Հարկաւոր է դադարեցնել Կեչառիս վանական համալիրի հարեւանութեամբ կառուցուող ռեստորանային համալիրի շինարարութիւնը


Հարկաւոր է դադարեցնել Կեչառիս վանական համալիրի հարեւանութեամբ կառուցուող ռեստորանային համալիրի շինարարութիւնը

  • 28-05-2012 11:22:33   | Հայաստան  |  Հայտարարություններ

Երիտասարդ գրողների 10-րդ համաժողովի մասնակիցների յայտարարութիւնը Կեչառիս վանական համալիրի հարեւանութեամբ կառուցուող ռեստորանային համալիրի շինարարութեան վերաբերեալ. «Կեչառիսի վանքային համալիրը միջնադարեան Հայաստանի նշանաւոր կրօնական ու մշակութային կենտրոններից էր: Կեչառիսում ապրել եւ գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակեանը, Խաչատուր Կեչառեցին եւ ուրիշներ: Կեչառիսից 120 մ հեռու կանգուն է Ս. Յարութիւն փոքրիկ եկեղեցին, որը կառուցուել է 1220թ.-ին: Արեւմտեան ճակատին կից գաւիթը եկեղեցու յօրինուածքի հետ արտաքինից մի ամբողջութիւն է կազմում: Եւ այս պատմամշկութային երկու արժէքների միջեւ ներկայումս կառուցւում է ժամանցային համալիր, որն ակնյայտօրէն արժէզրկում է մշակութային համալիրի պատմական նշանակութիւնը եւ կարող է իր գործունէութեամբ բացասական ազդեցութիւն ունենալ տարածքի ընդհանուր հոգեւոր եւ բարոյական միջավայրի վրայ: Մեր շրջայցի ժամանակ հաւանաբար մասամբ գործող կիսակառոյց հաստատութիւնից արդէն իսկ հնչում էր հայալեզու մուղամ: Մենք` համաժողովի մասնակից գրողներս, մեր քաղաքացիական պարտքն ենք համարում մեր դժգոհութիւնն ու վրդովմունքը յայտնելու վերոնշեալ տարածքում կատարուող շինարարութեան դէմ: Պահանջում ենք դադարեցնել շինարարութիւնը եւ պատկան մարմիններից ակնկալում ենք հետեւողականութիւն նշեալ տարածքում ցանկացած տեսակի շինարարութեան օրինականացման եւ իրագործման հարցում: Դիմում ենք` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին ՀՀ վարչապետին ՀՀ մշակոյթի նախարարին Կոտայքի մարզպետին ծաղկաձորի քաղաքապետին»:
  -   Հայտարարություններ