Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչութեան յայտարարութիւնը Վահէ Աւետեանի մահուան կապակցութեամբ


Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչութեան յայտարարութիւնը Վահէ Աւետեանի մահուան կապակցութեամբ

  • 03-07-2012 18:57:08   |   |  Հասարակութիւն

Յունիսի 17-ին Երեւանի <<Հարսնաքար>> ռեստորանում դաժանօրէն ծեծի ենթարկուած ռազմական բժիշկներից բուժծառայութեան մայոր Վահէ Աւետեանի մահուան գոյժը ցնցեց Գերմանիայում բնակուող հայերիս: Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչութիւնը խորը կսկիծով իր ցաւակցութիւնն է յայտնում Աւետեան ընտանիքին, նրա բոլոր սգակիր հարազատներին եւ Հայաստանի Հանրապետութիւնում ու սփիւռքում բնակուող վշտակից հայ ժողովրդին: Խիստ մտահոգուած Հայաստանի Հանրապետութեան իշխանական ներկայ համակարգի ցաւագար վիճակով, որը ստեղծել է անպատժելիութեան կործանարար մթնոլորտ, հանրապետութիւնը լցրել լկտի մարդասպաններով ու նրանց հովանաւորող նոյնքան լկտի օլիգարխներով ու պատգամաւորներով, մենք անարգանքի սիւնին ենք գամում հանրապետութիւնը կործանման տանող յանցաշխարհի բոլոր ներկայացուցիչներին, որոնց բռունցքների հարուածից մահացած, մեզ հրաժեշտ տուեց բոլորիս անվտանգութեան ամենամեծ երաշխիքը` հայ զինուորը: Որպէս հայոց սփիւռքի մի հատուած, մենք թիկունք ենք կանգնում Աւետեան ընտանիքին եւ վշտակից դարձած այն հազարաւոր հայերին, որոնք այսօր ըմբոստացել ու Երեւանի հրապարակներում արդարօրէն պահանջում են համարժէք պատիժ արդէն պետութեան հիմքերը քանդող ոճրագործներին: մենք բոլորս ենք դարձել նրանց զոհերը: Տարիներ ի վեր ակնյայտ անօրէնութիւնը, դաժանութիւններն ու անընդհատ մեզ հասնող սարսափի տեսարանների մամուլի նկարագրութիւններն ու ձայնագրութիւնները, կտրում են հայրենիք վեռադառնալ ցանկացող հայ ընտանիքների ու երիտասարդների վերջին յոյսերը: Դրան զուգահեռ` պետական մարմինների կողմից լքուած ու դառնացած, հանրապետութիւնից ամէն օր Գերմանիա տեղափոխուող բազմաթիւ ընտանիքներ ու անհատներ անասելի ճիգեր են գործադրում այստեղ բնակութիւն հաստատելու համար, մաշում իրենց երիտասարդ տարիները կեցութեան եւ այլ իրաւունքների ձեռք բերման հոգետանջ եւ յաճախ անպտուղ գործընթացներում`յուսալով գոնէ այստեղ ապահովել իրենց եւ իրենց երեխաների մարդավայել ապագան: Մենք գտնում ենք, որ հանրապետութիւնում գործող իւրաքանչիւր յանցագործ, լինի դա թիկնապահ, գործարար, պատգամաւոր, նախարար թէ այլ բարձրաստիճան այր, որպէս ներքին թշնամի հայ ժողովրդի համար շատ աւելի վտանգաւոր է, քան արտաքին թշնամիները, որոնց, չնայած մեր անհաւասար ուժերին` յաջողութեամբ դիմադում եւ յաղթում ենք: Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչութիւնը ՀՀ իշխանութիւններից պահանջում է խստագոյնս պատժել հերթական սպանութեան բոլոր մեղաւորներին, բացայայտել ու հրապարակայնօրէն դատապարտել նախկին բոլոր չբացայայտուած սպանութիւնները, վերջ տալ ժողովրդի գլխին պատուհաս դարձած <<թիկնազօրական>> ներկայ խեղկատակութեանը, եւ վերջապէս բոլոր անբան պատգամաւորներին զրկել ապօրինաբար ձեռք բերած իրենց արտօնութիւններից: երկրում պէտք է հաստատուի սոցիալական արդարութիւն, վարուի ողջամիտ ներքին ու արտաքին քաղաքականութիւն, մեր հայրենակիցներին հնարաւորութիւն տրուի արժանավայել ու պետութեան կողմից պաշտպանուած ապրել ու գործել իրենց գիւղերում եւ քաղաքներում, որպէսզի նրանք այլեւս չմտածեն կիսել պանդուխտի մեր ճակատագիրը, այլ շէնանան ու շէնացնեն մեր երկիրը, այլապէս այս վիճակի շարունակութիւնը կը տանի Հայոց աշխարհի վերջին ազատ մնացած մասունքի` Հայաստանի Հանրապետութեան կործանման: Կրկին անգամ դատապարտելով ՀՀ իշխանական մարմիններ ներթափանցած օլիգարխիկ ու յանցաւոր տարրերին, յոյս ենք յայտնում, որ մեր իշխանութիւններում գործող ողջամիտ գործիչները կը սթափուեն եւ իրենց մէջ բաւարար ուժ գտնելով, կը համագործակցեն արտակառավարական մտաւորական ու քաղաքական գործիչների, հանրապետութեան ու սփիւռքի կարող ու նուիրեալ ներուժի հետ` փրկարար ծրագրերով երկիրը աստիճանաբար այս կործանիչ ընթացքից դուրս բերելու համար: Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչութիւն 3 յուլիսի 2012թ. Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա www.zentralrat.org
  -   Հասարակութիւն