Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը
12-06-2012 14:32:40 | Հայաստան | Քաղաքական
Յունիսի 12-ին կայացաւ Հայաստանի արտգործնախարարի եւ տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հանդիպումը:
Ողջունելով հիւրին` Էդուարդ Նալբանդեանը նշեց. «Չնայած աշխարհագրական հեռաւորութեանը, մեր երկու ժողովուրդները դարերից եկող խորը կապեր ունեն: Այս անգամ Դուք ժամանել էք որպէս ԵԱՀԿ գործող նախագահ, եւ յուսով եմ շուտով հիւրընկալել Ձեզ Երեւանում նաեւ որպէս բարեկամական Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար»:
«Հայաստանն աջակցել է Իռլանդիայի թեկնածութեանը ԵԱՀԿ նախագահողի ընտրութիւններում, եւ մենք, հանդիսանալով ԵԱՀԿ ակտիւ անդամ-պետութիւններից մէկը, կը նպաստենք իռլանդական նախագահութեան ընթացքում կազմակերպութեան արդիւնաւէտութեան եւ կենսունակութեան բարձրացմանն ուղղուած քայլերին»,- յաւելեց նախարար Նալբանդեանը:
Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար` Էյմոն Գիլմօրն ասաց, որ ուրախ է այցելել Երեւան եւ ծրագրում է նաեւ ժամանել Հայաստան երկկողմանի այցով:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցաւ Իռլանդական նախագահութեան օրակարգի կարեւոր հարց հանդիսացող Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովման շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները եւ տարածաշրջանում իրավիճակը սրելուն ուղղուած Ադրբեջանի քայլերը:
«Հայաստանը մշտապէս հանդէս է եկել ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման օգտին եւ այս առումով մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրութեան դիրքորոշմանը` արտայայտուած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահների յայտարարութիւններում 2009 թ.` լաքուիլայու՛մ, 2010 թ.` Մուսկոկայում եւ 2011թ.` Դովիլում»,- ընդգծեց նախարար Նալբանդեանը:
Այս ենթատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ իռլանդական նախագահութիւնը մտահոգուած է իրավիճակի սրմամբ եւ նպատակադրուած է քայլեր ձեռնարկել վստահութեան ամրապնդման, շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի համաձայնեցման եւ իրագործման ուղղութեամբ: Նա յաւելեց, որ ԵԱՀԿ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահութեան ներքոյ ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում ղարաբաղեան հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը:
Էյմոն Գիլմօրը նաեւ դրական գնահատեց Հայաստանում իրականացուող ժողովրդավարական բարեփոխումները եւ վերահաստատեց ԵԱՀԿ բազմակողմանի աջակցութիւնը այդ գործընթացին:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, նախարարներն անդրադարձան ԵԱՀԿ գործունէութեան օրակարգային հարցերին, կազմակերպութեան բարեփոխումներին:
Էդուարդ Նալբանդեանի եւ Էյմոն Գիլմորի հանդիպմանը հետեւեց համատեղ մամլոյ ասուլիս: