Արմէն Աշոտեանն ընդունել է Տոկիոյի Սոկայ համալսարանի պատուիրակութեանը
13-06-2012 18:04:33 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Տոկիոյի Սոկայ համալսարանի պատուիրակութիւնը Հայաստանում:
ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի պաշտօնակատար Արմէն Աշոտեանն այսօր ընդունել է Տոկիոյի Սոկայ համալսարանի պատուիրակութեանը, որը Հայաստանում է երկու երկրների բուհերի միջեւ հնարաւոր համագործակցութեան ձեւաւորման եւ փորձի փոխանակման նպատակով: Պատուիրակութեան ղեկավար Կ'ենժի Եօշիգոն շնորհակալութիւն է յայտնել նախարարի պաշտօնակատարին ընդունելութեան համար` նշելով, որ Նախագահ Սերժ Սարգսեանի` վերջերս ճապոնիայ կատարած պետական այցի ընթացքում նա այցելել է նաեւ Տոկիոյի Սոկայ համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆէսորադասախօսական կազմի եւ ուսանող ների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետութեան Նախագահին են յանձնել "Ժողովուրդների բարեկամութեան" պատուոգիրը, իսկ Տոկիոյի Սոկայ համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսեանին շնորհել է համալսարանի պատուաւոր դոկտորի գիտական աստիճան:
Նախարարի պաշտօնակատարը յոյս է յայտնել, որ միջբուհական փոխայցելութիւնները կը նպաստեն տեղերում երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրագործմանը: "Կրթութիւնն այն ոլորտն է, որը սահմաններ չի ճանաչում, եւ տարբեր երկրների դպրոցականների, ուսանողների, դասախօսների միջեւ ամրապնդուած կապերը դուրս են այդ սահմաններից: Ճապոնիան ողջ աշխարհին յայտնի է իր ինտելեկտուալ, գիտական ներուժով, եւ Հայաստանում երիտասարդ մասնագէտների պատրաստման գործընթացում մենք ակնկալում ենք ձեր աջակցութիւնը ",-նշել է Արմէն Աշոտեանը` յաւելելով, որ նախարարութիւնը հետամուտ է ԵՊՀ–ում ժամանակակից սարքաւորումներով եւ որակեալ մասնագէտներով համալրուած ճապոներէն լեզուի կենտրոն հիմնելու, որը, ըստ նախարարի պաշտօնակատարի, հիմք կը ծառայի Ճապոնիայի մշակոյթին, քաղաքակրթութեանը, կրթութեանը եւ պատմութեանն առաւել ամբողջական ծանօթանալու համար: Նա նաեւ առաջարկել է որեւէ հանրակրթական դպրոցում ճապոներէն լեզուի ուսուցման փորձնական ծրագիր իրականացնել:
Հանդիպման աւարտին հիւրերն Արմէն Աշոտեանին հրաւիրել են ներկայ գտնուել երեւանում Տոկիոյի Սոկայ համալսարանի հիմնադիր Դայսակու Իկեդայիի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդէսի բացմանը, որը նուիրուած է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 20-ամեակին: