Նիդերլանդների Ալմելոյ քաղաքում` տեղի ունեցաւ տօնական միջոցառում` նուիրուած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 94-ամեակին եւ Շուշիի ազատագրման 20-ամեայ յոբելեանին


Նիդերլանդների Ալմելոյ քաղաքում` տեղի ունեցաւ տօնական միջոցառում` նուիրուած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 94-ամեակին եւ Շուշիի ազատագրման 20-ամեայ յոբելեանին

  • 29-05-2012 14:37:48   |   |  Քաղաքական

Մայիսի 26-ին, Նիդերլանդների Ալմելոյ քաղաքում` «Գալուստ Գիւլբենկեան» սրահում, տեղի ունեցաւ տօնական միջոցառում` նուիրուած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 94-ամեակին եւ Շուշիի ազատագրման 20-ամեայ յոբելեանին: Միջոցառումը կազմակերպուել էր Հոլանդիայի ՀՅԴ Արամ Մանուկեան կոմիտէի կողմից: Հանդիսութեանն ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը: Իր ելոյթում նա անդրադարձաւ առաջին հանրապետութեան կաեւորութեանն ու դասերին եւ դրանց արտացոլմանը հայ ժողովրդի նորագոյն պատմութեան մէջ: Դեսպանը մասնաւորապէս նշեց. «չնայած աննախադէպ դժուարութիւններին, տնտեսական լիակատար շրջափակմանն ու անկմանը, հայ ժողովուրդը կարողացաւ յաղթանակ գրանցել ղարաբաղեան ճակատում: Եւ դա միասնականութեան ու յանուն ազգային գաղափարի անմնացորդ նուիրման բացարձակ դրսեւորումն էր: Այդ յաղթանակը հնարաւոր դարձաւ, որովհետեւ աշխարհասփիւռ հայ ժողովուրդը կարողացաւ բռունցք դառնալ` մի կողմ թողնելով տարաձայնութիւններն ու տարբերակուող մօտեցումները, եւ իւրաքանչիւրն իր տեղում, իր մասով իր նպաստը բերել ազգի ու պետութեան պահպանման ու գոյատեւման գործինէ: Շնորհաւորելով ներկաներին` դեսպանը մաղթեց, որպէսզի նախնիների միասնականութեան, արժանապատուութեան, ազնուութեան ու արարման յորդորները առաջնորդող լինեն` դառնալով 21-րդ դարում հայ ժողովրդի բարգաւաճման ու բարեկեցութեան բանալին: Նա կոչ արեց հայրենակիցներին` «ճանաչել սեփականը, մեծագոյն գնահատանքով ու գորովանքով վերաբերուել այն պատմական, մշակութային ու արժէքային ժառանգութեանը, որ փոխանցուել է մեզ մեր նախնիներից, եւ, դրանցով սնելով, հայ ժողովրդի արժանի զաւակներ մեծացնել»: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, Տօնական միջոցառմանը ցուցադրուեց Շուշիի ազատագրման վերաբերեալ վաւերագրական ֆիլմ: Այն շարունակուեց համերգով, որին ազգային-հայրենասիրական երգերի կատարմամբ հանդէս եկաւ յայտնի երգիչ Գառնիկ Սարգսեանը:
  -   Քաղաքական