Ադրբեջանի իշխանութիւնները թաքցնում են սեփական գործարար շահերը
26-06-2012 16:54:35 | | Յօդուածներ
Ադրբեջանի իշխանութիւնները փորձում են նոր օրէնքով թաքցնել սեփական գործարար շահերը
Իշխանութիւններին մեղադրում են իրենց գործարար շահերը կոծկելու նպատակով օրէնք ընդունելու մէջ:
Ընկերութիւնների սեփականութեան վերաբերեալ տեղեկատուութեան գաղտնիութիւնն ապահովող նոր օրէնքի ընդունումն անհանգստացրել է ադրբեջանցիներին, իսկ օրէնքի քննադատները պնդում են, որ այն հակասում է թափանցիկ կառավարման բոլոր սկզբունքներին:
Յունիսի 13-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունուած օրէնսդրական փոփոխութիւններն ամրագրում են, որ ձեռնարկութիւնների բաժնետէրերի ինքնութիւնը եւ նրանց բաժնեմասերի վերաբերեալ տեղեկատուութիւնն այսուհետ գաղտնի է մնալու:
Օրէնսդրական փոփոխութիւնների հաստատման նախօրէին, Ադրբեջանում հրապարակայնութեան եւ ժողովրդավարութեան սկզբունքների հաստատման համար պայքարող «REALէ շարժումը բողոքի ցոյց կազմակերպեց խորհրդարանի շէնքի առջեւ:
Շարժման համահիմնադիրներից մէկը`Իլգար Մամեդովը, այն կարծիքին է, որ այս փոփոխութիւնների նպատակն է թաքցնել իշխանութիւնների ունեցած բաժնեմասերը խոշոր ձեռնարկութիւններում:
«Առաւել մեծ հրապարակայնութիւն ապահովելու աճող միտումը սկսում է անհանգստացնել Բաքուին: 2009-ին Պանամայում ձեռնարկութիւնների սեփականութեան վերաբերեալ բոլոր տուեալների մասին տեղեկատուութիւնը հրապարակային բնոյթ ստացաւ, ինչի հետեւանքով Ադրբեջանում կոռուպցիոն սկանդալներ եղան`նախագահի ընտանիքի ներգրաւմամբ: Այդ պատճառով այժմ փորձում են Ադրբեջանն այսպէս կոչուած օֆշորային գօտի («Հարկային դրախտ») դարձնել`նպաստելով կոռուպցիայի ծաւալների աճին», - ասում է Մամեդովը:
«Ազադլիգ» թերթի թղթակից, հետաքննող լրագրող Շահուելեդ Չօբանօղլուն, որը զբաղւում է կոռուպցիայի խնդիրներով, նշում է`օրէնսդրական փոփոխութիւնները հաստատուեցին, երբ մի շարք լրագրողական ուսումնասիրութիւններում շօշափուեցին Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների անունները եւ նրանց ունեցած կապը խոշոր ձեռնարկութիւնների հետ:
Չօբանօղլուն ասում է, որ այս նոր օրէնքը կը ստիպի շատ հետաքննող լրագրողների հրաժարուել իրենց ուսումնասիրութիւններից:
«Այս օրէնքը… օգուտ չի տալիս հանրութեանը: Այն մեզ լաւ ոչինչ չի տայ: Ոչ մի զարգացող հասարակութիւն չէր ընդունի մի օրէնք, որը սահմանափակում է առեւտրային բնոյթի տեղեկատուութիւնը», - ասում է նա:
IWPR-ը փորձեց պարզել նախագահի աշխատակազմի անդամների կարծիքն այս ամէնի վերաբերեալ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատուական ապահովման եւ քաղաքական վերլուծութիւնների բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը եւ նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը հրաժարուեցին մեկնաբանութիւններ տալուց, այլ պաշտօնեաների հետ եւս զրուցել չյաջողուեց:
Իրաւական քաղաքականութեան հարցերով խորհրդարանական յանձնաժողովի անդամ Չինգիզ Գենիզադեն, սակայն, յայտարարել է, որ նոր օրէնքը որեւէ կապ չունի նախագահի ընտանիքի կամ բարձրաստիճան պաշտօնեաների գործարար շահերի հետ:
«Հասարակութեանն ամէն ինչ յայտնի է նախագահի ընտանիքի մասին: Դա թաքցնելու կարիք չկայ: Այս օրէնքն ընդունուել է, որպէսզի գործարարներին հնարաւորութիւն տրուի իրենց բիզնեսն ապահով պայմաններում վարել: Ի հարկէ, օրէնքը մի փոքր կը սահմանափակի տեղեկատուութեան հասանելիութիւնը, սակայն կը նպաստի ձեռնարկութիւնների արագ զարգացմանը», - կարծիք է յայտնել նա:
Սակայն սա այնքան էլ համոզիչ չի թւում Ադրբեջանի իրաւաբանների միութեան անդամ Խալիդ Շուքուրովին, որն այս օրէնքը «նոր վտանգաւոր համակարգի սկիզբէ է համարում:
«Օրէնքի պատճառով այս պետութիւնը ոչ պաշտօնական աւտորիտար ռեժիմից կ'անցնի պաշտօնական տոտալիտար համակարգի: Օրէնքն ընդհանրապէս չի ծառայում ժողովրդավարութեան սկզբունքներին. այն սահմանափակում է տեղեկատուութեան ձեռքբերման եւ տարածման հնարաւորութիւնը», - նշում է նա:
Յունիսի սկզբին Ադրբեջան այցելած Ամն-ի Պէտքարտուղար Հիլարի Քլինթոնը քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում քննարկեց նաեւ կառավարման եւ հրապարակայնութեան խնդիրները:
Ադրբեջանի Բաց հասարակութեան ինստիտուտի փոխտնօրէն եւ Ինստիտուտի Նաւթային եկամուտների թափանցիկութեան ու պետական բիւջէի ծրագրի տնօրէն Ֆիդան Նաջաֆովան, որը ներկայ է եղել Քլինթօնի հետ հանդիպմանը, նշում է, որ հիմնականում քննարկուել են բիւջետային ծախսերի եւ կառավարման թափանցիկութեան հարցերը:
«Այս օրէնքը հակասում է թափանցիկ կառավարման սկզբունքին: Այն հիասթափեցրել է ինձ: Այն նաեւ սահմանափակում է առեւտրային բնոյթի տեղեկատուութեան հասանելիութիւնը լրագրողների համար: Այսուհետ լրագրողներին կարող են պատասխանատուութեան ենթարկել իրենց յօդուածներում պարզապէս բաժնետէրերի անունները նշելու համար», - ասում է Նաջաֆովան:
Ադրբեջանն անցեալ տարի միացել է «Բաց Կառավարման գործընկերութիւն» (Open Government Partnership) նախաձեռնութեանը`համալրելով նրան միացած 55 երկրների շարքը: Այս նախաձեռնութեան անդամ դառնալու համար`պետութիւնը պէտք է խոստանայ նպաստել պետութիւն-քաղաքացի յարաբերութիւնների թափանցիկութեան, վստահելիութեան եւ հաշուետուողականութեան մակարդակի բարձրացմանը:
«Ազգային բիւջետային խումբ»ՀԿ-ի համակարգող Գալիբ Աբբասզադեն այն կարծիքին է, որ օրէնքն անմիջականօրէն հակասում է այս սկզբունքներին, քանի որ այն պաշտպանում է գործարարների շահերի գաղտնիութիւնը եւ թոյլ չի տալիս հանրութեանը հետեւել ընտրուած եւ նշանակուած պաշտօնեաների ու նրանց հարազատների եկամուտներին:
«Բոլոր այս գործօնները հակասում են «բաց կառավարման գործընկերութեան»` արժէքներին եւ կարող են սրել լարուածութիւնը հասարակութեան շրջանում եկամուտների անհաւասար բաշխման հետեւանքով», - ասում է նա:
Աբբասզադեն այն ակտիւիստների եւ լրագրողների թւում է, ովքեր յունիսի 6-ին օրէնսդրական փոփոխութիւնը դատապարտող յայտարարութիւն են ստորագրել:
«Առեւտրով զբաղուող իրաւաբանական անձանց մասին տեղեկատուութեան սահմանափակումը չի կարելի է արդարացնել հասարակութեան հետաքրքրասիրութեան մասին փաստարկով: Նման մակարդակի գաղտնիութիւնը կը յանգեցնի այսպէս կոչուած ազատ տնտեսական շուկայի մասնակիցների միջեւ հաւատի եւ վստահութեան պակասին, եւ, հաւանաբար, կը նպաստի կազմակերպուած յանցաւորութեան դէպքերի աճին», - նշւում է յայտարարութեան մէջ:
Աբբասզադեն այն կարծիքին է, որ խորհրդարանը պէտք է չեղեալ յայտարարի օրէնսդրական փոփոխութիւնները, եւ փոխարէնը նոր նախագծէր պէտք է մշակուեն տեղեկատուութիւնն առաւել հասանելի դարձնելու նպատակով:
Լրատուամիջոցների իրաւունքների ինստիտուտի տնօրէն Ռաշիդ Հաջիլին նշում է, որ օրէնքի պատճառով գործարարութեամբ զբաղուելն այսուհետ աւելի կը բարդանայ Ադրբեջանում:
«Երբ ձեռնարկութիւնները որոշում են այլ ընկերութիւնների հետ համագործակցել, ցանկանում են հնարաւորինս շատ տեղեկատուութիւն ստանալ նրանց մասին: Նախ եւ առաջ, նրանց հետաքրքրում է, թէ ում է պատկանում ընկերութիւնը: Դժբախտաբար, այժմ, երբ ընդունուել է այս օրէնքը, դա պարզել այլեւս հնարաւոր չի լինի», - պարզաբանում է նա:
Շուքուրովն իր հերթին պնդում է, որ առեւտրային բնոյթի գործերով դատական պրակտիկան նոյնպէս կը բարդանայ:
«Եթէ որեւէ մէկը մեղադրուի օրէնքի խախտման մէջ, հանրութիւնն այս դէպքի մասին չի իրազեկուի`այդ տեղեկատուութեան առեւտրային բնոյթի պատճառով: Հասարակութիւնը բացայայտ կերպով դատական գործի ընթացքին հետեւելու իրաւունք չի ունենա», - ասում է նա:
Շահլայ Սուլթանովան ազատ լրագրող, Կովկաս
Կովկասեան լրատու