Միջոցառումներ Ռումինիայում` նուիրուած Հանրապետութեան տօնին


Միջոցառումներ Ռումինիայում` նուիրուած Հանրապետութեան տօնին

  • 28-05-2012 18:20:34   |   |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 27-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանութեան եւ Ռումինիայի Հայոց միութեան համատեղ կազմակերպմամբ Բուխարեստում տեղի ունեցան Հանրապետութեան տօնին նուիրուած հանդիսութիւններ: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից յետոյ Հայոց միութեան մշակութային կենտրոնում բացուեց ցուցադրութիւն: Հայոց պետականութեան վերականգնման, այդ իրադարձութիւնների հետ ռումինահայոց առնչութիւնների, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիայի կողմից Հայաստանի անկախութեան ճանաչման մասին ելոյթներով հանդէս եկան դեսպան Համլէտ Գասպարեանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Յակոբեանը եւ Ռումինիայի Հայոց միութեան նախագահ սենատոր Վարուժան Ոսկանեանը: Օրուայ հիմնական բանախօս, ճանաչուած գրող եւ լրագրող Վարդան Առաքէլեանը արխիւային հետազօտութիւնների հիման վրայ մանրամասնէր ներկայացրեց 1920թ. Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ Հայաստանի Գլխաւոր/ Պատուաւոր հիւպատոսութեան գործունէութեան վերաբերեալ: Սենատոր Վարուժան Ոսկանեանը յայտարարեց, որ ինքը, Ռումինիայի Հայոց միութեան փոխնախագահ, Խորհրդարանի անդամ Վարուժան Փամբուկչեանը եւ ՌՀՄ շրջանային ղեկավարներ դիմում են ներկայացրել Հայաստանի քաղաքացիութիւն ձեռքբերելու համար: Այնուհետեւ Հանրապետութեան տօնին նուիրուած ժողովրդային հանդէս տեղի ունեցաւ Բուխարեստի Հանուլ Մանուկ համալիրում: Նշանաւոր այդ իջեւանատունը 1809թ. կառուցել է ժամանակին Բալկաններում մեծահարուստ եւ ազդեցիկ մարդկանցից մէկը` Մանուկբէյ Միրզայեանը: «Եթէ մենք լաւ ճանաչենք մեր պատմութիւնը եւ մեր արժէքները, ապա հպարտանալու իրաւունք կ'ունենանք` համոզուելով, թէ ինչ տոկուն եւ օժտուած ժողովուրդ ենք, ինչ վիթխարի ներդրում ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթութեան մէջ` Կովկասից մինչեւ Կապադովկիա, Պոնտոսից մինչեւ Միջերկրական, Միջագետքից մինչեւ Բալկաններ: Այս գիտակցումը կ'ամրապնդի եւ կը հարստացնի մեր հայկական ինքնութիւնը` մեր անձին տալով յաւելեալ մի արժէք, որն այսօրուայ մրցակցութեան պայմաններում հանրային թէ անձնական յաջողութեան երաշխիք է: Պատմութիւնն այնպէս է արել, որ մեր ժողովրդի առջեւ դրել է շատ մեծ խնդիրներ, այնպիսիք, որոնց յաղթահարումը իւրաքանչիւրիս կեանքը դարձնում է իւրատեսակ առաքելութիւն: Իմ կարծիքով, դա եւ պարտականութիւն է, եւ բախտ. դրանով մեր հայկական կեանքի իմաստը խորանում է, մեզ գործելու լրացուցիչ լիցք հաղորդում»,- ռումինահայերին ուղղուած իր խօսքում ասաց դեսպան Համլէտ Գասպարեանը: Տեղեկանք: Ռումինիան, ի շարս Սեւրի հաշտութեան պայմանագիրն ստորագրած այլ երկրների, Հայաստանի անկախութիւնը ճանաչել է այդ ակտով, 1920թ. օգոստոսի 10-ին, ինչի մասին վկայում է 1920թ. հոկտեմբերի 29-ին Ռումինիայի ԱԳՆ կողմից կազմուած մի տեղեկանք: Սակայն մինչ Սեւրի պայմանագրի ստորագրումը, 1920թ. յունիսի 11-ին Հայաստանի վարչապետ, արտաքին գործերի նախարար Հ. Օհանջանեանը նամակով դիմել է դաշնակից երկրներին, այդ թւում նաեւ Ռումինիային, նախկին վարչապետ Ալեքսանդր Խատիսեանին հաւատարմագրելու որպէս Հայաստանի կառավարութեան լիազօր ներկայացուցիչ: Վերջինս իր հաւատարմագրերը Ռումինիայի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել 1920թ. սեպտեմբերի 21-ին: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, Բուխարեստում բացուել է Հայաստանի Պատուաւոր հիւպատոսութիւն, որը գործել է նոյնիսկ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, որպէս Հայաստանի աքսորեալ կառավարութեան ներկայացուցչութիւն: Օրինակ, 1925թ. սեպտեմբերի 5-ին Ռումինիայի արտաքին գործերի նախարարին ուղղուած մի գրութեամբ Փարիզում Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան ղեկավար Ալեքսանդր Խատիսեանը տեղեկացնում է Բուխարեստում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոս Յարութիւն Խընդիրեանի լիազօրութիւնները դադարեցնելու եւ դրանք ժամանակաւորապէս Ռումինիայի Հայոց միութեան նախագահ Արմէնակ Մանիսալեանին փոխանցելու մասին եւ խնդրում հաւատարմագրել վերջինիս:
  -   Մամլո հաղորդագրություն