Տիգրան Սարգսեան.«Նոր Հայաստան կերտելու պատմական հնարաւորութիւնը մեր ձեռքերում է»


Տիգրան Սարգսեան.«Նոր Հայաստան կերտելու պատմական հնարաւորութիւնը մեր ձեռքերում է»

  • 20-06-2012 12:22:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի ելոյթը ՀՀ Ազգային ժողովում` Հայաստանի Հանրապետութեան ՀՀ կառավարութեան ծրագիրը ներկայացնելիս. «Ազգային ժողովի յարգարժան նախագահ, Յարգելի պատգամաւորներ, Շնորհաւորում եմ Ձեզ Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամաւոր ընտրուելու կապակցութեամբ եւ մաղթում եմ արդիւնաւէտ օրինաստեղծ աշխատանք: Հաւատում եմ, որ մեզ` իւրաքանչիւրիս, Ազգային ժողովի պատգամաւորներին եւ կառավարութեան անդամներին, անկախ կուսակցական պատկանելութիւնից, միաւորում է համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզօրացման ու բարգաւաճման վեհ գաղափարը: Այսօր կառավարութիւնը, Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան 74-րդ յօդուածի համաձայն, Ազգային ժողովի հաւանութեանն է ներկայացնում իր ծրագիրը: Կառավարութեան ծրագիրը մշակուել է Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ռազմավարութեան, Հայաստանի Հանրապետութեան Նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան եւ «Օրինաց երկիր» կ'ուսակցութեօան նախընտրական ծրագրերի հիմնական դրոյթներին համապատասխան` հաշուի առնելով նաեւ խորհրդարանական կուսակցութիւնների նախընտրական ծրագրերում ներկայացուած` վերոնշեալ փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: Նախորդ ծրագրի իրականացման տարիները մեզ համար բարդ փորձութիւնների, մարտահրաւէրների ու ձեռքբերումների ժամանակաշրջան էին: • Հայաստանի Հանրապետութեան Նախագահի գլխաւորութեամբ մենք կարողացանք էապէս մեղմել ներքին քաղաքական պառակտուածութեան եւ անհանդուրժողականութեան դրսեւորումները, որոնք, մասնաւորապէս, բացասական ազդեցութիւն էին թողնում ներդրումային եւ բիզնես միջավայրի վրայ: • Մեզ յաջողուեց երկրի բնականոն կեանքը զերծ պահել մեր հարեւանութեամբ ընթացող պատերազմական գործողութիւններով պայմանաւորուած ցնցումներից: Մասնաւորապէս, չնախատեսուած լրացուցիչ ծախսեր իրականացրեցինք` աւելացնելով առաջին անհրաժեշտութեան ապրանքների քանակը եւ պետական ռեզերվների մակարդակը: • Բանակաշինութեամբ եւ արտաքին ակտիւ քաղաքականութեամբ ապահովեցինք մեր երկրի անվտանգութիւնը` ամրապնդելով մեր կողմից պարտադրուած խաղաղութեան երաշխիքները: Վերջին երեք տարիների ընթացքում հանրապետութիւն ներկրուեց եւ արտադրուեց նախկինից երկու անգամ աւելի սպառազինութիւն: • Մեզ յաջողուեց մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները եւ ձեւաւորել աւելի դիւերսիֆիկացուած տնտեսութիւն: • Ճգնաժամի սուղ պայմաններում, երբ զարգացող շատ երկրներում կրճատւում էին աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները, մենք ոչ միայն կատարեցինք ստանձնած սոցիալական պարտաւորութիւնները, այլեւ բարձրացրեցինք աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները, ինչը մեղմեց ճգնաժամի բացասական հետեւանքները: • Իրականացուած հակաճգնաժամային ծրագրի ներքոյ մենք կարողացանք ներգրաւել ֆինանսական միջոցներ եւ դրանք ուղղեցինք ենթակառուցուածքների արդիականացմանը, փոքր եւ միջին ձեռնարկութիւնների եւ համակարգաստեղծ ձեռնարկութիւնների վարկաւորմանը` արդիւնքում պահպանելով շուրջ 10 000 աշխատատեղ: Աղէտի գօտում իրականացրեցինք լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ եւ 5000 անօթեւան ընտանիք ապահովեցինք բնակարաններով: • Մենք հեշտացրեցինք պետութեան կողմից անձանց մատուցուող բազմաթիւ ծառայութիւնների ստացումը` պետական համակարգի միջին եւ ցածր օղակներում զգալի կրճատելով շփումները քաղաքացիների հետ, ինչի արդիւնքում էապէս նուազեցին կոռուպցիոն դրսեւորումները: Այս եւ բազմաթիւ այլ արդիւնքների ձեռքբերման մէջ էական են Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակութեան եւ մեր քաղաքացիների ջանքերը: Միեւնոյն ժամանակ, մենք յստակ գիտակցում ենք նաեւ մեզանում առկայ հիմնախնդիրները: Մենք մշտապէս եղել ենք բաց եւ թափանցիկ, ընդունել ենք արդարացի քննադատութիւնը, ինքներս ենք բացայայտել շատ խնդիրներ: • Որակեալ աշխատատեղերի սակաւութիւնը, արտագաղթը եւ աղքատութիւնը շարունակում են մնալ առաջնային լուծում պահանջող խնդիրները: • Մեզ դեռեւս չի յաջողուել ամբողջութեամբ արմատախիլ անել կոռուպցիան, ստեղծել տնտեսավարողների համար մրցակցային հաւասար պայմաններ: • Տնտեսութեան մէջ գերիշխող դիրքի չարաշահումը շարունակում է մնալ յաճախ հանդիպող երեւոյթ: • Դեռեւս ցածր է հասարակութեան վստահութիւնը դատաիրաւական համակարգի նկատմամբ: Կառավարութեան ծրագիրը նպատակ ունի լուծելու այս խնդիրները: Յարգելի պատգամաւորներ, Այս պայմաններում մեզ անհրաժեշտ է բեկումնային զարգացում: Զարգացում, որի հիմնական գրաւականը լինելու է մեր սեփական ուժերին ապաւինելը եւ ներքին ռեսուրսների մոբիլիզացիան: Ակնյայտ է, որ տնտեսութիւնում, մարդկային կապիտալում եւ ինստիտուցիոնալ կառոյցներում մենք ունենք մեծ, չիրացուած ներուժ: Դրանից էլ բխում են մեր երեք գերակայութիւնները: Առաջինը, մեր տնտեսութիւնը պէտք է լինի մրցունակ: Արմատական փոփոխութիւնը, որն առաջարկում ենք տնտեսական քաղաքականութեան մէջ այն է, որ այսուհետ պետութիւնը պատասխանատու է լինելու ոչ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլեւ ուղղակիօրէն մասնակցելու է ճիւղային արդիւնաբերական քաղաքականութեան իրականացմանը: Մասնաւոր հատուածի հետ համատեղ կը ձեւաւորուի երկխօսութեան միասնական հարթակ: Դրա միջոցով առաւել հեռանկարային իւրաքանչիւր ճիւղի համար կը ստեղծուի առանձնայատուկ գործիքակազմ, եւ կը սահմանուեն փոխադարձ պարտաւորութիւններ: Առնուազն 11 ոլորտներում, մասնաւոր հատուածի հետ ստորագրուելու են համաձայնագրեր, որոնք ներառելու են մասնաւորի պարտաւորութիւնները ներդրումների մասով եւ պետութեան օժանդակութեան գործիքակազմը, արդիւնքում կրկնապատկուելու են այդ ճիւղերում արտահանման ծաւալները: Ա. Գործարկուելու են առնուազն երկու ազատ տնտեսական գօտիներ, որտեղ գործելու են նորարարական ձեռնարկութիւններ` ժամանակակից աշխատատեղերով: Շնորհիւ Ապհ-ի եւ Եւրամիութեան հետ ազատ առեւտրի համաձայնագրերի` հայկական ապրանքների եւ ծառայութիւնների համար բացուելու են նոր շուկաներ: Ստեղծելու ենք վենչուրային հիմնադրամ, որը խրախուսելու է նորարարական բիզնեսները: Ապահովելու ենք տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանում: Դրամաշնորհների միջոցով խրախուսելու ենք ուսումնական հաստատութիւնների եւ արտադրողների կապը: Կառավարութիւնն ստեղծելու է նպաստաւոր միջավայր Հայաստանի տնտեսութեան մէջ սփիւռքահայերի ներգրաւուածութեան աւելացման եւ ներդրումների խրախուսման համար: Զբօսաշրջութեան ոլորտում կառավարութիւնն ապահովելու է ենթակառուցուածքների զարգացում: Մասսայական տուրիզմի զարգացման նպատակով խրախուսելու ենք հիւրանոցային ցանցի ընդլայնումը, միջազգային հեղինակաւոր բրենդային ցանցերի ներգրաւումը, զբօսաշրջային տների համակարգի զարգացումը: Բ. Գիւղի եւ գիւղատնտեսութեան խնդիրների միասնական դիտարկումը կառավարութեան քաղաքականութեան առանցքային փոփոխութիւններից է: Գիւղատնտեսութեամբ զբաղուելը պէտք է լինի շահաւէտ, իսկ գիւղում ապրելը` յարմարաւէտ: Շարունակուելու է պետութեան օժանդակութիւնը գիւղատնտեսութեանը: Առաւել մատչելի ենք դարձնելու պարարտանիւթը, վառելիքը, գիւղտեխնիկան եւ սերմերը: Սուբսիդաւորելու ենք գիւղական վարկերի տոկոսադրոյքները: Ներդրուելու են սննդամթերքի անվտանգութեան եւրոպական չափանիշները, ուժեղացուելու է վերահսկողութիւնը, որպէսզի հայկական մթերք սպառողը վստահ լինի, որ այն անվտանգ է եւ բարձրորակ: Առնուազն երեք անգամ աւելացնելու ենք ժամանակակից ջերմոցային տնտեսութիւնների տարածքները: Գիւղական դպրոցների եւ ճանապարhների շինարարութիւնն ունենալու է առաջնահերթ ֆինանսաւորման կարգավիճակ: Զգալի միջոցներ ենք յատկացնելու գիւղը խմելու ջրով, գազով, ոռոգման ջրով, հեռախօսակապով, կայուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Գ. Չի կարող լինել մրցունակ տնտեսութիւն եւ մրցունակ պետութիւն, որի մէջ երաշխաւորուած չէ փոքր եւ միջին բիզնեսի էական դերակատարութիւնը: Փոքր եւ միջին բիզնեսի համար ձեւաւորուելու է պարզեցուած հարկային դաշտ: Շարունակելու ենք Փմձ-ներին տրամադրել ֆինանսական եւ տեխնիկական օժանդակութիւն: Առաջին անգամ կառավարութիւնը նպատակաուղղուած տեխնիկական եւ ֆինանսական օժանդակութիւն է տրամադրելու սկսնակ փոքր եւ միջին բիզնեսին: Խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչների սահմանմամբ պաշտպանելու ենք փոքր եւ միջին բիզնեսի շահերը: Իրականացնելու ենք տարածքային անհամաչափ զարգացման յաղթահարմանն ուղղուած միջոցառումներ, որոնք հնարաւորութիւն կը տան առաւել արդիւնաւէտ օգտագործել մեր երկրի պոտենցիալը: Երկրորդ գերակայութիւնը մարդկային կապիտալի զարգացումն է: Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի պէտք է հնարաւորութիւն ունենա կերտելու իր երջանկութիւնը հայրենիքում: Կառավարութիւնը պարտաւոր է իր քաղաքացիների համար ստեղծել կայացման եւ ինքնադրսեւորման լայն հնարաւորութիւններ: Արտագաղթի կանխարգելման լաւագոյն միջոցն աշխատատեղերի, կենսագործունէութեան բարենպաստ միջավայրի եւ արդարութեան ապահովումն է: Ա. Սոցիալական ոլորտում քաղաքականութեան փոփոխութիւնը միտուած է լինելու անհաւասարութիւն ծնող պատճառների վերացմանը: Առաջին հերթին, դա նշանակում է խոցելի խաւերի համար հասանելի դարձնել կրթութիւնն ու աշխատանքը: Ստեղծելու ենք ինտէգրուած սոցիալական ծառայութիւնների տրամադրման համակարգ, որի նպատակն է լինելու դժուարին իրավիճակում յայտնուած մարդկանց, ըստ կարիքի, սոցիալական համալիր ծառայութիւնների տրամադրումը «մէկ պատուհանէ սկզբունքի միջոցով: Ընդ որում, ծառայութիւնները ներառում են աշխատանքի տեղաւորում, մասնագիտական վերապատրաստում, իրաւաբանական խորհրդատուութիւն, խնամք եւ այլն: Ներդրուելու է կուտակային կենսաթոշակային համակարգ, որը երաշխաւորելու է ապահով եւ արժանապատիւ ծերութիւն: Քաղաքացիների կենսաթոշակային-կուտակային հաշիւների միջոցները պետութեան կողմից կրկնապատկուելու են: Հետեւողականօրէն շարունակուելու է կենսաթոշակների բարձրացման քաղաքականութիւնը: Իրականացնելու ենք սոցիալական բնակարանաշինութեան ծրագիր, որը նախատեսում է նաեւ մատչելի վարձակալական հիմունքներով բնակարանների տրամադրում անապահով խաւերին: Բ. Յարգելի պատգամաւորներ, 21-րդ դարում մրցունակ պետութիւն նշանակում է կրթուած հասարակութիւն: Պետութիւնը իւրաքանչիւր քաղաքացու համար ստեղծելու է կրթութեան հնարաւորութիւն` անկախ նրա սոցիալական վիճակից եւ տարիքից: Ուշադրութեան կենտրոնում ենք պահելու կրթութեան որակը: Երաշխաւորուած նուազագոյն իննամեայ կրթութիւնից անցում ենք կատարելու երաշխաւորուած անվճար տասներկուամեայ, ներառեալ մասնագիտական, կրթութեանը: Անապահով խաւերի համար կրթութիւնը դարձնելու ենք անվճար` ներառեալ բարձրագոյնը: Իւրաքանչիւր առաջին դասարանի աշակերտի տրամադրելու ենք անվճար համակարգիչ: Բուհերը պէտք է դառնան ժամանակակից հասարակութեան հենքը` միաւորելով գիտութիւնը, դասաւանդումը եւ նորարարական արտադրութիւնը: Վերանայուելու է բուհական ընդունելութեան համակարգը` աստիճանաբար վերացնելով ընդունելութեան քննութիւնները: Այսինքն, բուհ ընդունուելը կը լինի հեշտ, աւարտելը` դժուար: Գիտութեան ժամանակակից ենթակառուցուածքների ստեղծման նպատակով, համա¬լսա¬րանների եւ գիտահետազօտական ինստիտուտների հետ համատեղ, նորարարութիւնների եւ հետազօտութիւնների ոլորտներում շարունակուելու են իրականացուել պետական ներրումներ: Գ. Առողջապահութեան ոլորտում մեր նպատակն է ապահովել ծառայութիւնների հասանելիութիւնն ու որակը: Պետպատուերի շրջանակներում, որոշ հիւանդութիւնների եւ սոցիալապէս անապահով խաւերի համար, աստիճանաբար ներդնելու ենք բժշկական ապահո¬վագրութեան ինստիտուտը: Շարունակուելու է մարզային բժշկական հաստատութիւնները վերակառուցելու եւ վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետութեան ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայութիւնները: Երաշխաւորուելու է սրտի անյետաձգելի վիրահատութիւնը` Հայաստանի բոլոր քաղա¬քացիների համար: Դ. Բնապահպանութեան ոլորտում կառավարութեան քաղաքականութեան առանցքը կեանքի որակի բարձրացումն է: Ուժեղացնելու ենք պետութեան վերահսկողութիւնը շրջակայ միջավայրի պահպանման նկատմամբ` օդի, ջրի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր որակական չափանիշների սահմանմամբ: Խստացնելու ենք ընդերքի շահագործման, ինչպէս նաեւ բնական պաշարների վերականգնման ու վերարտադրութեան նկատմամբ վերահսկողութիւնը: Բացառելու ենք Երեւանի կենտրոնում մայրաքաղաքի պատմութեանն ու նկարագրին անյարիր կառուցապատումները: Է. Մշակութային քաղաքականութեան փոփոխութիւնն ուղղուած է լինելու նոր` հասարակութեան կողմից պահանջուած, ազգային տիպարների ձեւաւորմանն ու լայն տարածմանը, որոնք օգնելու են մեզ ձերբազատուել կեղծ արժէքներից եւ հայի նկարագրին ոչ բնորոշ յատկանիշներից: Պետական պատուերի տեղադրումը նպաստելու է երաժշտութեան, ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստասէրիալների միջոցով ազգային եւ համամարդկային արժէքների տարածմանը: Նախատեսւում է ազգային երգ ու պարի դասաւանդում դպրոցում, ինչպէս նաեւ ազգային աւանդոյթների ու մշակոյթի դասընթացների ներմուծում` կրթական ծրագրերում: Զ. Ժողովրդագրական քաղաքականութեան ներքոյ կանխելու ենք հասարակութեան ծերացման միտումը, կանխարգելելու ենք արտագաղթը, խթանելու ենք ծնելիութեան աճը, սատարելու ենք հայրենիք վերադառնալ ցանկացողներին: Երիտասարդ նորապսակները ստանալու են արտօնեալ վարկեր բնակարան ձեռք բերելու համար: Երկու երեխայ ունեցողներն ստանալու են 1 մլն դրամ` երրորդ եւ չորրորդ երեխայի համար, եւ 1.5 մլն դրամ` 5-րդ ու իւրաքանչիւր յաջորդ երեխայի ծնուելու կապակցութեամբ: Մինչեւ 10 տարեկան երեխաների բուժումը, այդ թւում` հիւանդանոցային, լինելու է անվճար: Մեծացնելու ենք սփիւռքի ներգրաւուածութիւնը մարդկային կապիտալի զարգացման գործընթացում: Երրորդ գերակայութիւնն ինստիտուցիոնալ կարողութիւնների զարգացումն է: Հասարակութիւնը մեզանից պահանջում է հաստատել արդարութիւն մեր կեանքի բոլոր ոլորտներում: Եւ մենք դա անելու ենք: Արդիւ¬նաւէտ ինստիտուտները խթաններ են ստեղծում մարդկանց կարողութիւնները լիարժէք իրագործելու համար: Ինստիտուտների բարեփոխումները բացայայտելու են տնտեսական աճի ներուժը, ապահովելու են տարբեր անձանց եւ սոցիալական խմբերի միջեւ տնտեսական օգուտների արդար բաշխումը: Ա. Գործարար կարողութիւնների ազատ դրսեւորումն ու ներդրումների աճն անհնար է առանց արդար մրցակցային դաշտի առկայութեան: Հայաստանի Հանրապետութիւնում գերիշխող դիրքը պարբերաբար չարաշահող խոշոր բիզնեսների կողմից մրցակցութեան խաթարումը հանդիսանում է տնտեսութեան կայուն աճի խոչընդոտ: Առանց մրցակցութեան ոլորտում արմատական փոփոխութիւնների` անհնար է կառավարութեան տնտեսական ծրագրի իրագործումը: Էապէս ուժեղացնելու ենք տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան յանձնաժողովի իրաւասութիւններն ու գործիքակազմը: Վերացնելու ենք շուկայ մուտք գործելու խոչընդոտները` ապահովելով հաւասար մրցակցային պայմաններ բոլորի համար: Բ. «կարգաւորման Գիլեօտինէ ծրագրի միջոցով շարունակելու ենք վերացնել անտեղի վարչարարական խոչընդոտները, կրճատելով բիզնեսի ծախսերն ու ռիսկերը: Բոլոր ստուգող մարմիններում լիարժէք ներդրուելու է ռիսկերի վրայ հիմնուած ստուգումների համակարգը, բարձրացուելու է նշուած գործընթացների թափանցիկութիւնը, իսկ տեսչական մարմինների թիւը կրճատուելու է երկու անգամ: Կտրուկ աւելացնելու ենք պետական ծառայութիւնների տրամադրումը էլեկտրօնային եղանակով` դրանով իսկ նուազեցնելով կոռուպցիոն ռիսկերը: Ներդնելու ենք պաշտօնեաների վարձատրութեան միասնական եւ արդարացի համակարգ, աւելացնելու ենք սոցիալական փաթեթից օգտուողների թիւը: Գ. Հարկային եւ մաքսային համակարգերը պէտք է լինեն միջազգայնօրէն մրցունակ, ունենան կարողութիւններ` ստուերային տնտեսութեան կրճատման համար եւ նպաստեն բիզնես միջավայրի բարելաւմանը: Մաքսային արժէքի որոշումը եւ մաքսազերծման գործընթացը համապատասխանեցնելու ենք եւրոպական չափանիշներին եւ կառուցելու ենք ժամանակակից սահմանային անցակէտեր: Դ. Պաշտպանութեան, հասարակական կարգի պահպանման, անվտանգութեան եւ արդարադատութեան ոլորտներում կառավարութեան ծրագրերի կիզակէտը լինելու է հասարակութեան իւրաքանչիւր անդամի պաշտպանուածութեան մակարդակի բարձրացումը: Մեր քաղաքացիները պէտք է զգան, որ ապրում են պաշտպանուած, ապահով եւ անվտանգ երկրում: Հասարակութեան մէջ ամրապնդելու ենք զինուորական պարտադիր ծառայութեան ինստիտուտի նկատմամբ յարգանքը` բանակում սոցիալական եւ կրթական պայմանների շարունակական բարելաւման միջոցով: Զօրացրուողներին ապահովելու ենք աշխատանքով եւ ուսման արտօնեալ հնարաւորութիւններով: Կառավարութիւնն էապէս խստացնելու է իրաւապահ մարմինների ծառայողների կողմից անձի իրաւունքների խախտման համար պատասխանատուութիւնը: Առաւել խիստ պահանջներ ենք սահմանելու դատաւորների եւ դատախազների մասնագիտական պատրաստման եւ բարոյական նկարագրի նկատմամբ: Յարգելի պատգամաւորներ, Ցանկանում եմ հաւաստիացնել Ձեզ, որ կառավարութիւնն ապահովելու է նախորդ ծրագրի շարունակականութիւնը` իրականացնելով ճգնաժամի պատճառով յետաձգուած միջոցառումները: Գիւմրու Տեխնոպարկում հիմնուած եւ գործող հինգ լաբորատորիաների կողքին սկսուել են Տեխնոպարկի նոր շէնքի շինարարական աշխատանքները: Դիլիջանում կենտրոնական բանկի նորակառոյց մասնաշէնքի եւ յարակից ենթակառուցուածքների գործարկումն էապէս նպաստելու է մօտ ապագայում ֆինան-սական կենտրոնի ձեւաւորմանը: Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան պատուերով մեկնարկել են ռադիօիզոտոպային արագացուցչի կառուցման աշխատանքները, որոնք աւարտուելու են երկու տարուայ ընթացքում եւ Երեւանում կը գործի գերժամանակակից օնկոլոգիական ախտորոշման կենտրոն: Այս տարի մեկնարկել են ռազմավարական նշանակութիւն ունեցող Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու մեծածաւալ շինարարական աշխատանքները: Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքների բանակցային փուլն աւարտուած է եւ մշակւում է ֆինանսական ներդրումների ճանապարհային քարտէզ: Յարգելի պատգամաւորներ, Կառավարութիւնը սոյն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թուականների ընթացքում նպատակադրում է` • զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդիւնքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով, • ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, • նուազագոյն աշխատավարձի մակարդակի առնուազն կրկնապատկում, • նուազագոյն աշխատավարձ/աղքատութեան գիծ ցուցանիշի առնուազն 140 տոկոս մակարդակի ապահովում, • ծնելիութեան գումարային գործակցի աճ` մինչեւ 1.8-ի, • 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթութեան առնուազն 90 տոկոսով հասանելիութեան ապահովում, • միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում` հասցնելով աղքատութեան գծի համեմատ 125-135 տոկոսի, • աղքատութեան կրճատման ապահովում` 8-10 տոկոսային կէտով, • 100 հազարից աւելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գիւղատնտեսական զբաղուածութիւն ունեցողների թիւը կ'աւելանայ 30-50 հազարով, • պետական եկամուտների հաւաքագրման մակարդակի աճի ապահովում` տարեկան համախառն ներքին արդիւնքի 0.3 - 0.4 տոկոսային կէտի չափով: Յարգելի պատգամաւորներ, Ազգային Ժողովի ընտրութիւնները ցոյց տուեցին, որ այս ծրագրում արտացոլուած դրոյթները պահանջուած են հասարակութեան կողմից եւ խիստ արդիական: Մենք հետեւողականօրէն գնում ենք փոփոխութիւնների ճանապարհով: Արագ փոփոխովող աշխարհում մեզ սպասում են նոր մարտահրաւէրներ եւ նոր խնդիրներ: Դրանց լուծումները նոյնպէս պահանջում են նոր մօտեցումներ: Անփոփոխ են մնալու միայն արժէքները` հայրենասիրութիւնը, ազնուութիւնը, արդարութիւնը, աշխատասիրութիւնը, նուիրուածութիւնը եւ հանդուրժողականութիւնը: Այս արժէքներն են, որ ապահովելու են մեր առաջընթացը: Խօսքս ցանկանում եմ աւարտել հանրապետութեան Նախագահի հետեւեալ մտքով: Նոր Հայաստան կերտելու պատմական հնարաւորութիւնը մեր ձեռքերում է, առանց չափազանցութեան` մեզանից իւրաքանչիւրի ձեռքերում: Եւ մենք դա անելու ենքէ: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն