Մայրաքաղաքի կանգառագօտիներում կը տեղադրուեն եւրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրօնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարաւորութիւն կը տան տեղեկանալու սպասուող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականութեան եւ միջակայքերի մասին: Աշխատանքային հերթական խորհրդակցութեան ժամանակ երեւանի քաղաքապետ Տարօն Մագարեանը յանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերեալ համապատասխան ծրագիր:
Տրանսպորտի վարչութեան պետը զեկուցել է, որ, շարունակելով ամենօրեայ հսկողութիւնը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ, աձանագրուել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմուել են համապատասխան վարչական արձանագրութիւններ: Զեկուցուել է նաեւ, որ կայացել են Երեւանի ներքաղաքային աւտոբուսային եւ միկրոաւտոբուսային կանոնաւոր փոխադրումների երթուղիների հերթական մրցոյթները:
Քաղաքապետը յանձնարարել է վերանայել հեղեղատարների վիճակը եւ գոյքագրել մայրաքաղաքի բոլոր այն բակային տարածքներն ու երկրոդական փողոցները, որտեղ նկատւում են անձրեւաջրերի կուտակումներ:
Զեկուցուել է, որ սահմանուած ժամկէտից շուտ կ'աւարտուեն մայրաքաղաքի շէնքերի ճակատային հատուածների բարեկարգման, ներկման եւ լուացման աշխատանքները:
Աւարտական փուլում է նաեւ վարչական շրջաններում ընթացող բակերի բարեկարգման եւ մանկական ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Ծրագրի համաձայն բակային տարածքներում կը տեղադրուի 74 մանկական խաղ եւ 400 մարզական գոյք:
Քամիների ժամանակ ծառերի հնարաւոր տապալումներից խուսափելու նպատակով` քաղաքապետը յանձնարարել է գոյքագրել մայրաքաղաքում առկայ չորացած ծառերն ու կատարել սանիտարական էտում:
Ծառերի կրապատման եւ բուժման աշխատանքներն ակտիւացնելու համար յանձնարարուել է այդ աշխատանքներում, ցանկութեան դէպքում, ներգրաւել նաեւ հասարակական կառոյցներին:
Մայրաքաղաքի շատրուանների վերագործարկման նպատակով Տարօն Մարգարեանը յանձնարարել է շարունակել բանակցութիւնները ներդրողների հետ:
<<Երքաղլոյս>> ՊՓԲԸ տնօրէնը զեկուցել է, որ շարունակւում են այգիների եւ պուրակների տարածքները վարձակալած տնտեսավարողների հետ համատեղ այդ տարածքների գիշերային լուսաւորութեան ապահովման եւ եղած թերութիւնների վերացման աշխատանքները: Զուգահեռաբար բանակցութիւններ են ընթանում համապատասխան կառոյցների հետ` այգիներում եւ պուրակներում WiFi համակարգի տեղադրման ուղղութեամբ:
<<Բնակիչների հանգստի կազմակերպման համար պէտք է ապահոված լինեն բոլոր պայմանները: Չլուսաւորուած այգի, պուրակ կամ բակ մայրաքաղաքում պէտք է չունենանք>>,-նշել է Տարօն Մարգարեանն ու յանձնարարել գոյքագրել վարչական շրջանների գիշերային լուսաւորման անհրաժեշտութիւն ունեցող հանգստի բոլոր գօտիները եւ քայլեր ձեռնարկել հնարաւորին սեղմ ժամկէտում թերութիւնները վերացնելու ուղղութեամբ:
Զեկուցուել է, որ շարունակւում են շէնքերի շքամուտքերի վերանորգման աշխատանքները, որոնք իրականացւում են վարչական շրջաններ-համատիրութիւն համատեղ ծրագրի շրջանակում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ շարունակւում է նաեւ խիստ հսկողութիւնը մայրաքաղաքի տարածքում տեղադրուած նստարանների եւ չուգունից պատրաստուած իրերի պահպանման նկատմամբ:
Հաշուի առնելով բնակիչներից ստացուած բողոքները թափառող կենդանիների հետ կապուած` քաղաքապետը յանձնարարել է առաւել հետեւողական լինել եւ մրցոյթը շահած ընկերութեան կողմից ապահովել բնակչութեան անվտանգութիւնը: