27-06-2012 12:49:54 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Դատաիրաւական բարեփոխումները սկսում են մէկ մարդու գործով պետական մարմնի իրաւաչափ գործողութիւններից: Այդ մարդը տուեալ դէպքում Վարդանուշ Թովմասեանն է: Անտեսելով Պաշտպանի օրէնքի տառից բխող հիմնաւոր պնդումները վարկաբեկելու Արդարադատութեան նախարարութեան անյաջող փորձերը` ստորեւ ներկայացնում ենք նախարարութեան կողմից մարդու իրաւունքի խախտման հանգամանքները` աւելի մանրամասն:
Նախարարութեան պնդումը. ԴԱՀԿ ապահովող ծառայութիւնը անձի դիմումը ստանալու պահից ոչ թէ անյապաղ, այլ օրէնքով սահմանուած եռօրեայ ժամկէտում յարուցել է կատարողական վարոյթ:
Իրականութիւնը. Արդարադատութեան նախարարութեան ԴԱՀԿ ապահովող ծառայութեան կազմտեսչական եւ վերլուծական բաժնի պետի Պաշտպանի աշխատակզմին ուղղուած 05.06.2012թ. գրութեամբ տուեալ գործով նշուել է բառացի հետեւեալը. Կատարողական վարոյթի յարուցման փուլում իրօք խախտուել են կատարողական վարոյթ յարուցելու օրէնքով սահմանուած ժամկէտները...: Մասնաւորապէս, Վարդանուշ Թովմասեանը հայցի ապահովում կիրառելու մասին դատարանի կողմից տրուած կատարողական թերթը ներկայացրել է Արդարադատութեան նախարարութեան ԴԱՀԿ ապահովող ծառայութիւն հոկտեմբերի 11-ին, իսկ կատարողական վարոյթ յարուցուել է հոկտեմբերի 17-ին: Այսինքն` չի պահպանուել նոյնիսկ նախարարութեան կողմից վկայակոչուած երեք օրուայ ժամկէտը:
Օրէնսդրական ծանօթութիւն հանրութեան եւ նախարարութեան համար.
համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարութեան օրէնսգրքի հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարւում է անյապաղ` «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրէնքով սահմանուած կարգով: Համաձայն «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրէնքի 30-րդ յօդուածի 1-ին մասի` կատարողական վարոյթ յարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրուանից յետոյ` եռօրեայ ժամկէտում: «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրէնքի 33-րդ յօդուածի ուժով ոչ աշխատանքային օրերին, ինչպէս նաեւ գիշերային ժամերին կատարողական գործողութիւնները թոյլատրւում են, եթէ անհրաժեշտ է անյապաղ կատարում:
Նախարարութեան պնդումը. Պարտապանը անմիջապէս ՀՀ արդարադատութեան նախարարութեան ԴԱՀԿ ապահովող ծառայութեան դեպոզիտ հաշուին մուտքագրել է կատարողական թերթով սահմանուած գումարն ամբողջութեամբ` 2600000 ՀՀ դրամ:
իրականութիւնը. Պարտապանը Արդարադատութեան նախարարութեան ԴԱՀԿ ապահովող ծառայութեան դեպոզիտ հաշուին գումարը մուտքագրել է ոչ թէ անմիջապէս, այլ նոյեմբերի 11-ին, մինչդեռ կատարողական թերթը քաղաքացին ծառայութիւն էր մուտքագրել հոկտեմբերի 11-ին: Այդ «ամիջապէս» կոչուած մէկ ամսուայ ընթացքում նախարարութեան համապատասխան ստորաբաժանման կողմից արգելանք չի դրուել պարտապանին պատկանող գոյքի վրայ, որի հետեւանքով պարտապանը հասցրել է վաճառել այդ գոյքը (ՀՀ ԿԱՅ Անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի թիւ Է/876-12 գրութիւն):
Նախախրարութեան պնդումը. ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայութեան կողմից արգելանք է դրուել պարտապանին իր կնոջ հետ համատեղ սեփականութեան իրաւունքով պատկանող բնակարանի նկատմամբ եւ նշուածից ակնյայտ երեւում է, որ պարտապանին պատկանող գոյքը վաճառուած լինելու դէպքում ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայութիւնը ուղղակի չէր կարող արգելանք դնել այդ գոյքի վրայ:
Իրականութիւնը. ՀՀ ԿԱՅ Անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի մէկ այլ թիւ ԱՄ/2195-12 Պաշտպանին ուղղուած գրութեան համաձայն նախարարութեան կողմից վկայակոչուող այդ գոյքի վրայ այս գործով չէր կարող արգելանք դրուած լինել, քանի որ նշուած գոյքը 2011թ. հոկտեմբերի 19-ին օտարուած է եղել այլ անձանց: Դրանից յետոյ Վարդանուշ Թովմասեանի լրացուցիչ ջանքերից յետոյ յայտնաբերուել է մէկ այլ գոյք, որի սեփականտերն է պարտապանի կինը եւ այդ գոյքի վրայ դրուել է արգելանք, որն էլ մի քանի օր անց հանուել է, ինչն ըստ օրէնքի Դահկ-ն իր որոշմամբ չէր կարող անել:
Օրէնսդրական ծանօթութիւն հանրութեան եւ նախարարութեան համար.
դահկ մասինէ ՀՀ օրէնքի 44.1-րդ յօդուածի համաձայն` արգելանքի տակ գտնուող պարտապանի գոյքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանւում է, եթէ`
1) առկայ են նոյն օրէնքի 42 յօդուածում նշուած հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գոյքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատէրը հետ է պահանջել կատարողական թերթը:
իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարութեան օրէնսգրքի 100-րդ յօդուածի`
1. Գործին մասնակցող անձի միջնորդութեամբ դատարանն իրաւունք ունի հայցի ապահովման մէկ միջոցը փոխարինել մէկ այլ միջոցով կամ ձեւափոխելու:
2. Հայցի ապահովման մէկ միջոցը մէկ այլ միջոցով փոխարինելու կամ ձեւափոխելու հարցը լուծւում է նոյն օրէնսգրքի 101-րդ յօդուածով սահմանուած կարգով:
Նախախրարութեան պնդումը. Յիշեալ գոյքն առ այսօր գտնւում է արգելանքի տակ եւ ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայութեան կողմից քաղաքացի Վարդանուշ Թովմասեանին տեղեկացուել է այն մասին, որ դատարանի կողմից սահմանուած լրացուցիչ գումարը եւ տոկոսները բռնագանձելու համար անհրաժեշտ է դիմել դատարան` բնակարանում պարտապանին պատկանող մասը առանձնացնելու եւ առանձնացուած մասի վրայ բռնագանձում տարածելու համար:
Իրականութիւնը. Երէկ ՀՀ ԿԱՅ Անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի կողմից տրամադրուած տեղեկութիւններին համապատասխան յիշեալ գոյքը արգելանքի տակ չէր եւ չի եղել վերջին մէկ տարուայ ընթացքում:
Նախախրարութեան պնդումը. Քաղաքացի Վարդանուշ Թովմասեանը փորձում է մեղքը բարդել ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայութեան վրայ` թիւրիմացութեան մէջ գցելով նաեւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին:
Իրականութիւնը. Մարդու իրաւունքների պաշտպանը եւ իր աշխատակազմը իրենց բոլոր պնդումները անում են բացառապէս պետական մարմինների կողմից ստացուած եւ քաղաքացիների պնդումները հիմնաւորող կամ լրացնող գրութիւնների հիման վրայ: Մինչդեռ նախարարութեան աշխատակիցները ոչ միայն խախտել են մարդու իրաւունքը, այլեւ թիւրիմացութեան մէջ գցել նախարարութեան ղեկավարութեանը:
Պաշտպանի աշխատակազմ