Յուլիսի 1-ից Հայաստանը պաշտօնապէս ստանձնում է Բոլոնիայի քարտուղարութեան պատասխանատուութիւնը


Յուլիսի 1-ից Հայաստանը պաշտօնապէս ստանձնում է Բոլոնիայի քարտուղարութեան պատասխանատուութիւնը

  • 11-06-2012 16:26:13   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Այ. Աշոտեան. առաջիկայ երեք տարիները բեկումնային են լինելու բարձրագոյն կրթութեան ոլորտի համար: ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի պաշտօնակատար Արմէն Աշոտեանը հանդիպում է ունեցել ՀՀ պետական բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ռեկտորների հետ, որի ընթացքում քննարկուել են ոլորտում առկայ մի շարք հարցեր: Ներկայացնելով հանդիպման օրակարգը` Արմէն Աշոտեանը նշել է, որ յուլիսի 1-ից Հայաստանը պաշտօնապէս ստանձնում է Բոլոնիայի քարտուղարութեան պատասխանատուութիւնը, եւ այդ ուղղութեամբ ձեռնարկւում են մի շարք միջոցառումներ` գործընթացի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով: Արմէն Աշոտեանը տեղեկացրել է, որ Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի հետամուտ խմբի հանդիպումների ընթացքում ներկայացուել են առաջիկայ երեք տարիների համար եւրոպական բարձրագոյն կրթական տարածքի գերակայութիւնները, որոնց իրագործման նպատակով իւրաքանչիւր երկրում, այդ թւում նաեւ Հայաստանում, կստեղծուէն համապատասխան աշխատանքային խմբեր: Այդ նպատակով նախարարի պաշտօնակատարը ռեկտորներին առաջարկել է ազգային խմբում ներգրաւելու համար ներկայացնել մէկական թեկնածու: Ա. Աշոտեանը եւս մէկ անգամ ռեկտորներին յիշեցրել է, որ առաջիկայ երեք տարիները բեկումնային են լինելու Հայաստանի բարձրագոյն կրթութեան ոլորտի համար, եւ մինչեւ 2015 թուականը, ըստ նախարարի պաշտօնակատարի, հայաստանեան բուհերը պարտաւոր են ի կատար ածել այդ ուղղութեամբ իրականացուող նուազագոյն ծրագիրը, մասնաւորապէս, որակի ապահովման, որակաւորումների ազգային շրջանակի, ինստիտուցիոնալ հաւատարմագրման համատեքստում: Բացի այդ, Արմէն Աշոտեանը ռեկտորներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը բոլոր բուհերում խստացնելու է իր վերահսկողական գործառոյթը. ոչ պետական բուհերում վերահսկողութիւնն իրականացուելու է "Լիցենզաւորման մասին" ՀՀ նոր օրէնքի դրոյթներին համապատասխան, իսկ պետական բուհերում` նախարարի հրամանով ստեղծուած աշխատանքային խմբի ուսումնասիրութիւնների միջոցով: Ա. Աշոտեանը յաւելել է, որ ուսումնասիրութիւնները վերաբերելու են բուհում կրթական գործընթացի կազմակերպման օրինաչափութեանը, օրինականութեանը եւ համապատասխանութեանը ՀՀ օրէնսդրութեանը, ՀՀ կառավարութեան որոշումների եւ ԿԳ նախարարի հրամանների իրականացմանը: Այդ առնչութեամբ նախարարի պաշտօնակատարը յանձնարարել է բուհերին տրամադրել ուսումնասիրութիւնների համապատասխան թերթիկը եւ ժամանակացոյցը: Միաժամանակ Արմէն Աշոտեանն ընդգծել է, որ կարգապահական խստացումներին զուգահեռ` պետութիւնը պատրաստ է աւելացնել բուհերի ազատութիւնները` հաշուետուողականութեան, կարգապահութեան եւ պատասխանատուութեան բարձրացմամբ: Նա տեղեկացրել է, որ մօտ ապագայում ՀՀ կառավարութեան նիստում կը քննարկուի ՀՀ պետական բուհերից մէկին` Պոակ-ի կարգավիճակից հիմնադրամի փոփոխելու հարցը: Ըստ Արմէն Աշոտեանի` վերոնշեալ փորձնական ծրագրով կ'որոշուի` որքանով է նման կարգավիճակն առաւել նպաստաւոր կրթական ծառայութիւնների մատուցման համար, եւ փորձարկման արդիւքներից է կախուած միւս բուհերի կարգայ վիճակի փոփոխութեան խնդիրը; Հանդիպման օրակարգի միւս հարցը վերաբերում էր Եւրամիութեան կողմից առաջարկուող Արեւելեան գործընկերութեան երկրների համար նախատեսուած ծրագրի կրթական բաղադրիչին, մասնաւորապէս, Տեմպուս եւ Էրազմուս-մունդուս ծրագրերի մասնակցութեան ընդլայնման, Եւրոպական մի շարք երկրներում շարժունութեան, երկկողմանի յարաբերութիւնների միջոցով միջբուհական համագործակցութեան, կրկնակի դիպլոմների, կրթական քաղաքականութեան մշակման եւ ներդրման համատեքստում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ նախանշուած մի շարք գերակայ ուղղութիւնների` "Լաւագոյն ուսանող" հանրապետական մրցոյթի, առնուազն երեք մասնագիտութիւնների գծով կրկնակի դիպլոմների ծրագրի իրականացում, բարձրագոյն կրթութեան տեղեկատուական համակարգի ներդրում, որի շրջանակում նախատեսւում է բոլոր պետական նմուշի դիպլոմները մուտքագրել յատուկ ծրագրի մէջ, որը հասանելի կը լինի նաեւ հասարակութեանը: Հանդիպմանը քննարկուել են նաեւ պետական աւարտական քննութիւններին, ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի ընդունելութեանը, բանակից զօրացրուածների ընդունելութեան կազմակերպմանը, ինչպէս նաեւ համապատասխան վարկային ծրագրի շրջանակում հաւատարմագրման եւ որակի ապահովման գործընթացին առնչուող հարցեր: Հանդիպման աւարտին Արմէն Աշոտեանն առաջարկել է ռեկտորների խորհրդի արտագնա նիստի օրակարգում ընդգրկել եւ քննարկել ՀՀ կառավարութեան հաւանութեանն արժանացած Եւրամիութիւն–Հայաստան համագործակցութեան ընդլայնման ծրագիրը եւ ազգային զեկոյցը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ