Վարդան Յարութիւնեան. ԲՀԿ եւ իշխանութիւններ փոխյարաբերութիւնների դաշտը դասական քաղաքականութիւնից դուրս է


Վարդան Յարութիւնեան. ԲՀԿ եւ իշխանութիւններ փոխյարաբերութիւնների դաշտը դասական քաղաքականութիւնից դուրս է

  • 14-06-2012 15:54:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

«Առանց Բաղրամեան 26-ի, Օսկանեանին անգամ անմեղ զրոյցի չէին կարող հրաւիրել» Իրաւունքի եւ ազատութեան կենտրոնի նախագահ Վարդան Յարութիւնեանի մեկնաբանութիւնները` Վարդան Օսկանեանի գործի կապակցութեամբ - Համամի՛տ էք այն կարծիքին, որ Վարդան Օսկանեանի գործերով ԱԱԾ-ի հետաքրքրուած լինելն ունի քաղաքական ենթատեքստ, մանաւանդ այն ֆօնի վրայ, որ քննարկւում է, թէ Վ. Օսկանեանը կարող է առաջիկայ նախագահական ընտրութիւններում լինել ԲՀԿ-ի թեկնածուն: - Ես չգիտեմ, կը լինի՞ Վարդան Օսկանեանը ԲՀԿ կողմից առաջադրուած նախագահի թեկնածու, թէ ոչ: Այս պահին սա էական էլ չէ: Բայց համոզուած եմ, որ նրա նկատմամբ իրականացուող քրէական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ: Էականն արդէն առաջադրուած մեղադրանքի բնոյթը չէ: Վերջին տարիներին ընդդիմադիր քաղաքական գործիչներին լռեցնելու կամ պատժելու նպատակով գործող իշխանութիւնները խնդիր չեն ունեցել քրէական օրէնսգրքից այդ պահին իրենց յարմար թուացող յօդուած ընտրելու հարցում: Եղել է եւ փողերի լուացում, եւ իշխանութեան ներկայացուցչին դիմադրութեան ցուցաբերում, եւ խուլիգանութիւն, եւ զրպարտութիւն, եւ սահմանադրական կարգի սպառնալիք: Ամէն ինչ էլ եղել է: Որեւէ նորութիւն չկայ: Բաւական է, որ քաղաքական գործիչը հանդէս գա ընդդիմադիր դիրքերից` նրա համար համապատասխան յօդուած քր. օրէնսգրքում անպայման կը գտնուի: Բայց այստեղ նշանակալի է ապագայ մեղադրեալի ով լինելը: Օսկանեանը երկար տարիներ եղել է ՀՀ արտգործնախարար: Սա լուրջ հանգամանք է: - Ինչպէ՞ս էք գնահատում Վ. Օսկանեանի դիրքորոշումն այն ժամանակ, երբ նոյն յօդուածով մեղադրւում էր այն ժամանակուայ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանեանը: - Արզումանեանի դէպքում ակնյայտ էր ստացուած գումարի աղբիւրը: Աւելին` մարդը, որ ուղարկել էր այդ գումարը` մի քանի անգամ հանդէս եկաւ յայտարարութեամբ այն մասին, որ ինքն է այն ուղարկել: Կար գումարը, կար գումարի մաքուր ու բացայայտ աղբիւրը, բայց խօսք էր գնում փողերի լուացման մասին միայն այն պատճառով, որ Արզումանեանը ընդդիմադիր քաղաքական գործիչ էր եւ հրահանգուել էր նրան պատժել: Ցաւալի է, որ այն տարիներին նոյն Օսկանեանը գտնուելով իշխանութեան մէջ չարտայայտուեց այս գործի ակնյայտ շինծու լինելու կապակցութեամբ: Դատելով Օսկանեանի հրապարակային արտայայտութիւններից, իր մօտ այսօր նոյն վիճակն է, ինչ էր Արզումանեանի դէպքում: Այստեղ դժուար է կրկին չմտաբերել Մարտին Նիմեօլերի խօսքերը այն մասին, որ վտանգաւոր է լռել, երբ հալածում են քեզ հետ առնչութիւն չունեցող մարդկանց միայն այն պատճառով, ոչ նրանք քեզ հետ կապ չունեն: Նրանց հետ հաշիւները մաքրելուց յետոյ գալու են նաեւ քո յետեւից: Օսկանեանի այս նոր սկսուող գործը պէտք է ազդակ լինի բոլոր լռողների համար: Անկասկած գալու է լռողներից իւրաքանչիւրի յետեւից գալու ժամանակը: - Ինչպէ՛ս էք մեկնաբանում Նիկոլ Փաշինեանի այն գնահատականը, թէ ինքը չի զարմանայ, որ բացայայտուի, թէ Օսկանեանը խառն է փողերի լուացման մէջ, քանի որ «հանցագործ իշխանութեան երկարամեայ ֆունկցիոները Սերժ Սարգսեանի եւ Գորիկ Յակոբեանի հետ համագործակցութեան մեծ փորձ ունի նման գործերում»: - Այստեղ զարմանալու կամ չզարմանալու խնդիր չկայ: Օսկանեանը եղել է այդ համակարգի մասը: Լուրջ ու ծանրակշիռ մասը: Բայց դա չի նշանակում, որ պէտք է հանդուրժել այն հանգամանքր, որ այսօր նրա նկատմամբ քաղաքական նկատառումներից ելնելով քրէական հետապնդում են նախաձեռնում: Սա չի կարող վրէժխնդրութեան կամ չարախնդութեան առիթ հանդիսանալ: Թէ ինչ եւ ինչպէս է արել Օսկանեանը իշխանութեան մէջ լինելու տարիներին` բոլորովին այլ խնդիր է: Դրա համար նրանից, ինչպէս եւ հին ու նոր շատ իշխանաւորներից, հաշիւ կը պահանջուի, բայց անգամ այդ հաշիւը չպէտք է իր մէջ վրէժխնդրութիւն կամ քաղաքական ենթատեքստ պարունակի: Այո, ակնյայտ է, որ իշխանութեան մաս կազմող ուժերին ու գործիչներին Հայաստանում ամէն ինչ էլ թոյլատրւում է: Նրանք ազատօրէն կարող են փողեր լուանալ, կարող են անթաքոյց կաշառք վերցնել, կարող են ակնթարթօրէն հարստանալ, խախտել գրուած ու չգրուած օրէնքներն ու մնալ անպատիժ: Սա նորութիւն չէ: Բայց Օսկանեանն այսօր հալածւում է դրսեւորած քաղաքական կեցուածքի համար ու այս պահին յարկ է խօսել հէնց այս հանգամանքից: Եթէ չլինէր նրա այս կեցուածքը, նրա նկատմամբ քրէական հետապնդում չէր իրականացուի, եթէ անգամ փողերի լուացման փաստ արձանագրուէր: - Կարծիքներ կան, որ Վարդան Օսկանեանի գործով ԱԱԾ-ի զբաղուելու սցենարը մշակուած է Բաղրամեան 26-ում եւ աւելի յարմար պահ չէր կարող գտնուել նման գործ բացելու համար, որպէսզի ԲՀԿ-ի կողմից էլ յայտարարութիւններ հնչէին, թէ իշխանութիւնները իբր փորձում են ճնշել «ընդդիմադիր դարձած ուժին»: Դուք հաւանական համարու՞մ էք այս սցենարը: - Առանց Բաղրամեան 26-ի` Օսկանեանի նկատմամբ ոչ միայն քրգործ, անգամ անմեղ զրոյցի հրաւէր լինել չէր կարող: Եւ ուժային կառոյցները, եւ դատարանները, եւ հարկային մարմինները գտնւում են նախագահականի անվերապահ ու աչալուրջ հսկողութեան ներքոյ: Նրանք անում են միայն այն, ինչ հրահանգւում է: Յուսալ, որ Օսկանեանը կամ որեւէ մէկը կը կարողանայ դատական կարգով կամ նախաքննութեան փուլում ապացուցել իր անմեղութիւնը` միամտութիւն է: Իսկ ԲՀԿ եւ իշխանութիւններ փոխյարաբերութիւնների դաշտը դասական քաղաքականութիւնից դուրս է: Ընդհանրապէս, հայաստանեան քաղաքականութիւնը կազմակերպւում ու տարւում է քրէական աշխարհին իւրայատուկ պարզաբանումների, հաշուեյարդարների ու տղայականութեան մակարդակներում: Այս մակարդակներում ես, որպէս կանոն, ասելիք չեմ ունենում: Միայն կը ցանկանայի, որ ձեր նշած Բաղրամեան 26-ում նստած մարդիկ սթափուէին: Տաթեւ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ «Առաւօտ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը