«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստեան տան կառավարումը կ'անցնի MARRIOTT ընկերութեանը


«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստեան տան կառավարումը կ'անցնի MARRIOTT ընկերութեանը

  • 03-07-2012 14:55:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«Հայռուսգազարդ» ՓԲԸ գլխաւոր տնօրէնի տեղակալ Իշխան Կարապետեանը եւ Marriott International Inc ընկերութեան Միջազգային հիւրանոցային զարգացման եւրոպական մասի տնօրէն Տուոմաս Լաակսոն յուլիսի 3-ին համաձայնագիր կնքեցին, ըստ որի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստեան տան կառավարումը կ'անցնի MARRIOTT ընկերութեանը, իսկ համալիրը կը կրի TSAGHKADZOR MARRIOTT HOTEL անուանումը: «Ադիգազ» հանգստեան տան վերակառուցման ծրագրի շրջանակում միջազգային ստանդարտներին համապատասխան հիւրանոցային համալիր կառուցելու որոշման արդիւնքում դեռեւս 13.04.2011թ. «հայռուսգազարդէ ՓԲԸ եւ Marriott International ընկերութեան Luxury Hotels International Management Company B.V.-ի միջեւ կնքուել էր «Մտադրութիւնների մասին յուշագիր»` «Ադիգազ» հանգստեան տունը վերակառուցելու եւ MARRIOTT միջազգային բարձրակարգ հիւրանոցային ցանցին միաւորելու վերաբերեալ: «Հայռուսգազարդ» ՓԲԸ եւ MARRIOTT International Design and Construction Services (MIDCS) ընկերութեան միջեւ կնքուած Միջանկեալ խորհրդատուական ծառայութիւնների համաձայնագրով նախատեսւում է հիւրանոցի վերակառուցումը իրականացնել MARRIOTT միջազգային բարձրակարգ հիւրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան: Ինչպէս նշեց Իշխան Կարապետեանը, վերակառուցման ծրագրի համար հիմք հանդիսացան Հայաստանի զբօսաշրջութեան զարգացման ուղղութեամբ հհ նախագահ Ս.Սարգսեանի նախընտրական ծրագրում ամրագրուած դրոյթները: «Նախագիծը կեանքի կոչուեց եւ դարձաւ իրականութիւն «գազպրոմ« ընկերութեան գործուն եւ իրական աջակցութեան արդիւնքում: Չնայած նրան, որ հիւրանոցային համալիրը «Հայռուսգազարդ»-ի համար գործունէութեան հիմնական ուղղութիւն չի հանդիսանում, այնուամենայնիւ, յարկ եմ համարում ընգծել, որ այն իր տեխնիկական եւ դիզայներական լուծումներով համապատասխանում է հիւրանոցային բիզնեսում ընդունուած ամենաբարձր չափանիշներին», - ասաց« Հայռուսգազարդ» ՓԲԸ գլխաւոր տնօրէնի տեղակալը: Marriot International Inc ընկերութեան Միջազգային հիւրանոցային զարգացման եւրոպական մասի տնօրէն Տուոմաս Լաակսոն իր հերթին գոհունակութեամբ նշեց, որ այս նախագծի միջոցով Marriot ընկերութիւնն ընդլայնում է իր հնարաւորութիւններն տարածաշրջանում, մասնաւորապէս Հայաստանում: «Մենք մեծ ակնկալիքով ցանկանում ենք համագործակցել «Հայռուսգազարդ»-ի հետ, որպէս յուսալի գործընկերոջ: «Հայռուսգազարդ»-ի մեր գործընկերների հետ համագործակցելով` մենք ցանկանում ենք ստեղծել կարիերայի զարգացման հնարաւորութիւններ, ինչպէս նաեւ ժամանցի ու հանգստի պայմաններ մեր հիւրերի համար», - ասաց Տուոմաս Լաակսոն: Հիւրանոցային համալիրի բացումը նախատեսւում է 2012թ. սեպտեմբերին` միջազգային զբօսաշրջային շուկային առաջարկելով մրցունակ զբօսաշրջային արդիւնք եւ բարձրակարգ ծառայութիւններ: Հիւրանոցային համալիրի շինարարութիւնն ու ձեւաւորումը իրականացուել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան եւ հսկուել է համաշխարհային բարձր որակաւորում ունեցող մասնագէտների կողմից: Հիւրանոցը ունի աւելի քան 100 համար, հիւրանոցում ընդգրկուած է ծառայութիւնների մատուցման լայն սպեկտոր եւ ժամանցի կազմակերպման ամենատարբեր առաջարկներ: Հիւրանոցի շահագործումը եւս մէկ առաջընթաց քայլ է Հայաստանում զբօսաշրջութեան ոլորտի կայուն զարգացումն ապահովելու եւ օտարերկրեայ շուկաներում հայաստանեան զբօսաշրջային արդիւնքը խթանելու համար:
  -   Տնտեսութիւն