Գրիշա Սարգսեան. «սահմանամերձ գիւղերի բնակիչների շրջանում խուճապ չկայ
09-06-2012 13:31:20 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Սահմանային իրավիճակին ծանօթանալու նպատակով, յունիսի 7-ին Տաւուշի մարզի սահմանագօտի էր այցելել պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը:
Յունիսի 8-ին նախարարը Նոյեմբերեանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեւան գիւղում մասնակցել է զոհուած ազատամարտիկների յուշաքարի բացմանը:
Միջոցառմանը մասնակցել է նաեւ «փառապանծ մարտիկներէ հասարակական կազմակերպութեան նախագահ Գրիշա Սարգսեանը` 30 հոգանոց կազմով:
Աւելի ուշ, Գրիշա Սարգսեանն իր ազատամարտիկ ընկերների հետ զրուցել են նախարարի հետ եւ առաջարկել առաջարկել իրենց աջակցութիւնը սահմանների պաշտպանութեան հարցում: Այս մասին HayNews.am-ի հետ զրոյցում, յայտնեց անձամբ «Փառապանծ մարտիկներ »-ի ղեկավարը:
Նախարար Օհանեանն ի պատասխան պնդել է, որ պահեստազօրայինների միջամտութեան կարիքն այս պահին չկայ եւ բանակն իր ժամկետայինների եւ պայմանագրայինների ներուժով ի զօրու է դիմագրաւել հակառակորդի իրականացրած սադրիչ գործողութիւններին: Պաշտպանութեան նախարարի հետ կարճատեւ հանդիպումից յետոյ, Գրիշա Սարգսեանն, իրեն ուղեկցող կազմով, եղել է Տաւուշի մարզի սահմանային հատուածներում եւ սահմանամերձ գիւղերում, որոնց մերձակայքում եւ ուղղութեամբ հակառակորդը դիւերսիոն գործողութիւններ էր իրականացրել եւ ինտենսիւ կրակահերթէր արձակել` խոշոր տրամաչափի զէնքերից:
Գրիշա Սարգսեանը վստահեցրեց, որ սահմանամերձ գիւղերի բնակիչների շրջանում խուճապ չկայ, շփման գծում էլ լարուածութեան թուլացում է նկատւում. «Մենք ասեցինք, ձեր թիկունքին ենք, իրենք էլ, թէ մենք մեր գիւղերից չեն հեռանալու, պէտք լինի մենք էլ զէնքով կը պաշտպանենք մեր հողերը»:
Յիշեցնենք, որ յունիսի 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հիւսիսարեւելեան հատուածում ադրբեջանական կողմը փորձել է ներթափանցել ՀՀ Տաւուշի մարզի Բերդաւան եւ Չինարի գիւղերի ուղղութեամբ տեղակայուած հայկական յենակէտեր:
Ձեռնարկուած միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողութիւնների արդիւնքում դիւերսիոն առաջխաղացումը կասեցուել է եւ տալով կորուստներ` հակառակորդը նահանջել է: Ադրբեջանական սադրիչ գործողութեան հետեւանքով, հայկական կողմը ցաւօք, ունեցաւ 3 զոհ եւ 6 վիրաւոր:
Այս դէպքերից յետոյ, հերթական անգամ գնդակոծման ենթարկուեցին Այգեպար, Մովսէս, Ներքին Կարմիրաղբիւր գիւղերը: