28-05-2012 11:22:33 | Հայաստան | Հայտարարություններ
Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցների յայտարարութիւնը Կեչառիս վանական համալիրի հարեւանութեամբ կառուցուող ռեստորանային համալիրի շինարարութեան վերաբերեալ.
«Կեչառիսի վանքային համալիրը միջնադարեան Հայաստանի նշանաւոր կրօնական ու մշակութային կենտրոններից էր: Կեչառիսում ապրել եւ գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակեանը, Խաչատուր Կեչառեցին եւ ուրիշներ: Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է Ս. Յարութիւն փոքրիկ եկեղեցին, որը կառուցուել է 1220թ.-ին: Արեւմտեան ճակատին կից գաւիթը եկեղեցու յօրինուածքի հետ արտաքինից մի ամբողջութիւն է կազմում:
Եւ այս պատմամշկութային երկու արժէքների միջեւ ներկայումս կառուցւում է ժամանցային համալիր, որն ակնյայտօրէն արժէզրկում է մշակութային համալիրի պատմական նշանակութիւնը եւ կարող է իր գործունէութեամբ բացասական ազդեցութիւն ունենալ տարածքի ընդհանուր հոգեւոր եւ բարոյական միջավայրի վրայ: Մեր շրջայցի ժամանակ հաւանաբար մասամբ գործող կիսակառոյց հաստատութիւնից արդէն իսկ հնչում էր հայալեզու մուղամ:
Մենք` համաժողովի մասնակից գրողներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մեր դժգոհութիւնն ու վրդովմունքը յայտնելու վերոնշեալ տարածքում կատարուող շինարարութեան դէմ: Պահանջում ենք դադարեցնել շինարարութիւնը եւ պատկան մարմիններից ակնկալում ենք հետեւողականութիւն նշեալ տարածքում ցանկացած տեսակի շինարարութեան օրինականացման եւ իրագործման հարցում:
Դիմում ենք`
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին
ՀՀ վարչապետին
ՀՀ մշակոյթի նախարարին
Կոտայքի մարզպետին
ծաղկաձորի քաղաքապետին»: