Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Դաշնոր Դերուիշին
03-07-2012 16:35:34 | Հայաստան | Քաղաքական
Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Դաշնոր Դերուիշին: Կառավարութեան ղեկավարը շնորհաւորել է դեսպանին պաշտօնն ստանձնելու կապակցութեամբ եւ այդ պատասխանատու առաքելութեան մէջ մաղթել յետագայ յաջողութիւններ: «Ձեր յաջող աշխատանքը բխում է մեր երկու երկրների շահերից: Մենք պատրաստ ենք Ձեզ համար ստեղծել բոլոր պայմանները, որպէսզի այդ առաքելութիւնն արդիւնաւէտ իրականացնեք»,- ասել է Տիգրան Սարգսեանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ յարաբերութիւնների զարգացմանն առնչուող հարցերի լայն շրջանակ: Մասնաւորապէս, անդրադարձ է կատարուել քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագաւառներում հայ-ալբանական յարաբերութիւնների ակտիւացմանն ու խթանմանը: Հայ եւ ալբանացի գործարարների միջեւ շփումների ու կապերի հաստատման նպատակով պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել կազմակերպել բիզնես ֆորում:
Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, Դաշնոր Դերուիշին վարչապետին է ներկայացրել նաեւ Ալբանիայի եւրաինտէգրման գործընթացը եւ այդ համատեքստում կարեւորուել է երկուստէք փորձի փոխանակումը: