Նախագահ Սերժ Սարգսեանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխաւորած պատուիրակութեանը


Նախագահ Սերժ Սարգսեանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխաւորած պատուիրակութեանը

  • 12-06-2012 16:57:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետութեան փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի գլխաւորած պատուիրակութեանը: Նախագահը ողջունել է հիւրին, շնորհաւորել ԵԱՀԿ 2012թ. նախագահութիւնն ստանձնելու կապակցութեամբ եւ յոյս յայտնել, որ նախագահող երկիրը Էյմոն Գիլմորի գլխաւորութեամբ յաջողութեամբ կ'իրականացնի ստանձնած բարձր առաքելութիւնը: Սերժ Սարգսեանը կարեւորել է պարոն Գիլմորի ղեկավարած պատուիրակութեան այցը Հայաստան, ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահների այցելութիւնները լաւ առիթ են տեղում ծանօթանալու տարածաշրջանի խնդիրներին, մարտահրաւէրներին, նաեւ քննարկելու ԵԱՀԿ գործունէութեան հետ կապուած հարցեր, տեսակէտներ փոխանակելու երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացուող բարեփոխումների ընթացքին, ներքաղաքական զարգացումներին, ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացին եւ վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ շփման գծում արձանագրուած միջադէպերին: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ իր այցի նպատակն է օժանդակել ԼՂ հակամարտութեան խաղաղ եւ անվտանգ կարգաւորման գործընթացին: Նա ընդգծել է, որ խաղաղութեան հասնելու համար կարեւոր է հաւատարիմ լինել կարգաւորման հիմնարար սկզբունքներին: Էյմոն Գիլմորի խօսքով, Էահկ-ն կանգնած է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան եւ ուժի չկիրառման սկզբունքների ետեւում եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին` կարգաւորման գործընթացն առաջ մղելու գործում: Նա շեշտել է, որ Էահկ-ն մերժում է ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը եւ գտնում է, որ հարցի կարգաւորման ռազմական լուծում չի կարող լինել: ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգութիւն է յայտնել սահմանին եւ շփման գծի երկայնքով վերջին շրջանում արձանագրուած միջադէպերի կապակցութեամբ եւ նշել, որ Էահկ-ն աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղուած են նման միջադէպերի կանխարգելմանն ու հետաքննութեան մեխանիզմի ստեղծմանը: Հանրապետութեան ղեկավարը հանդիպման աւարտին շնորհակալութիւն է յայտնել Էահկ-ին եւ կազմակերպութեան երեւանեան գրասենեակին` մեր երկրին ցուցաբերուող մշտական աջակցութեան եւ արդիւնաւէտ համագործակցութեան համար: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն