Սասունցի Դաւիթն անպարտ է <br /> կամ նորից Հայաստանում օտարալեզու դպրոցների մասին


Սասունցի Դաւիթն անպարտ է
կամ նորից Հայաստանում օտարալեզու դպրոցների մասին

  • 24-05-2010 15:00:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Վերջին շրջանում հասարակութեան բուռն քննարկման առարկայ է դարձել Լեզուի մասին օրէնքում կառավարութեան կողմից առաջարկուող փոփոխութիւնները: Բնական է եւ լաւ է, որ հասարակութիւնը միակարծիք չէ: Սա նշանակում է մենք աստիճանաբար յաղթահարում ենք ոչ վաղ անցեալի ժառանգութիւնը: Սակայն ցաւալին այն է, որ օրէնքի փոփոխութիւնների կողմնակիցները ոչ թէ հիմնաւոր առարկութիւններ են բերում իրենց ընդդիմախօսների քաղաքական, իրաւական, տնտեսական, հոգեբանական, մշակութային փաստարկների դէմ, այլ պարզապէս նենգափոխում են հարցի բուն էութիւնը եւ փորձ են անում հարցը ներկայացնել իբր այլատեացութեան դրսեւորում եւ ինքնամեկուսացման ջատագովութիւն: Նախ իմ նկատառումները յայտնեմ քննարկումների ժամանակ հնչած որոշ մտքերի վերաբերեալ, ապա կ'անդրադառնամ անձամբ իմ հասցէին հնչած մեղադրանքներին, յատկապէս «Նովոյէ Վրեմիայում»-յում «Օտդել պոլիտիկի»-ի կողմից 2010թ. մայիսի 22-ին տպագրուած յօդուածին: Օտարալեզու հանրակրթութեան կողմնակիցների հիմնական կռուանն այն է, որ դա կը նպաստի Հայաստանի մրցունակութեան աճին ժամանակակից աշխարհում, կը նպաստի մեր երկրի տնտեսական զարգացմանը: Միանգամայն անհիմն պնդումներ: Անդրսահարեան աֆրիկայի երկրների մեծ մասում կրթութեան լեզուն` առաջին դասարանից մինչեւ համալսարան ու Ph.D, անգլերէնն է կամ ֆրանսերէնը: Ֆինլանդիայում, Ճապոնիայում եւ Նիդեռլանդներում համապատասխանաբար ֆիններէնը, ճապոներէնն ու հոլանդերէնը: Հիմա ազնուօրէն ասացէք, ո՞ր երկրներն են աւելի մրցունակ եւ զարգացած: Ուրեմն խնդիրը ուսուցման լեզուն չէ, այլ կրթութեան բնոյթն ու որակը: Ուրեմն, շեշտը պիտի դրուի ընդհանուր կրթական համակարգի բարելաւման, մասնաւորապէս օտար լեզուների ուսուցման արդիականցման վրայ: Ես հասկանում եմ, որ դա մեծ միջոցներ է պահանջում: Սակայն, եթէ մենք կարող ենք 500 մլն. դոլար պարք վերցնել անաւարտ շինարարութիւններն աւարտելու համար, ինչու՞ նոյնը չենք կարող անել անկատար կրթական համակարգն արմատապէս բարեփոխելու համար: Ի վերջոյ, կրթութեան ոլորտում ցանկացած ներդրում ապագայում կը հատուցուի տասնապատիկ: Այսուհանդերձ, պէտք է շեշտել, որ մինչեւիսկ լաւագոյն կրթական համակարգը չի կարող նպաստել երկրի զարգացմանը, քանի դեռ աշխատանքի շուկայում չկայ գիտելիքի ազատ ու արդար մրցակցութիւն: Ո՞վ կարող է հայաստանցի երեք մեծահարուստի կամ երեք մեծապաշտօնի անուն տալ, որոնք յաջողութեան են հասել իրենց խելքի ու գիտելիքի շնորհիւ: Օտարալեզու հանրակրթութեան կողմնակիցների միւս կռուանն այն է, որ լեզուի ընտրութիւնը մարդու իրաւունքների հարց է եւ ծնողն իրաւունք պիտի ունենայ ինքը որոշելու, թէ ո՞ր լեզուով պիտի ուսուցում ստանայ իր զաւակը: Նախ, կ'ուզէի իմանալ այդ ո՞ր օրուանից էք այդքան մտածում մարդու իրաւունքների մասին: Յետոյ, մարդու իրաւունքները Կանադայից աւելի յարգողը չլինենք: Կանադայում, ինչպէս գիտէք, կայ երկու պետական լեզու` անգլերէն եւ ֆրանսերէն: Սակայն ծնողները մինչեւիսկ ազատ չեն երկու հաւասարազօր պետական լեզուների միջեւ ընտրութիւն կատարելու հարցում: Օրինակ, 1974թ. Քեբեկում ընդունուած Պետական լեզուի ակտով բոլոըը պարտաւոր են իրենց երեխաներին տանել ֆրանսալեզու դպրոց: Բացառութիւն է արուած միայն հինգը խմբի համար` հիմնականում բնիկ անգլալեզուների եւ օտարահպատակների համար: Չխորանալով իրաւական նրբութիւնների մէջ ասեմ, որ եթէ դուք քեբեքցի էք եւ ապրում էք Քեբեքում (մեր պարագայում հայ էք եւ ապրում էք Հայաստանում) չէք կարող ձեր երեխային տալ անգլալեզու դպրոց: Որեւէ հիմնաւորում, որ անգլիական կրթութիւնը ձեր երեխային աւելի մրցունակ կը դարձնի Միացեալ Նահանգներում կամ Կանադայում աշխատանք գտնելու հարցում, չի անցնում: Քեբեքում հանրակրթական դպրոցն ընկալւում է որպէս ֆրանսախօս ինքնութեան պահպանման հիմնասիւն եւ ոչ թէ աշխատանքի տեղաւորման գրասենեակ: Մասնագիտական գիտելիքի համար կան համալսարաններ: Հիմա անցնենք «Նոր ժամանակների»-ի վերոյիշեալ յօդուածին: «Օտդել պօլիտիկի»-ին իմ կողմից այն փաստի վկայակոչումը, որ Եռաբլուրում թաղուածների անհամամասնօրէն մեծ մասն ունի հայկական կրթութիւն, համարել է «oչեն բեստակտնօ»: Հիմա զարմանալու հերթն իմն է. Իմ արտայայտած միտքը պարզապէս առկայ իրողութեան բարձրաձայնում է: Արդեօ՞ք դուք կը նեղուէք այն մտքից, եթէ մէկն ասի, որ ցերեկը լոյս է, իսկ գիշերը մութ: Դա փաստ է, իսկ փաստից չեն նեղւում: Փաստերը կարելի է միայն հերքել: Եթէ դուք իմ ասածի նման Եռաբլուրից հարիւր պատահական անուն վերցնէք եւ փաստէք իմ ասածի հակառակը, ես պատրաստ կը լինեմ հէնց ձեր թերթում ներողութիւն խնդրել: Մինչ այդ ես պնդում եմ իմ ասածը: Թուերը չեն խաբում: Նուիրուածութիւնը սեփական երկրին եւ ժողովրդին ոչ միայն եւ ոչ այնքան գիտակցուած վարքագիծ է, որքան ենթագիտակցական ընտրութիւն, որը խարսխուած է լեզուամշակութային ընկալումների վրայ: Այսուհանդերձ, ես երբեք չեմ պնդել եւ չեմ պնդում, որ առանձին անհատներ, առանց մայրենի լեզուի կամ հայրենի մշակոյթի իմացութեան կամ խորը իմացութեան չեն կարող իրագործել հայրենանուէր գործեր: Ես, մամուլում յիշատակուած Կ'ոմանդոսի (Արկադի Տէր-թադեւոսեան), Քրիստափոր Իւանեանի եւ Մոնթէ Մելքոնեանի անուններին, կ'ուզէի աւելացնել առնուազն երկու անուն` Նորատ Տէր-գրիգորեանցի եւ Անատոլի Զինեւիչի անունները: Երկու մեծ զինուորական անհատականութիւն, զուտ ռուսախօս, որոնց անուններն այսօր քիչ են յիշւում, սակայն որոնց դերն անուրանալի է հայոց հայրենիքի արեւելեան հատուածի մի մասի ազատագրման գործում: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր զոհուածների յիշատակի եւ բոլոր ողջերի առջեւ: Սակայն ակնյայտ է, որ հէնց այս անունների առանձնանաշումը ցոյց է տալիս, որ նրանք բացառութիւններ են, որ հաստատում են լեզուամշակութային կապի անհրաժեշտութիւնը: 1989թ., ՍՍՀՄ զինուած ուժերում աւելի քան 6 հազար հայազգի սպայ էր ծառայում` ճնշող մեծամասնութիւնը զուտ ռուսախօս: Քանիսն եկան իրենց մասնագիտութիւնն ի սպաս դնելու սեփական հայրենիքին: Չէ՞ք կարծում, որ եթէ նրանք լեզուամշակութային ընկալումներով աւելի կապուած լինէին սեփական հայրենիքին, աւելի մեծ թուով կը գային: Չէ՞ք կարծում, որ Ամն-ում ապրող աւելի քան մէկ միլիոն հայութիւնից, որոնց զգալի մասն այսօր կորցրել է իր հայախօսութիւնը, շատ աւելի մեծ թուով հայեր անմիջական մասնակցութիւնը կը բերէին մեր հայրենիքի ազատագրմանը, եթէ հայախօս լինէին: Համեմատէք, նշեալ փաստերը տասն անգամ աւելի փոքրաթիւ Լիբանանի կամ Իրանի հայախօս համայնքների հետ եւ ասածները լրացուցիչ փաստերի կարիք չեն ունենայ: Նոյն Միացեալ Նահանգների համար նշեմ, որ երբ ԱՄՆ մտաւ Առաջին աշխարհամարտի մէջ (1917թ.), այդ ժամանակուայ փոքրաթիւ ամերիկահայ համայնքից իրենց հայրենիքի ազատագրմանը որպէս կամաւորներ անդամագրուեցին հազարաւոր ամերիկահայեր: Չէ՞ք կարծում, որ դա պայմանաւորուած էր նրանց հայախօսութեամբ: Կրկնում եմ, բացառութիւններ միշտ կան եւ կը լինեն, սակայն մեծ պատկերը յստակ է` լեզուամտածողութիւնը զգալապէս պայմանաւորում է ազգային վարքագիծը: Մէկ այլ հանգամանք: Յօդուածագիրը հարց է տալիս` ես ի՞նչ լեզուով եմ կարդացել Լիւդուիգ Վիտգենշտեյնի աշխատութիւնները: Ասեմ` ռուսերէն: Եթէ ես` հայկական դպրոցի շրջանաւարտս, ի վիճակի եմ եղել ռուսերէն կարդալ փիլիսոփայական աշխատութիւններ, ապա դա ինչու՞ չեն կարող անել ուրիշները: Եթէ իմ հայախօս ընկերները եւ ես ի վիճակի էինք ՍՍՀՄ միութենական ուսանողա-գիտական մրցոյթներում մրցանակներ շահել լեզուաբանութեան, փիլիսոփայութեան, քաղաքագիտութեան եւ պատմութեան ոլորտներում, ինչու՞ հիմա դա չեն կարող անել ուրիշները, երբ լեզու սովորելու հնարաւորութիւններն անհամեմատ աւելի շատ են: Նորից եկանք նրան, որ դպրոցական կրթութեան լեզուն կապ չունի, կապ ունի կրթութեան որակը եւ դպրոցներում լեզուների դասաւանդման մակարդակը: Եթէ լեզուների դասաւանդումը չի բարելաւուում հարնակրթական դպրոցներում, ուրեմն չկայ դրա հասարակական պահանջը: Իսկ չկայ , քանի որ գիտութեանը մեր երկրում տրուած է պետական վարչակազմի աղախնի կարգավիճակը: Ի դէպ, քանի որ խօսքը գնաց իմ մասին բերեմ մի օրինակ եւս: Երբ ես ընդունուեցի Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետ, ոչ մի բառ չգիտէի պարսկերէն: Սակայն երեք տարի հետ ես արդէն աշխատում էի որպէս ռուսերէնից-պարսկերէն եւ պարսկերէնից-ռուսերեն թարգմանիչ: Ուզում եմ շեշտել, որ ես բացառութիւն չէի, ինձանից աւելի լաւ լեզու իմացողներ էլ կային: Այսինքն, ճիշտ դասաւանդման եւ ցանկութեան դէպքում միայն համալսարանական տարիներն էլ բաւարար են օտար լեզուներ սովորելու համար: Եւս մի հանգամանք եւ առայժմ սրանով սահմանափակուենք: Ես երբեք դէմ չեմ եղել եւ դէմ չեմ օտար լեզուների ուսուցմանը Հայաստանում, ես դէմ եմ օտար լեզուով ուսուցմանը Հայաստանում` հանրակրթական դպրոցում եւ հայաստանցի հարկատուների հաշուին: Սա է եղել իմ մշտական դիրքորոշումը: Ես լաւ յիշում եմ մեր բոլորիս ոգեւորութիւնը 1980-ական թուականներին, երբ բացուեց պարսկերէնի ուսուցման առաջին դպրոցը Հայաստանում: Ես կողմ եմ եղել եւ կողմ եմ մինչեւիսկ թուրքերէնի ուսուցմանը մի քանի դպրոցում, քանի որ կայ դրա քաղաքական, տնտեսական, ռազմական եւ մշակութային անհրաժեշտութիւնը: Ես աւարտել եմ Երեւանի # 114 հայկական դպրոցը (ներկայումս Խաչիկ Դաշտենցի անուան): Բացի հայերէնից մենք անցնում էինք երկու օտար լեզու` ռուսերէն եւ անգլերէն: Մենք ամէն օր ունէինք մէկական դասաժամ անգլերէն, իսկ որոշակի տարիքից յետոյ, իւրաքանչիւր տարի նաեւ շաբաթական մէկական ժամ անգլերէնով պատմութիւն, աշխարհագրութիւն, քերականագիտութիւն եւ տեխնիկական թարգմանութիւն: Այսինքն, Հայաստանում կայ դպրոցում երկու օտար լեզուի լաւ դասաւանդման փորձը, ուրեմն այն կարելի է ընդհանրացնել: Ուրիշ բան, որ դա շատ աշխատատար է եւ թանկ, միաժամանակ պահանջում է գործի իմացութիւն ու նուիրում հայրենիքին, որոնք կարծես չունեն Լեզուի մասին օրէնքում փոփոխութիւններ մտցնել ցանկացողները: Նրանք գնում են դիւրին ճանապարհով, սակայն դիւրինը միշտ չէ, որ ճիշտ ճանապարհն է: Մեր դիւցազներգութեան հերոսը` Սասունցի Դաւիթը, անպարտ էր: Անպարտ էր քանի դեռ պարտութիւն չկրեց սեփական զարմից: Միթէ՞ մենք այնքան անհեռատես պիտի լինենք, որ պարտութիւն կրենք ինքներս մեզնից: Արա Պապեան «Մոդուս վիւենդի» կենտրոնի ղեկավար
  -   Յօդուածներ