28 ինքնաբացարկ ԲՀԿ համամասնական ցուցակից


28 ինքնաբացարկ ԲՀԿ համամասնական ցուցակից

  • 24-05-2012 18:43:38   | Հայաստան  |  Քաղաքական

Մայիսի 24-ին Կենտրոնական ընտրական յանձնաժողովն ինքնաբացարկի 28 դիմում է ստացել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւններին համամասնական ընտրակարգով «Բարգաւաճ Հայաստան»կուսակցութեան ցուցակում գրանցուած պատգամաւորութեան թեկնածուներից: Այս մասին «Նոյեան Տապան»-ի թղթակցին յայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինէ Յարութիւնեանը: Ինքնաբացարկ յայտնածների թւում են, մասնաւորապէս, նախարարներ Վարդան Վարդանեանը, Յարութիւն Քուշկեանը, Արթուր Գրիգորեանը, ԲՀԿ նախագահի մամլոյ խօսնակ Խաչիկ Գալստեանը, Հայաստանի քաղաքագէտների միութեան նախագահ Հմաեակ Յովհաննիսեանը, ԱԺ պատգամաւորներ Արամ Սաֆարեանը, Հրանտ Մադաթեանը, Արսէն Աւագեանը, Մշակոյթի նախկին նախարար Թամարա Պօղոսեանը: Յիշեցնենք, որ նոյն օրը Կըհ-ն ինքնաբացարկի 67 դիմում է ստացել Հայաստանի Հանրապետական կուսակցութեան համամասնական ցուցակում գրանցուած պատգամաւորութեան թեկնածուներից: Ինքնաբացարկ յայտնածների թւում են ՀՀԿ ընտրական ցուցակը գլխաւորած ՀՀ նախագահ, կուսակցութեան ղեկավար Սերժ Սարգսեանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը: Օրեր առաջ պաշտօնապէս ինքնաբացարկ էին յայտնել նաեւ «Հայ ազգային կ'ոնգրէս» կուսակցութիւնների դաշինքի ընտրական ցուցակը գլխաւորող` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-պետրոսեանը, նոյն ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող` «Հանրապետութիւն» կուսակցութեան նախագահ Արամ Սարգսեանը, «Օրինաց երկիր» կուսակցութեան նախագահ, ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը (ՕԵԿ ցուցակի առաջին հորիզոնական), ՕԵԿ փոխնախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմէն Երիցեանը (երրորդ հորիզոնական), ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանը (չորրորդ հորիզոնական), «Ժառանգութիւն» կուսակցութեան ընտրական ցուցակի 41-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամաւորութեան թեկնածու, գորժող ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալաւերդեանը: Նշենք նաեւ, որ ՀՀ Կըհ-ն մայիսի 24-ին հանդէս է եկել յայտարարութեամբ` մայիսի 6-ի ԱԺ ընտրութիւնների արդիւնքում համամասնական ընտրակարգի համար նախատեսուած մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցութիւններին, կուսակցութիւնների դաշինքին յորդորելով համամասնական ընտրակարգով պատգամաւորութեան թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները ԿԸՀ ներկայացնել մինչեւ մայիսի 25-ը` ժամը 18:00-ն: Այդ ժամկէտի աւարտից յետոյ ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովը կը կազմի արձանագրութիւն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամաւորներ ընտրուելու վերաբերեալ:
  -   Քաղաքական