ՀՀ մշակոյթի նախարարութեան եւ Երեւանի քաղաքապետատարանի համատեղ մամլոյ հաղորդագրութիւնը


ՀՀ մշակոյթի նախարարութեան եւ Երեւանի քաղաքապետատարանի համատեղ մամլոյ հաղորդագրութիւնը

  • 29-05-2012 17:05:16   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մաշտոցի պողոտայի N 5 հասցէում գտնուող Կենտրոնական ծածկած շուկայի շէնքի շուրջ ստեղծուած իրավիճակի վերաբերեալ Ս. թ. մայիսի 27-ի երեկոյեան քանդուել են Երեւան քաղաքի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձանների ցանկում ընդգրկուած Մաշտոցի պողոտայի N 5 հասցէում գտնուող Կենտրոնական ծածկած շուկայի յետնամասի ներքին հատուածի երկաթբետոնեայ կամարաձեւ կոնստրուկցիաները: Նոյն օրը ՀՀ մշակոյթի նախարարութեան աշխատակազմի մասնագէտների ծածկած շուկայի տարածք այցի արդիւնքում արձանագրուել է 6 կամարաձեւ թաղերի փլուզում: Ըստ <<Երեւանի թիւ 1 շուկայ>> ՍՊԸ տնօրինութեան` Մաշտոցի պողոտայի կողմից ստորգետնեայ /հիմքերի/ հատուածում ուժեղացման համար իրականացուող նախապատրաստական աշխատանքների ժամանակ յայտնաբերուել է, որ շինութեան նախկինում քանդուած յետնամասի հատուածում առկա երկաթբետոնեայ կամարաձեւ կոնստրուկցիաներում առաջացել են տեղային փլուզման երեւոյթներ: Անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար կ'առուցապատողի կողմից որոշուել է անյապաղ քանդել փլուզուող մէկ կամարը, սակայն քանդման աշխատանքներ իրականացնելիս վնասուել եւ յետագայում փլուզուել են նաեւ մինչեւ դեֆորմացիոն կար հասնող, միմեանց հետ կապակցուած յաջորդ միաձոյլ կողաւոր թաղերը: Հաշուի առնելով այն հանգամանքը, որ փաստացի վիճակը պահանջում էր համապատասխան կառոյցների հրատապ միջամտութիւն` մայիսի 27-ի երեկոյեան աշխատանքները դադարեցուել են եւ մայիսի 28-ին շինութեան առկայ վիճակի վերաբերեալ ՀՀ մշակոյթի նախարարութեան, Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչութիւնների ներկայացուցիչների եւ հրաւիրուած մասնագէտների կողմից տեղում կատարուել է առկայ վիճակի ուսումնասիրութիւն եւ կազմուել է փաստագրման արձանագրութիւն: Յիշեցնում ենք, որ կառուցապատողն ունէր միայն ստորգետնեայ հատուածի վերաբերեալ շինարարական թոյլտւություն, եւ Ծածկած շուկայի ստորգետնեայ աւտոկայանատեղիի ու պահեստային տարածքի կառուցման աշխատանքներն իրականացւում էին Մշակոյթի նախարարութեան եզրակացութեան հիման վրայ` Երեւանի քաղաքապետարանի կողմից 30. 03. 2012 թ. համաձայնեցուած աշխատանքային նախագծով: Դեռեւս մայիսի 26-ին ՀՀ մշակոյթի նախարարութեան աշխատակիցը այցի ժամանակ փաստել էր, որ աշխատանքները իրականացւում են միայն ստորգետնեայ հատուածում: Միաժամանակ յայտնում ենք, որ նախկինում շինութիւնում կատարուած անօրինական շինարարական աշխատանքները դադարեցուել էին եւս 2 անգամ: Դեռեւս սոյն թուականի մարտի 7-ին ՀՀ մշակոյթի նախարարութեան գիտամեթոդական խորհրդում քննարկուել էր շուկայի վերգետնեայ հատուածի վերակառուցման ուժեղացման եւ վերականգնման էսքիզային նախագիծը` կից ներկայացուած Ծածկած շուկայի շէնքի տեխնիկական վիճակի վերաբերեալ <<Քաղսեյսմշին հետազօտում>> ՍՊԸ-ի կողմից 30. 05. 2011 թ. տրուած եզրակացութեամբ (այստեղ շէնքը գնահատուած է որպէս 3-րդ աստիճանի վթարային կառոյց): Գիտամեթոդական խորհուրդը, հաշուի առնելով շինութեան առկայ փոփոխուած իրավիճակը եւ ելնելով շուկայի յետագայ անվտանգ շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներից, առաջարկել է ՀՀ մշակոյթի նախարարութեանը դիմել ՀՀ քաղաքաշինութեան նախարարութեանը շինութեան տեխնիկական վիճակի վերաբերեալ մասնագիտական եզրակացութիւն ստանալու համար: Ս. թ. մարտի 30-ին ՀՀ քաղաքաշինութեան նախարարութիւնը ներկայացրել է <<Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ>> ԲԲ ընկերութեան կողմից շուկայի տեխնիկական վիճակի եւ վերակառուցման հնարաւորութիւնների վերաբերեալ եզրակացութիւնը, որում շինութեան վիճակը գնահատուել է խիստ վթարային, եւ առաջարկուել է ապամոնտաժել առկայ երկաթբետոնեայ կոնստրուկցիաներն ու դրանք փոխարինել նորերով: Խնդրին օրէնքով սահմանուած կարգով ընթացք տալու նպատակով ՀՀ մշակոյթի նախարարութիւնը Երեւանի քաղաքապետարանին տրամադրել է վերոնշեալ եզրակացութիւնները եւ Ծածկած շուկայի վերակառուցման ու վերայատակագծման էսքիզային նախագիծը` խնդրելով կազմել եւ ՀՀ մշակոյթի նախարարութեան համաձայնեցմանը ներկայացնել Կենտրոնական ծածկած շուկայի ճարտարապետայատակագծային առաջադրանքի նախագիծը, որում հաշուի կ'առնուեն տրուած տեխնիկական եզրակացութիւնների պահանջները ու յուշարձան-շենքի արտաքին եւ ներքին տարածքի գեղարուեստական, ճարտարապետական ու ծաւալատարածական լուծումները: Քաղաքապետարանի կողմից կազմուած ճարտարապետայատակագծային առաջադրանքի նախագիծը նախարարութեան դիտողութիւններով եւ առաջարկութիւններով վերադարձուել է ս/թ ապրիլի 17-ին` լրամշակման: Միեւնոյն ժամանակ Երեւանի քաղաքապետարանը հարցը քննարկել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական եւ ինժեներական յանձնաժողովումներում: Շինարարական աշխատանքների արդիւնքում ստեղծուած արտակարգ իրավիճակից ելնելով` շուկայի տարածքում աշխատանքները դադարեցուել են: ՀՀ մշակոյթի նախարարի եւ Երեւանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծուել է յանձնաժողով, որը հրատապ կ'ուսումնասիրի ստեղծուած իրավիճակը, կը ներկայացնի համալիր առաջարկութիւններ իրականացուելիք միջոցառումների վերաբերեալ: Յանձնաժողովի եզրակացութեան արդիւնքներով ՀՀ մշակոյթի նախարարութիւնը եւ Երեւանի քաղաքապետարանը կը քննարկեն իրաւապահ մարմիններին դիմելու նպատակայարմարութիւնը:
  -   Տնտեսութիւն