Թամարա Բաբայեան. «Համաշխարհային բանկի օժանդակութեամբ իրականացուող ծրագրի գլխաւոր նպատակը էներգախնայողութեան ապահովումն է»
03-07-2012 13:08:44 | Հայաստան | Տնտեսութիւն
Էներգախնայողութեան ծրագրերի վերաբերեալ հարցեր են քննարկուել Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի եւ Հայաստանի վերականգնուող էներգետիկայի եւ էներգախնայողութեան հիմնադրամի տնօրէն Թամարա Բաբայեանի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Արթուր Կոչնակեանը:
Կարեւորելով հիմնադրամի հետ համագործակցութիւնը` քաղաքապետը ընդգծել է վերջին երկու տարիների ընթացքում էներգախնայողութեան նպատակով մայրաքաղաքի որոշ դպրոցներում, ինչպէս նաեւ անապահով ընտանիքների համար բնակարանների գազիֆիկացման աշխատանքների տեխնիկական աջակցութեան շրջանակում իրականացուած ծրագրերը:
<<Ողջունելի են բոլոր այն ծրագրերն ու գաղափարները, որոնք ուղղուած են քաղաքային տնտեսութեան զարգացմանն ու բնակչութեան սոցիալ-կենցաղային պայմանների բարելաւմանը: Մենք բազմիցս յայտարարել ենք, որ բաց ու պատրաստակամ ենք քննարկելու բոլոր այն առաջարկները, որոնք կը նպաստեն մեր քաղաքի ու մեր բնակիչների յարմարաւէտութեան ապահովմանը: Այս դէպքում եւս պատրաստ ենք շարունակել փոխշահաւէտ գործակցութիւնը` նոր ծրագրերի իրականացման ուղղութեամբ>>,- շեշտել է Տարօն Մարգարեանը:
Շնորհակալութիւն յայտնելով հանդիպման համար` Թամարա Բաբայեանը նշել է, որ Համաշխարհային բանկի օժանդակութեամբ իրականացուող ծրագրի գլխաւոր նպատակը էներգախնայողութեան ապահովումն է, ինչն իր հերթին բերում է նաեւ ֆինանսների արդիւնաւէտ կառավարման:
<<Յատկապէս վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնութեամբ մայրաքաղաքում իրականացուող ծրագրերի արդիւնաւէտութիւնն ակներեւ է բոլոր երեւանցիների համար, ինչը մէկ անգամ եւս ապացուցում է, որ ֆինանսների արդիւնաւէտ տնօրինումը հնարաւորութիւն կը տայ աւելի ու աւելի տեսանելի եւ առարկայական փոփոխութիւններ կատարել Երեւանում: Այս տեսանկիւնից, պարոն քաղաքապետ, կարծում եմ կը համաձայնէք, որ էներգախնայողութեան ծրագիրն իսկապէս անհրաժեշտ եւ կարեւոր է: Կարող եմ վստահեցնել, որ մենք շահագրգիռ ենք շարունակելու Ձեզ հետ համագործակցութիւնը>>,-նշել է Թամարա Բաբայեանը` յաւելելով, որ հիմնադրամը պատրաստակամ է հնարաւորին սեղմ ժամկէտներում նախաձեռնել փոխշահաւէտ ծրագրերի իրականացման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում ն, որ հբ ներկայացուցիչն իր հերթին յաւելել է, որ միջազգային ֆինանսական կառոյցը եւս պատրաստակամ է ընդլայնել Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցութիւնը:
Շնորհակալութիւն յայտնելով պատրաստակամութեան համար, քաղաքապետ Տարօն Մարգարեանը առաջարկել է քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ քննարկել համագործակցութեան հնարաւոր ուղղութիւններն ու ըստ այդմ նախապատրաստել առաջարկների փաթեթ:
Կողմերը մտքէր են փոխանակել նաեւ էնեգախնայողութեան ծրագրերի շրջանակում հանրային ու պատմամշակութային շէնքերի, ինչպէս նաեւ այգիների ու պուրակների արտաքին լուսաւորութեան անցկացման շուրջ: