Տեղի կ'ունենայ նախկին ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլեանի հայցով հերթական դատական նիստն ընդդէմ ՀՀ ԿԳ նախարարութեան
02-07-2012 11:02:43 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՊԼՀ նախկին ռեկտոր Ս. Զոլեանի հայցով (ընդդէմ ՀՀ ԿԳՆ անօրինականութիւնների) ս.թ. յուլիսի 2-ին կայանալիք հերթական դատական նիստին ընդառաջ` Եւրոպական Խորհրդի Տարածաշրջանային կամ փոքրամասնութիւնների լեզուների եւրոպական խարտիայի փորձագէտների կոմիտէն իր բոլոր անդամների անունից պաշտօնապէս դիմել է ԵԽ Նախարարների կոմիտէին “…փոխանցելու իր մտավախութիւնը ՀՀ կառավարութեանը եւ յիշեցնելու անդամ պետութիւններին իրենց պարտականութեան վերաբերեալ` յարգել փորձագէտների անկախութիւնը եւ չմիջամտել նրանց աշխատանքին”:
Փորձագէտների կոմիտէն նշում է, որ անդամը նիստին չմասնակցելու հիմնարար պատճառներ կարող էր ունենալ, օրինակ, իր հիմնական աշխատանքի անյետաձգելի պարտականութիւնները: Ինչեւէ, այս պարագայում մերժման հիմք հանդիսացող եւ ոչ մի պատճառ չի ներկայացուել:
Կոմիտէն նաեւ ընդգծում է, որ իր գործունէութեան համար էական է, որ Կոմիտէի անդամները պարտականութիւններ իրականացնելիս լինեն իրենց կառավարութիւնից անկախ` համաձայն Տարածաշրջանային կամ փոքրամասնութիւնների լեզուների եւրոպական խարտիայի: Տարածաշրջանային կամ փոքրամասնութիւնների լեզուների պաշտպանութեան եւ առաջխաղացման նպատակով իրավիճակի գնահատումը երբեմն քաղաքական տեսանկիւնից վիճահարոյց է, ուստի եւ անընդունելի է իշխանութիւնների կողմից ցանկացած ձեւի քաղաքական ճնշում:
Տուեալ պարագայում Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անդամը չի թոյլատրել Փորձագէտների կոմիտէի` Հայաստանեան անդամին մասնակցել Փորձագէտների կոմիտէի նիստին` չտալով Կոմիտէին յայտնի եւ ոչ մի հիմնարար պատճառ:
Այս ամէնը ամրագրուած է նաեւ ՀՀ կառավարութեան կողմից հաստատուած Տարածաշրջանային կամ փոքրամասնութիւնների լեզուների եւրոպական խարտիայի բացատրական զեկոյցի 131-րդ կէտով, որում մասնաւորապէս նշւում է. “փորձագէտների կոմիտէի անդամների թիւը պէտք է լինի նոյնը, ինչ որ խարտիայի կողմերի թիւն է: Նրանք պէտք է լինեն ճանաչուած գիտակներ տարածքային կամ փոքրամասնութիւնների լեզուների բնագաւառում: Միաժամանակ, շեշտելով “ամենաբարձր բարոյականութեան” ներքին անձնական յատկանիշը, խարտիան յստակեցնում է, որ կոմիտէում նշուած փորձագէտները իրենց պարտականութիւնը կատարելիս պէտք է անկախ գործելու ազատութիւն ունենան եւ ենթակայ չլինեն համապատասխան կառավարութիւնների հրահանգներին”:
«Ազատ համալսարան»լրատուական ծառայութիւնից յիշեցնում են, որ ս.թ. յուլիսի 2-ին (երկուշաբթի) ժամը 14:30-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանում (դատաւոր` Ափինեան, Թբիլիսեան խճուղի 3/9) տեղի կ'ունենայ ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլեանի հայցով հերթական դատական նիստն ընդդէմ ՀՀ ԿԳ նախարարութեան: