաշուետուութիւնը: Օրակարգային յաջորդ հարցը վերաբերում էր ՍԾՏՀ կազմակերպութեան գործունէութեան մասին տեղեկատուութեանը, որը ներկայացրեց ՍԾՏՀ գլխաւոր քարտուղար Լէոնիդաս Քրիզանտոպուլոսը: Նա անդրադարձաւ Մոսկուայում 2011 թ. աշնանը տեղի ունեցած ՍԾՏՀ անդամ երկրների արտգործնախարարների 25-րդ նիստի կատարած աշխատանքներին, անդամ երկրների գիւղատնտեսութեան նախարարների, արտակարգ իրավիճակների նախարարների եւ վթարային ծառայութիւնների ղեկավարների, տրանսպորտի նախարարների համատեղ հռչակագրերին, որոնց նպատակն է ամրապնդել տարածաշրջանային տնտեսական բազմակողմ համագործակցութեան կայուն զարգացումը: Քննարկուեց եւ միաձայն ընդունուեց ՍԾՏՀ ԽՎ յայտարարութիւնը կազմակերպութեան 20-ամեակի կապակցութեամբ, որում մասնաւորապէս հաստատւում է այն միտքը, որ ՍԾՏՀ շրջանակներում փոխգործակցութեան գլխաւոր նպատակը տարածաշրջանի երկրների միջեւ բարիդրացիական, բարեկամական եւ գործընկերային յարաբերութիւնների զարգացումն է, փոխշահաւէտ համագործակցութիւնը քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում: Խորհրդարանական վեհաժողովը ողջունում է այն փաստը, որ արդիւնաւէտ համագործակցութիւն է ծաւալուել տրանսպորտի, առեւտրի, էներգետիկայի, կապի, զբօսաշրջութեան, շրջակայ միջավայրի պաշտպանութեան, առողջապահութեան, գիւղատնտեսութեան, կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի ոլորտներում: Յայտարարութեան մէջ պատրաստակամութիւն է յայտնւում էլ աւելի ակտիւացնելու համագործակցութիւնը եւ ամէն ինչ անելու տարածաշրջանի խաղաղ ու կայուն զարգացման համար: Օրակարգային յաջորդ հարցը վերաբերում էր տեղեկատուական ու հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանը: Հարցի վերաբերեալ ելոյթներ ունեցան ազգային պատուիրակութիւնների ղեկավարներն ու միջազգային տարբեր կառոյցների ներկայացուցիչներ: Բոլորն էլ իրենց ելոյթներում կարեւորեցին այս ոլորտի առաջանցիկ զարգացման անհրաժեշտութիւնը, տեղեկատուական ու հեռահաղորդակցման դերը ժամանակակից քաղաքակրթութեան ու տնտեսութեան տարբեր ոլորտների զարգացման գործում: Գրեթէ բոլորն էլ համոզմունք յայտնեցին, որ անդամ երկրների ձեռքբերումներն այս ոլորտում կիրառական առումով աւելի արդիւնաւէտ կը լինեն, եթէ համատեղ զարգացման ու համագործակցութեան ծրագրեր իրականացուեն: Երկրորդ նիստում ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովը քննարկեց եւ հաստատեց երեք մշտական յանձնաժողովների գործունէութեան ոլորտներին առնչուող զեկոյցնէր ու առաջարկութիւններ` ՍԾՏՀ անդամ երկրների հարկային համակարգի կատարելագործման, կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործման, կրթական ամակարգի ու երեխաների պաշտպանութեան խնդիրների վերաբերեալ: Պատգամաւորները հաստատեցին նաեւ Ստամբուլում եւ Թբիլիսիում քննարկուած մի շարք փոփոխութիւններ ու լրացումներ, այդ թւում` վեհաժողովի ղեկավար կազմի ընտրութեան կարգի վերաբերեալ: ՍԾՏՀ ԽՎ գլխաւոր քարտուղար Կիրիլոյ Տրետեակը մեծ ներդրման ու վեհաժողովի աշխատանքներին աջակցելու համար շնորհակալագրով պարգեւատրեց ԽՎ նախագահի տեղակալ Արեգ Ղուկասեանին: Վերջինս շնորհակալութիւն յայտնեց բարձր գնահատականի ու համագործակցութեան համար` իր գործընկերներին յետագայում եւս մաղթելով արդիւնաւէտ աշխատանք: 39-րդ լիագումար նիստի աշխատանքներն ամփոփելով` Հայաստանը ՍԾՏՀ ԽՎ նախագահութիւնը փոխանցեց Ադրբեջանին. խորհրդանշական մուրճը Արեգ Ղուկասեանը յանձնեց ադրբեջանական պատուիրակութեան ղեկավար Ասաֆ Հաջիեւին: ՍԾՏՀ ԽՎ աշնանային` 40-րդ նիստը կը կայանայ այս տարուայ նոյեմբերի 21-22-ին Բաքւում:
  -   Քաղաքական