«Սարդարապատ» շարժում. Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակայ չէ սակարկումների


«Սարդարապատ» շարժում. Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակայ չէ սակարկումների

  • 11-06-2012 17:11:16   | Հայաստան  |  Քաղաքական

«Սարդարապատ» շարժման նախաձենող խմբի յայտարարութիւնը. «Ինչպէս եւ կանխատեսում ու զգուշացնում էինք` միջազգային քաղաքական որոշ կենտրոնների կողմից Հայաստանում զանգուածային ընտրակեղծիքներին ցինիկաբար հաւանութիւն տալը նշանակում էր, որ նոյն կենտրոնները շատ շուտով համապատասխան փոխհատուցում են պահանջելու Երեւանում վերարտադրուած վարչախմբից` քաղաքական զիջումների տեսքով: Կեղծուած ընտրութիւններից յետոյ բարձրաստիճան պաշտօնեաներ Ռուսաստանից, Եւրոպայից եւ ԱՄՆ -ից շտապեցին յայտարարել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական յարաբերութիւններում ինչ-որ «նոր մօտեցումների» ցանկալիութեան, անհրաժեշտութեան եւ անխուսափելիութեան մասին, ակնարկելով նաեւ այդ մօտեցումների «նորարարութեան» բովանդակութիւնը` այն է մէկ-երկու ազատագրուած շրջանների յանձնումը Ադրբեջանին: Այսինքն, ռուս-ամերիկա-եւրոպական դիւանագիտական ողջ խորիմաստութիւնն ու նորամուծութիւնը սահմանափակւում է դեռեւս չարաբաստիկ «ֆուտբոլային դիւանագիտութեան» օրերին հնչած հին թուրքական վերջնագրերի կրկնութեամբ: Երեւի, սոյն պահանջներն առաւել համոզիչ դարձնելու նպատակով, հետայսու բարձրաստիճան միջազգային միջնորդների նախաձեռնութիւնները զուգորդւում են բառի բուն իմաստով «մահաբեր դիւանագիտութեամբ», երբ տարածաշրջան կատարուող պաշտօնական իւրաքանչիւր այց բերում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայքով լարուածութեան կտրուկ աճի եւ մարդկային զոհերի: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը խիստ դատապարտում է հայ ժողովրդի կենսական շահերի, արժանապատուութեան ու պատմական տարածքի հաշուին պատրաստուող ցանկացած գործարքի փորձ եւ յայտարարում է, որ հայ ժողովուրդը թոյլ չի տալու այդպիսի դաւադրութիւնների իրականացում: Նմանօրինակ հակահայկական նախագծերը առաջանում են սոսկ Հայաստանում իշխող վարչախմբի ապիկարութեան, անսկզբունքայնութեան ու թուլութեան հետեւանքով: Մինչդեռ Ցեղասպանութեան ու հայրենազրկման դժոխքային պատմութիւն ունեցող հայ ժողովուրդը իր արտաքին պետական քաղաքականութիւնը պէտք է կառուցի Ցեղասպանութեան բազմաթիւ հետեւանքների վերացման սկզբունքի հիման վրայ: Հայ-ադրբեջանական սահմանի վրայ տեղի ունեցած հերթական բախումները ապացուցում են որեւէ տարածքային զիջումների անթոյլտրելիութիւնն ու նման պահանջների հեղինակների յանցաւոր նպատակները: Եթէ առկայ «ստատուս քուոյի» եւ համեմատաբար պաշտպանուած սահմանային գծի պայմաններում հնարաւոր են հայկական խաղաղ բնակավայրերի պարբերական ռմբակոծումներ եւ դիւերսիոն խմբերի յարձակումներ, ապա դժուար չէ պատկերացնել թէ ինչպիսի կործանարար հետեւանքներ կ'ունենայ շփման գծի ընդլայնումը որեւէ տարածքային յետնահանջի դէպքում: Ո՛չ մի թիզ հայրենի հողից ենթակայ չէ սակարկումների: Առճակատումը իբր կանխելու պատրուակով` ո՛չ մի օտարեկրեայ զինուորի ոտքը չպէտք է տրորի հայրենի տարածքը: Կեղծ պայմանագրերի ու խոստումների ողջ քանակը չարժէ հայ զինուորի արեան մի կաթիլը»:
  -   Քաղաքական