Սերժ Սարգսեանը Բրիւսէլում մասնակցել է Եւրոպական ժողովրդական կուսակցութեան գագաթնաժողովին
29-06-2012 10:37:43 | | Քաղաքական
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանը յունիսի 28-ին Բրիւսէլում մասնակցել է Եւրոպական ժողովրդական կուսակցութեան գագաթնաժողովին, որտեղ հանդէս է եկել ելոյթով: Հանրապետութեան նախագահն իր խօսքում անդրադարձել է Եւրոպական միութեան հետ Հայաստանի վերընթաց զարգացող յարաբերութիւններին, համագործակցութեան ընդլայնման նպատակով մի շարք ուղղութիւններով` Ասոցացման համաձայնագրի, Մուտքի արտօնագրերի եւ Ռէադմիսիայի վերաբերեալ համաձայնագրերի, Հայաստան-եւրամիութիւն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու վերաբերեալ ընթացող բանակցութիւններին, ինչպէս նաեւ Հայաստան-ԵՄ քննարկումներում առանցքային նշանակութիւն ունեցող` Հայաստանում բարեփոխումների լայն օրակարգին:
Նախագահ Սերժ Սարգսեանը խօսել է նաեւ ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացի ներկայ վիճակի մասին եւ իր մտահոգութիւնները ներկայացրել հակամարտութեան շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում արձանագրուած ադրբեջանական կողմի սադրիչ գործողութիւնների կապակցութեամբ: ԵԺԿ գագաթնաժողովի մասնակիցներին Սերժ Սարգսեանը ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումն այս հարցում` վերահաստատելով հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով եւ բանակցութիւնների միջոցով միջազգայնօրէն ընդունուած նորմերի սահմաններում լուծելու Հայաստանի պատրաստակամութիւնը, ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրայ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի:
Նախագահ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել ԵԺԿ ղեկավարութեանը եւ բոլոր անդամ կուսակցութիւններին` Հայաստանի Հանրապետական կուսակցութեանը եւ հայաստանեան երկու այլ` ՕԵԿ եւ «Ժառանգութիւն»կուսակցութիւններին ԵԺԿ մեծ ընտանիքի մաս դառնալու հարցում ցուցաբերած աջակցութեան համար: Հանրապետութեան նախագահը վստահութիւն է յայտնել, որ դա կը խթանի Հայաստանի եւրոպական ինտէգրմանն ու մեծապէս կը նպաստի համագործակցութեան ծրագրերի իրագործմանը:
Սերժ Սարգսեանն իր խօսքում կարեւորել է օրուայ հիմնական քննարկման թեման` նշելով, որ եւրոյի ձախողումը անկանխատեսելի սպառնալիք է ոչ միայն Եւրոպայի ապագայի կամ հարեւանների հետ ինտէգրացիոն գործընթացներին, այլեւ համաշխարհային տնտեսութեան համար: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից: