Էդուարդ Նալբանդեանը Քերոլայն Քօքսին ներկայացրեց արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները
29-05-2012 16:18:27 | Հայաստան | Քաղաքական
Մայիսի 28-ին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Միացեալ Թագաւորութեան լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քօքսին:
Ողջունելով բարոնուհուն` նախարար Նալբանդեանը բարձր գնահատեց տարիներ ի վեր Քերոլայն Քօքսի ցուցաբերած աջակցութիւնը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծաւալած մարդասիրական գործունէութիւնը եւ երախտագիտութիւն յայտնեց բարոնուհուն իր հայանպաստ գործունէութեան համար:
Բարոնուհի Քօքսը, շնորհակալութիւն յայտնելով ջերմ խօսքերի համար, ասաց, որ շարունակելու է իր գործունէութիւնը ի նպաստ հայ-բրիտանական յարաբերութիւնների ամրապնդման:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, զրոյցի ընթացքում քննարկուեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցութեանը վերաբերող հարցեր:
Քերոլայն Քօքսի խնդրանքով Էդուարդ Նալբանդեանը ներկայացրեց արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները: