ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի պաշտօնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետութիւն


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի պաշտօնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետութիւն

  • 08-06-2012 15:08:54   |   |  Քաղաքական

Պաշտօնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետութիւնում գտնուող Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր առաւօտեան նախ այցելել է Զոհուած հերոսների յուշարձան եւ Հոյ Շի Մինի դամբարան, ծաղկեպսակներ դրել եւ յարգանքի տուրք մատուցել: Վիետնամի նախագահի նստավայրում այնուհետեւ տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Չիոնգ Տան Շանգի հանդիպումը, որին յաջորդել է հայ-վիետնամական երկկողմ յարաբերութիւնների զարգացմանն ուղղուած փաստաթղթերի ստորագրման արարողութիւնը: Մասնաւորապէս ստորագրուել են` ՀՀ կառավարութեան եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետութեան կառավարութեան միջեւ դիւանագիտական կամ պաշտօնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտօնագրի պահանջից ազատելու մասին, ՀՀ կառավարութեան եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետութեան կառավարութեան միջեւ տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցութեան մասին hամաձայնագրեր եւ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան ու Վիետնամի Սոցիալիստական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան միջեւ համագործակցութեան մասին արձանագրութիւն: Փաստաթղթերի ստորագրման արարողութիւնից յետոյ, երկու երկրների ղեկավարները հանդիպում են ունեցել զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ` ամփոփել բանակցութիւնների արդիւնքները: Նախագահ Սերժ Սարգսեանը եւ Չիոնգ Տան Շանգն ընդգծել են, որ Վիետնամը եւ Հայաստանն աւանդական սերտ բարեկամական կապեր եւ դինամիկ զարգացող քաղաքական երկխօսութիւն ունեն, յաջողութեամբ համագործակցում են միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում, սակայն տնտեսական յարաբերութիւնների մակարդակը դեռեւս չի համապատասխանում հայ-վիետնամական քաղաքական յարաբերութիւնների մակարդակին եւ առկայ ներուժին: Հայաստանի եւ Վիետնամի նախագահները տնտեսական փոխգործակցութեան զարգացման համար կարեւորել են իրաւապայմանագրային անհրաժեշտ դաշտի ստեղծումը: Այսօր ստորագրուած փաստաթղթերը երկու երկրների ղեկավարներն այդ ուղղութեամբ արուած առաջին քայլն են համարել: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել երկու երկրների կողմից միջկառավարական յանձնաժողովներ ձեւաւորելու մասին, ինչը, կողմերի համոզմամբ, աւելի գործնական հարթութիւն կը տեղափոխի տարբեր ոլորտներում հայ-վիետնամական համագործակցութիւնը: Հեռանկարային է համարուել առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, անվտանգութեան, պաշտպանութեան, կրթութեան, կադրերի պատրաստման, իրաւապահ մարմինների միջեւ փոխգործակցութեան, զբօսաշրջութեան, մշակոյթի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցութեան զարգացումը: Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Չիոնգ Տան Շանգը հանդիպման աւարտին ընդգծել են, որ Հայաստանը եւ Վիետնամն ունեն յարաբերութիւններն ամրապնդելու եւ զարգացնելու քաղաքական կամք, ինչը երկու երկրների ժողովուրդների բարեկամութեան հետ միասին լաւ հիմք են ընդլայնելու եւ խորացնելու Հայաստանի եւ Վիետնամի միջեւ կապերը: Այդ նպատակով, նախագահները կարեւորել են նաեւ երկու երկրներում դիւանագիտական ներկայացուցչութիւնների հիմնումը: Վիետնամի նախագահը շնորհակալութիւն է յայտնել Հայաստանին` իր երկրի համար դժուարին ժամանակներում` դեռեւս խորհրդային տարիներին, Վիետնամին ցուցաբերած օգնութեան, ինչպէս նաեւ հայաստանեան բուհերում վիետնամցի բազմաթիւ ուսանողների համար պատշաճ կրթութեան ապահովման համար: Նախագահ Չիոնգ Տան Շանգի հաւաստմամբ, այդ բուհերի շրջանաւարտներից շատերը վերադառնալով Վիետնամ, մեծ ներդրում են ունեցել երկրի վերականգնման ու զարգացման գործում եւ այժմ էլ շարունակում են իրենց գիտելիքներով ու փորձով օգտակար լինել Վիետնամին: Երկու երկրների նախագահները հայ եւ վիետնամցի ժողովուրդների բարեկամութեան ամրապնդման գործում կարեւորել են հայաստանեան բուհերի յիշեալ շրջանաւարտների դերը: Նախագահ Սերժ Սարգսեանը Հանոյում այսօր հանդիպում է ունեցել նաեւ նրանց հետ, ովքեր մայրաքաղաք Հանոյ են ժամանել երկրի տարբեր բնակավայրերից: Վիետնամցի շրջանաւարտները շնորհակալութիւն են յայտնել Հանրապետութեան նախագահին հանդիպման հնարաւորութեան համար եւ նշել, որ Վիետնամում հայաստանեան բուհերի հազարից աւելի շրջանաւարտներ կան, ովքեր մինչեւ այժմ հետաքրքւում են Հայաստանով, հետեւում նրա զարգացումներին: Նախագահ Սերժ Սարգսեանի հետ ջերմ եւ անմիջական զրոյցի ընթացքում հայաստանեան բուհերի վիետնամցի շրջանաւարտները պատմել են Երեւանի մասին իրենց տպաւորութիւնները, յիշել այնտեղ անցկացրած ուսանողական տարիները եւ ցանկութիւն յայտնել կրկին այցելել Հայաստան: Հանրապետութեան ղեկավարը նրանց բոլորին սիրով հրաւիրել է Երեւան, ներկայացրել, թէ ինչպիսին է այժմ ժամանակակից Հայաստանը, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: նախագահը Հանոյում այցելել է նաեւ Գրականութեան տաճար: «կրթութեան այս հազարամեայ տաճարը վկայում է գիտելիքի հանդէպ վիետնամցի ժողովրդի տածած ակնածանքի եւ սիրոյ մասինէ,-գրականութեան տաճարում շրջայցից յետոյ Պատուաւոր հիւրերի գրքում գրառում է կատարել Նախագահ Սերժ Սարգսեանը:Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
  -   Քաղաքական