Յունիսի 29-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանին ընդունեց Արցախի նախագահ Բակոյ Սահակեանը:
Էդուարդ Նալբանդեանը ԼՂՀ Նախագահ Բակոյ Սահակեանին տեղեկացրեց Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին:
Նախագահ Սահակեանն ու նախարար Նալբանդեանը հանգամանալից զրոյց ունեցան արցախեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:
Վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպած սադրանքների լոյսի ներքոյ զրուցակիցները քննարկեցին միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծման ուղղութեամբ եռանախագահների կողմից գործադրուող ջանքերը:
Նախօրէին Էդուարդ Նալբանդեանը հիւրընկալուեց Արցախի խորհրդարանում ու հանդիպում ունեցաւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանի հետ: Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց Արցախի խորհրդարանի միջազգային գործունէութեանը, վերջերս ԼՂՀ ԱԺ ղեկավարի Լոնդոն կատարած այցելութեան արդիւնքներին:
Հանդիպմանը մտքէր փոխանակուեցին յուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրութիւնների նախապատրաստական աշխատանքների, միջազգային դիտորդների մասնակցութեան վերաբերեալ:
Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից,նոյն օրը Էդուարդ Նալբանդեանն այցելեց նաեւ ԼՂՀ ԱԳՆ, ուր հանդիպեց նախարարի պաշտօնակատար Վասիլի Աթաջանեանին եւ նախարարութեան աշխատակազմին, որոնց հետ մտքէր փոխանակուեցին արցախեան հիմնախնդրի կարգաւորման բանակցութիւնների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների, ինչպէս նաեւ դիւանագէտների վերապատրաստման շուրջ: