Խախտւում են հասարակական տրանսպորտից օգտուողների իրաւունքերը


Խախտւում են հասարակական տրանսպորտից օգտուողների իրաւունքերը

  • 13-06-2012 14:29:14   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ մարդու արժանապատուութիւնը դասւում է որպէս բարձրագոյն արժէք: Որպէս իրաւական եւ սոցիալական պետութիւն` Հայաստանի կառավարութիւնը իր քաղաքացիների առջեւ պարտաւորութիւն է ստանձնել ապահովելու արժանապատիւ եւ անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագաւառներում դրսեւորուող ապօրինութիւնները, ոլորտների իրաւական կարգաւորման նպատակային բացակայութիւնը, հարկատուներիս գումարներով սնուող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետեւանքների: Վերջին դէպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մէկ այլ երթուղայինի վարորդի` ուղեւոր «փախցնելու» պատճառով, իրականում հասարակական տրանսպորտի բնագաւառում տիրող անօրինականութիւնների հետեւանքն է: Վարորդները, գերշահագործուելով երթուղային տաքսիների «գծի տէրերի» կողմից, զրկուած են մարդու տարրական իրաւունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի եւ առողջապահական իրաւունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականութիւնից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ եւ իրենց օրական հասոյթից գծի տիրոջը վճարում են 15,000-25,000 դրամ: Սա այն պարագայում, երբ մեր տեղեկութիւններով գծի տէրերը պետութեանը վճարում են ամսական ընդամէնը 30,000 դրամ հաստատագրուած վճար, ինչը զաւեշտալի ցածր դրոյքաչափ է եւ գծի տէրերի համար ապահովում է գերշահոյթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաեւ հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ: Վերը նշուածին զուգահեռ, խախտւում են նաեւ հասարակական տրանսպորտից օգտուողների իրաւունքերը, քանի որ տարրական անվտանգութիւնն ու պայմանները ապահովուած չեն, թերի է նաեւ օրէնսդրական դաշտը, ինչը թոյլ է տալիս իրականացնել կամայականութիւններ` վտանգելով վարորդների կեանքն ու առողջութիւնը, եւ խախտելով քաղաքացիների սահմանադրական իրաւունքերը: Անհասկանալի է նաեւ, թէ ինչու է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ, որ իրաւական ակտի համաձայն, ինչ պահանջներով, ովքեր են գծատէրերը: Հարցերը եւ խնդիրները բազմաթիւ են, եւ այս յայտարարութեամբ չենք պատրաստւում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլոտում եւս կոռուպցիան հասել է պետական անվտանգութեանը սպառնացող մակարդակի: Մենք` ներքոստորագրեալներս, յայտարարում ենք, որ հետայսու ծաւալելու ենք նպատակաուղղուած եւ հետեւողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկայ խնդիրները վեր հանելու եւ լուծելու, ոլորտում օրինականութիւն եւ կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում իւրաքանչիւր մտահոգուած քաղաքացու համալրել մեր շարքերը եւ պայքարելու սեփական իրաւունքերի պաշտպանութեան համար: Միասին մենք աւելիին կարող ենք հասնել: Հայաստանի Սպառողների ասոցիացիայ ՀԿ Աքիլես ԱԻՊԿ ՀԿ Սոցիալական ներգրաւուածութեան եւ աջակցութեան կենտրոն յանուն հաւասարութեան ՀԿ Էկոլոգիական հասարակական դաշինք Արժանապատիւ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնութիւն
  -   Մարդու իրաւունքներ