ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանի աշխատանքային այցը Շիրակի մարզ


ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

  • 28-06-2012 09:25:20   |   |  Տնտեսութիւն

Յունիսի 17-ին, Շիրակի մարզում գտնուող ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանը, փոխմարզպետներ Սեյրան Պետրոսեանի եւ Յարութիւն Արշակեանի ուղեկցութեամբ, աշխատանքային այցն սկսել է Ազատան համայնքից,ուր ծանօթացել է ֆերմեր Համլէտ Վալեսեանի տաւարաբուծական ֆերմայի եւ «իգիթէ պանրագործանի աշխատանքներին,զրուցել աշխատակիցների հետ կաթի մթերման գործընթացների եւ խելամիտ գների պահպանման մասին: Մեղրաշատ եւ Արեգնադէմ համայնքներում նախարարը շրջել է կարտոֆիլի առատ բերք խոստացող դաշտերում,ուր գիւղացիները խնդրել են օժանդակել իրենց բերքի իրացման հարցերում:Սերգօ Կարապետեանը խոստացել է ըստ ամենայնի քննարկել հարցին ընթացք տալու եւ հողագործներին աջակցելու հնարաւորութիւնները:Նախարարը խոստացել է օժանդակել նաեւ կերարտադրութեանն անհրաժեշտ կորնգանի,առուոյտի եւ գարու բարձրորակ սերմեր ձեռք բերելու հարցերում: Այցելութեան յաջորդ կանգառը Բերդաշենում էր,ուր նախարարը ծանօթացել է Համաշխարհային բանկի Համայնքների գիւղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակութեան ծրագրի շրջանակներում ստեղծուած արօտօգտագործողների կօօպերատիւի աշխատանքներին: <<Ծրագիրը, որը նպատակաուղղուած է աջակցելու բարձրլեռնային եւ սահմանամերձ անասնապահութեամբ զբաղուող համայնքներին, միաժամանակ լուծելով հանրապետութեան հեռագնայ արօտավայրերի նպատակային եւ լիարժէք օգտագործման հարցը,մեկնարկել է անցեալ տարի,սակայն այսօր արդէն որոշակի յաջողութիւններ է գրանցել: Ուստի Համաշխարհային բանկի հետ ձեռքբերուած պայմանաւորուածութեամբ, այն զգալիօրէն կ'ընդարձակուի, ընդգրկելով նոր համայնքներ: Իսկ Շիրակի մարզում նշուած ծրագրում ընդգրկուած են 9 համայնքներ>> - կօօպերատիւի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը: Ի դէպ ծրագրի շրջանակներում բերդաշենցիներն արդէն ստացել են առաջին տեխնիկական օժանդակութիւնը` 82 ձիաուժ հզօրութեան առաջին տրակտորն ու խոտահակաւորման մէկ մամլիչ: Օրուայ երկրորդ կէսին նախարարը եղաւ <<Ամասիա-կաթ>> պանրագործարանում, այցելեց հեռագնաց արօտավայրում գտնուող բավրացի ֆերմեր Ալեքսան Գաբրիէլեանի անասնաբուծական ֆերմա, հանդիպեց Թորոսգիւղ համայնքի բնակիչներին, ուր, ինչպէս եւ հանդիպման միւս վայրերում, նրան ներկայացուեցին կարգաւորման անհրաժեշտութիւն ունեցող այնպիսի հարցեր, ինչպէս մթերուած կաթի դիմաց վճարումներն ուշացնելն ու կաթի գնի չհիմնաւորուած նուազեցումն է: Այս եւ բարձրացուած միւս հարցերին նախարարը խոստացաւ անրադարնալ հիմնաւոր ուսումնասիրութիւնների արդիւնքում` մօտ ապագայում: ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան լրատուական ծառայութիւնից յայտնում են, որ աշխատանքային այցելութիւնն աւարտուել է Բաւրայի մաքսակէտում, ուր Սերգօ Կարապետեանը ծանօթացել է գիւղմթերքի ներկրումների եւ արտահանումների մեխանիզմներին:
  -   Տնտեսութիւն