Ուսանողները պատրաստ են իրենց արիւնը տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն


Ուսանողները պատրաստ են իրենց արիւնը տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն

  • 14-06-2012 13:03:42   | Հայաստան  |  Բարեգործութիւն

Յունիսի 14-ն Արեան դոնորի համաշխարհային օրն է: Այն սահմանուել է 2005 թուականին Ժնեւում, Առողջապահութեան համաշխարհային ասամբլէայի նստաշրջանում` ի պատիւ աւստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելեան մրցանակ է ստացել մարդու արեան խմբերի յայտնաբերման համար: Արեան դոնորի համաշխարհային օրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնը պրոֆէսոր Եօլեանի անուան արիւնաբանական կենտրոնում կազմակերպել էին անվարձահատոյց արիւնատուութեան ակցիայ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպութեան ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամաւոր Կարէն Աւագեանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնն արդէն 10 տարի իրականացնում է արիւնատուական ակցիաներ, որոնց հիմնական նպատակն արեան կարիք ունեցող մարդկանց օգնելն է:«Երիտասարդներն արիւն տալուց առաջ ենթարկւում են բուժզննութեան, հետազօտւում է նրանց արիւնը: Յետագայում նրանք տեղեկացւում են իրենց արեան հետազօտութիւնների արդիւնքների մասին: Եւ եթէ լինում են խնդիրներ, երիտասարդների բուժման գործընթացը նոյնպէս կարողանում ենք ապահովել: Մէկ ակցիայով մենք երկու խնդիր ենք լուծում` օգնել արեան կարիք ունեցող մարդկանց եւ բուժզննում իրականացնել երիտասարդների շրջանում: ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հետեւողական են լինելու նման ակցիաների կազմակերպման հարցում: Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են իրենց արիւնը տալ, մասնակցել արիւնատուութեան: Սա մարդասիրական ակցիայ է, որը համախմբում եւ միասնական է դարձնում մարդկանց: Ամբողջ աշխարհում այդ խնդիրը լուծւում է արվարձահատոյց, կամաւոր դոնորների միջոցով: Մեր կազմակերպութիւններն այս ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կայ»,- նշեց Կարէն Աւագեանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Արուսեակ Պօղոսեանը տեղեկացրեց, որ արիւնատուութեան ակցիային մասնակցում են պետական եւ ոչ պետական բուհերի ուսանողներ եւ երիտասարդական հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Նա յատկապէս ընդգծեց, որ տարէցտարի աւելանում է ոչ միայն արիւն տուող կամաւոր երիտասարդների թիւը, այլեւ նման ակցիաներն են դառնում աւելի յաճախակի: Նա կոչ արեց բոլորին միանալ նման նախաձեռնութիւններին, քանի որ օգնութիւնը մենաշնորհ չէ, եւ օգնելու պարտականութիւնը իւրաքանչիւրինս է, առաւել եւս որ մեր հանրապետութիւնում առկայ է արեան պակասի խնդիրը: հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդեանն արդէն 6-րդ անգամ է մասնակցում արիւնատուութեան ակցիաների: «Ուրախ կը լինեմ, եթէ իմ արիւնն ինչ-որ մէկին անհրաժեշտ կը լինի: Մեր բուհի ուսանողները միշտ պատրաստ են իրենց արիւնը տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Նման ակցիաները ողջունելի են, քանի որ երիտասարդների շրջանում նաեւ դոնոր դառնալու մշակոյթն են ձեւաւորում», - ասաց Հայկ Ղեւոնդեանը: Նշենք, որ Հայաստանում տարէցտարի աւելանում է հաւաքագրուող արեան քանակը: Եթէ 2000-2001թթ. տարեկան իրականացւում էր մօտ 6000-7000 արիւնատուութիւն, ապա 2011թ. կատարուել է մօտ 15000 արիւնատուութիւն:
  -   Բարեգործութիւն