ԱԺ «ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Զարուհի Փոստանջեանի յայտարարութիւնը


ԱԺ «ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Զարուհի Փոստանջեանի յայտարարութիւնը

  • 08-06-2012 17:06:00   | Հայաստան  |  Հայտարարություններ
 Ստորեւ ներկայացնում ենք «Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Զարուհի Փոստանջեանի յունիսի 10-ի յայտարարութիւնը Հանրային հեռուստաընկերութեան «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում. «Հայկական բարձրաւանդակի շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր հողակտորում երկու տասնամեակ է, ինչ ձեւաւորուել է հայկական պետական իշխանութիւն, ինչը բաւարար պայման է ամուր հայկական պետականութիւն ստեղծելու համար: Սակայն իրականութիւնը տխուր է, քանի որ այդպէս էլ այս 20 տարիների ընթացքում մեզ չյաջողուեց ստեղծել արդիւնաւէտ գործող հայկական պետութիւն, որը պէտք է սպասարկէր քաղաքացու եւ մեր ազգային շահը, որը պէտք է հիմք հանդիսանար մեր հայրենակիցների Մեծ վերադարձի: 2012 թուականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւններում ՀՀ հարիւր հազարաւոր քաղաքացիներ իրենց ձայնը տուել են ընդդիմութեանը: Այն ուռճացուած ցուցակները, որոնք հրապարակուեցին եւ քուէներ գրուեցին այս կամ այն կուսակցութեան օգտին, կրկին արձանագրեցին դե-ֆակտոյ խորհրդարանի առկայութիւն, որը կապ չունի մեր ժողովրդի շահերի հետ: 2012 թուականի մայիսի 6-ին ցաւալի եւ ողբերգական իրողութեանը ականատես դարձանք. մեր հայրենակիցներին անձեն եւ անզէն ստրուկ-մարդ կարգավիճակով իշխող կուսակցութիւնների ներկայացուցիչները շարասիւնով տեղափոխում էին ընտրատեղամաս` իրենց վերարտադրութիւնն ապահովելու համար: Իրենց հայրենակիցներին սեփական հայրենիքում հայ իշխանաւորները կրկին պարտադրեցին ստրկութիւն, սեփական ժողովրդին իրենց կամքին ենթարկեցին բռնութեան, գումարային փշրանքների եւ կեղծ բարեգործութեան միջոցով: Օրինակելի դրօշի առաջնորդութեամբ մենք կարող ենք հասնել մեր նպատակներին` աւերակ դարձած մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ վերածննդի օրուան: Օրինակելի դրօշը ազատութեան եւ արդարութեան վերականգնման համար պայքարն է: Յանուն այդ դրօշի ապրում եւ մեռնում են, դա միակ բանն է, որի համար մարդիկ պատրաստ են զոհուել զանգուածներով, եթէ նրանց այդպէս են դաստիարակում: Մենք շուրջ 20 տարի առաջ պատրաստ էինք մեռնել մեր հայրենիքի ազատագրման համար, պատարաստ էինք, քանի որ մեզ այդպէս էին դաստիարակել: Ներկայումս մեզ մնում է անհանդուրժող լինել արիւնակից, բայց յանցաւոր իշխանաւորների նկատմաբ: Մենք պէտք է անցնենք գործի. ազատ եւ արդար հայրենիքում ապրելու մեր իրաւունքը պէտք է դադարի լինել անհատների երազանքը, այն պէտք է դառնա զանգուածների երազանք: Մենք մեր ճանապարհը գիտենք` այն լուսաւոր է եւ մեզ ուղղորդող: 2012 թուականի մայիսի 6-ին տեղի ունեցած յանցագործութեան մասնակիցներին յայտարարում ենք` դուք մնացիք բռնապետութեան խաւարի մէջ ձեզ արժանի տեղում, բարով մնաք: Աշխարհի տարբեր կողմերից «պանդուխտ հայազգիք գալիս են դէպի իւրեաց Հայրենիքէ` ՆՈՐ Հայաստան»:
  -   Հայտարարություններ