Հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը
28-06-2012 14:54:58 | Հայաստան | Մշակոյթ
Յունիսի 28-ին Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբը ամփոփեց աշխատանքների ամառային գործաշրջանը:
Զանգուածային լրատուամիջոցների համար հրաւիրուած ասուլիսը բացեց արգելեց-թանգարանի տնօրէն Գագիկ Գիւրջեանը` ներկայացնելով էրեբունիում հայ-ֆրանսիական համագործակցութեան նախորդ տարիների փորձը եւ այս պեղումների նպատակը: Բարձր գնահատելով 1950-60-ական թուականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդիւնքները, մասնաւորապէս ճարտարապետ Կոստանդին Յովհաննիսեանի վաստակը, որոնք թոյլ են տուել Երեւանը ներկայացնել աշխարհի հնագոյն մայրաքաղաքների շարքում` Գ. Գիւրջեանն այնուհանդերձ նշեց, որ խորհրդային ժամանակաշրջանում կատարուած հնագիտական հետազօտութիւններն արուել են որոշակի շտապողականութեամբ, եւ ամրոցի ճարտարապետութեանը վերաբերող շատ հարցականներ այսօր են ստանում իրենց պատասխանները:
2012թ. յունիսի 5-ից մեկնարկած հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների պատկերը մանրամասնօրէն ներկայացրեց ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը, իսկ յայտնաբերուած խեցեղէնի վերլուծութիւնը` արշավախմբի անդամ Ֆրանսուայ Ֆիշէ Դը Կլերֆոնտենը: Մասնագէտները յատկապէս շեշտեցին, որ այս տարուայ պեղումները կ'օգնեն լուսաբանել ուրարտուի կործանումից յետոյ մինչեւ Աքեմենեան տիրապետութիւն ընկած անցումնային ժամանակաշրջանը` շուրջ մէկդարեայ մի ժամանակահատուած, որի ըմբռնումը թոյլ կը տայ գրել Հայաստանի պատմութեան այս էջը: Նրանք նաեւ շեշտել են, որ Իրանի տարածքում պահպանուած աքեմենեան շատ յուշարձանների հետ Էրեբունիի գիտական համեմատութիւնը թոյլ է տալիս ենթադրել, որ Ուրարտուի կործանումից յետոյ կեանքն ամրոցում անկասկած շարունակուել է:
Արգելոց-թանգարանի տնօրէնի տեղակալ, պեղումների հայկական կողմի ղեկավար Արաքսի Մեշինեանը կարեւորել է պեղածոյ նիւթերի մշակման եւ սահմանուած կարգով արգելոց-թանգարանին յանձնման գործընթացը` նշելով, որ ներկայումս յանձնման փուլում են նախորդ տարիներին Էրեբունի ամրոցում պեղումներ իրականացրած հայ-ամերիկեան արշավախմբի նիւթերերը:
«Հ1» հեռուստաընկերութեան լրագրողի այն հարցին` թէ ինչպիսի՞ կեանք են վարել Էրեբունիի բնակիչները , ֆրանսիացի հնագէտ Ստեֆան Դեշամպը կէսկատակ պատասխանել է. «... դատելով ամրոցից յայտնաբերուած խեղեցենի տեսքից եւ որակից, կարելի է ասել, որ ուրարտացիները ծանօթ են եղել շքեղ կեանքին, եղել են ճաշակով, սիրել են ըմպել գինի կամ գարեջուր»: