ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը պաշտօնական այցով ժամանել է Ճապոնիայ
05-06-2012 16:18:29 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Սենդայ քաղաքում Նախագահն այցելել է «Յուրիագե-հիյորիյամա» յուշահամալիր, յարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհուածների յիշատակին: Սերժ Սարգսեանը ծանօթացել է աղէտի հետեւանքները վերացնելու ուղղութեամբ կատարուած աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակաւոր կացարանները ներառող համայնք եւ Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ:
Նախագահն իր եւ պատուիրակութեան անունից ողջունել է աղէտից տուժած Սենդայի բնակիչներին եւ նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը: Սերժ Սարգսեանն ընդգծել է, որ մօտ մէկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցուած էին եւ ուշի-ուշով հետեւում ու աղօթում էին Ճապոնիայի ժողովրդի համար: «Այդ ժամանակ Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում հոգեհանգստեան պատարագ մատուցուեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղօթքներին միացան հազարաւոր հայեր եւ աղօթեցին բոլոր զոհերի յիշատակի համար:
Մենք գիտակցում եւ ընկալում էինք բնութեան այդ արհաւիրքի ողջ ծանրութիւնը: Դուք բազմաթիւ հարազատներ ու մտերիմներ էք կորցրել, եւ ես գլուխ եմ խոնարհում նրանց յիշատակի առջեւ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսեանը:
Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնութիւնն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժուարութիւնների միջով անցնում` միաժամանակ յաղթահարելով աւերիչ երկրաշարժի հետեւանքները: Սերժ Սարգսեանը վստահութիւն է յայտնել, որ պատմութեան ընթացքում մեծ արհաւիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժուարութիւնն էլ կը յաղթահարեն եւ Ճապոնիայի կառավարութիւնը ժողովրդի հետ միասին կը կարողանայ լիովին վերացնել աղէտի հետեւանքները:
«Ճապոնիայի ժողովուրդն այս փորձութիւնից աւելի կոփուած է դուրս գալու: Ցանկանում եմ, որ բոլորն ունենան իրենց տանիքը, տներում մանկան ճիչ լսուի, ընտանիքները լցուեն ջերմութեամբ ու խաղաղութեամբ»,-ասել է Սերժ Սարգսեանը:
Սենդայում Հանրապետութեան ղեկավարին ներկայացրել են նաեւ ցունամիի հետեւանքով աւերուած օդանաւակայանում իրականացուած վերականգնողական աշխատանքները:
Նախագահ Սերժ Սարգսեանն այնուհետեւ Սենդայից մեկնել է Տոկիոյ, որտեղ վաղը` յունիսի 6-ին, կը մեկնարկեն Հանրապետութեան ղեկավարի հանդիպումները Ճապոնիայի բարձրագոյն ղեկավարութեան հետ: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից: