Նախագահ Սերժ Սարգսեանին իր հաւատարմագրերն է յանձնել ՀՀ-ում ԻԻՀ նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Մուհամմադ Ռէիսին
29-06-2012 13:11:42 | Հայաստան | Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին այսօր իր հաւատարմագրերն է յանձնել Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Մուհամմադ Ռէիսին:
Նախագահը շնորհաւորել է դեսպան Ռէիսին` մեր երկրում դիւանագիտական առաքելութիւնն սկսելու կապակցութեամբ եւ յոյս յայտնել, որ պաշտօնավարման ընթացքում նա առաւելագոյն ջանքեր կը ներդնի աւելի ամրապնդելու հայ-իրանական բարեկամական յարաբերութիւններն ու տարբեր ոլորտներում խորացնելու բազմաբնոյթ համագործակցութիւնը:
Մուհամմադ Ռէիսին նշել է, որ Իրանը մեծապէս կարեւորում է Հայաստանի հետ յարաբերութիւնների խորացումը եւ վստահեցրել է, որ իր գործունէութեամբ հնարաւորին կը նպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը:
Նախագահ Սերժ Սարգսեանը եւ Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային փոխգործակցութեանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Այսմասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից: