Զարգացման ռազմավարութիւն


Զարգացման ռազմավարութիւն

  • 21-05-2010 11:00:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Հայ-թուրքական վերջին զարգացումները եւ Մեծ եղեռնի 100-ամեակի տարելիցի մօտեցումը առիթ հանդիսացան նորովի դիտարկելու Հայութեան ներկայիս հիմնախնդիրները, անդրադառնալու մեր քաղաքական պատմութեանն ու հնարաւոր հեռանկարներին: Նման միտումները խիստ ակտուալ են, քանի որ եւ՛ մեզանում, եւ՛ մեզ շրջապատող աշխարհում, ընթանում են փոփոխութիւններ, որոնք թելադրում են մշակել նոր իրողութիւններին ադեկուատ ռազմավարութիւն: Ցանկալի է, ի հարկէ, որ ազգային հիմնահարցերի շուրջ քննարկումները կրեն շարունակական բնոյթ. դեռեւս 19-րդ դարում անգլիացի մտածող Ջոն Սթիւարտ Միլն ասել է, թէ «հիմնարար սկզբունքների շուրջ լուրջ բանավէճերի բացակայութիւնը կազմալուծում, աղճատում է անգամ այդ նոյն հիմնարար գաղափարները», եւ նման պնդման հետ դժուար է չհամաձայնել: Ակնյայտ է, որ առանց նոր մօտեցումների` համահայկական հիմնախնդիրների (իսկ դրանց թիւը մեծ է) լուծումն առնուազն վիճահարոյց է: Փորձենք համառօտակի անդրադառնալ դրանցից մի քանիսին: Սփիւռք. աւանդոյթներ եւ նոր հրամայականներ Սփիւռքում տիրող իրադրութեան հետ անգամ հպանցիկ ծանօթութիւնից հետեւում է, որ առանձին յաջողութիւնների հետ մէկտեղ այդ ոլորտում ունենք լուրջ հիմնախնդիրներ եւ կորուստներ: Ընդհանուր տպաւորութիւնն այնպիսին է, որ գոյատեւմանն ուղղուած «հայկական գաղութների» ռազմավարութիւնն այսօր բաւարար չէ, որպէսզի հայ համայնքներին նետուած բազմաբնոյթ մարտահրաւէրներին տրուեն արդիւնաւէտ պատասխաններ: Նախկինում ընդունուած կացութաձեւն այժմ կազմալուծւում է տարաբնոյթ արտաքին եւ ներքին գործօնների ազդեցութեան հետեւանքով, ու մեղմել, կամ առաւել եւս` արգելել այդ ազդեցութիւնները` գրեթէ անհնար է: Գաղտնիք չէ, որ այդ իրողութիւնները մասամբ բնորոշ են նաեւ հայաստանեան (ՀՀ, ԼՂՀ եւ Ջավախք) իրականութեանը: Կարելի է արձանագրել, որ ստեղծուած իրադրութիւնը հասունացել է, որպէսզի հայկական ընտրանին փորձի վերիմաստաւորել աւանդական դարձած ինքնակազմակերպման ընտանեկան, համայնքային, կուսակցական, կրօնական ձեւաչափերը եւ փորձի մշակել ազգային նոր հայեցակարգեր: Սակայն եթէ նշուած ուղղութիւններով իրօք կատարուեն քաղաքական ինովացիաներ, ապա պէտք է խուսափել ,քանդենք հինը, կառուցենք նորըէ բոլշեւիկեան կարգախօսի կիրառումից (յատկապէս, երբ դեռ «նորի» վերաբերեալ պատկերացումներն աղօտ են, եւ երբ դեռ չեն ձեւաւորուել նորին անցնելու անհրաժեշտ նախապայմանները): Նման թուացեալ (քվազի) յեղափոխական մօտեցումներն առաջացնում են, այսպէս կոչուած, «խզումներ» ազգային հոգեւոր ու մտաւոր ոլորտում, որոնք եւ արգելակում են հանրութեան առաջընթացը: Մասնաւորապէս այսօր կարելի է լսել կարծիքներ, թէ Ցեղասպանութեան խնդիրն արդէն իրեն «սպառել» է եւ ժամանակն է Հայութիւնը համախմբել ոչ թէ ,անցեալի ողբերգականէ դէպքերի, այլ ,այժմէական եւ պոզիտիւէ գաղափարների շուրջ: Նման հարցադրումը, անշուշտ, դիլետանտական է. պէտք է յստակ տարանջատել ազգային յիշողութեան խնդիրը, միջազգային ճանաչման քաղաքական գործընթացները եւ նոր, համահայկական նախագծերի ձեւաւորումն ու իրագործումը: Հոգեւոր տեսանկիւնից Ցեղասպանութեան եւ հայրենազրկութեան (գուցէ աւելորդ չէ միջազգային շրջանառութեան մէջ դնել «դէպատրիացի» եզրը եւ, «գենոցիդին» զուգահեռ, տալ դրա քաղաքական-իրաւաբանական գնահատականները) իրողութիւնն ազգային գիտակցութեան մասն են կազմում եւ, համաձայն այդ սահմանման, քննարկման առարկայ չեն կարող լինել (եթէ, ի հարկէ, տոտալ չկիրառուեն մանիպոյլատիւ տեխնոլոգիաներ): Նկատենք նաեւ, որ հոգեբանական տեսակէտից էլ այդ ողբերգութեան յիշողութիւնը պարունակում է հատուցման գործողութիւնների դիմելու շարժառիթ (մոտիվացիայ), եւ դրա արտայայտութիւններից մէկը Ցեղասպանութեան միջազգային ճանաչման քաղաքական գործընթացն է: Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը Այս գործընթացը Հայութեան համար ոչ միայն բարոյական, այլեւ քաղաքական նշանակութիւն ունի: Միջազգային հանրութիւնում խնդրի նկատմամբ ձեւաւորուած մօտեցումներն անդրադառնում են Թուրքիայի եւ, մասամբ, նրա դաշնակից Ադրբեջանի ,վարկանիշիէ վրայ` նրանց որակելով որպէս «գենոցիդոգեն» երկրներ: Այդպիսով, Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը թուրք–ադրբեջանական հնարաւոր ոտնձգութիւնների տեսանկիւնից իւրօրինակ զսպաշապիկ է եւ բարձրացնում է Հայաստանի ազգային անվտանգութեան մակարդակը: Այդ գործօնը լրացուցիչ հիմնաւորում է նաեւ մեր դիրքորոշումը ԼՂՀ խնդրում վարուող բանակցութիւններում, իսկ հայ-թուրքական վերջին դիւանագիտական զարգացումներում խնդրի միջազգային արծարծումը որոշակիօրէն նպաստեց ՀՀ վարած քաղաքականութեանը: Նկատենք նաեւ, որ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի ածանցեալները` մշակութային ժառանգութեան պահպանման հարցերը եւ առանձին գոյքային-նիւթական արժէքների վերաբերեալ դատավարութիւնները, ինչպէս յայտնի է, բաւական արդիւնաւէտ են եւ արժանի են յատուկ ուշադրութեան: Միեւնոյն ժամանակ, առայսօր Ցեղասպանութեան քաղաքական գործօնն առաւել օգտագործւում է այլոց կողմից: Օրինակ, ԱՄՆ նախագահի կողմից այդքան սպասուող ,գենոցիդ-ցեղասպանութիւնէ բառն արտասանուել է, ինչպէս հետեւում է Հ.Նահապետեանի յօդուածից2, դեռեւս 1981թ. ապրիլի 22-ին: Հոլոքոստի յիշատակի օրուայ առիթով թիւ 4838 նախագահական ելոյթի տեքստում նախագահ Ռոնալդ Ռեյգանը նշել է. «Հոլոքոստի դասերը չպէտք է մոռացուեն, ինչպէս չպէտք է մոռացուեն Հոլոքոստին նախորդած Հայերի ցեղասպանութիւնը եւ յաջորդած Կ'ամբոջայի ցեղասպանութիւնը...»: Նման յայտարարութիւնը ենթարկւում էր Սառը պատերազմի տրամաբանութեանը եւ ուղղուած էր Խսհմ-ի դէմ, քանի որ խորհրդային տարիներին Հայաստանում (ինչպէս նաեւ այլ հանրապետութիւններում) ծայր առած ազգային շարժումների աջակցումը բխում էր Միացեալ Նահանգների ազգային շահերից: Ներկայումս իրավիճակն այլ է, եւ մօտ ապագայում ԱՄՆ նախագահը դժուար թէ արտասանի «գենոցիդ» բառը, քանի որ դա հակասում է Միացեալ Նահանգների քաղաքականութեանը: Սակայն հասկանալի է նաեւ, որ եթէ ողջ աշխարհն էլ ընդունի Ցեղասպանութեան փաստը, ապա դա դեռ ամենեւին չի նշանակում, թէ Արեւմտեան Հայաստանը կը վերադարձուի Հայութեանը: Այդ խնդրում, թերեւս, պէտք է հրաժարուել հրէականութեան նախադէպի գերագնահատումից. Գերմանիայի կողմից Հոլոքոստի ընդունումը եւ ռեպարացիաների կատարումը պայմանաւորուած էին այդ երկրի պարտութիւնով` դաշնակիցների զօրքերը կանգնած էին Բեռլինում: Նկատենք նաեւ, որ հրէաներն իրենք էին «նախապատրաստել» իրենց պետութեան ստեղծումը տասնամեակներ տեւած մտաւոր-գաղափարախօսական եւ կազմակերպչական-տնտեսական նպատակաուղղուած աշխատանքով: Մեր պարագայում անգամ Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան փաստի ընդունումը (սա աւելի քան տեսական տարբերակ է եւ չի առնչւում այդ երկրի առնուազն ներկայ իշխանութիւնների հետ), ամենայն հաւանականութեամբ, կ'ընդունի մօտաւորապէս այն ձեւը, որին ականատես եղանք, երբ Սերբիայի պառլամենտը զղջում արտայայտեց Բոսնիայի բնակչութեան դէմ կատարուած գործողութիւնների կապակցութեամբ: Անկարան կը համաձայնուի փոխհատուցումների միայն այն պարագայում, երբ կ'ունենայ կազմալուծուած երկրի կարգավիճակ: Այսպիսով, կարելի է փաստել, որ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, ընդհանուր առմամբ դրական նշանակութեամբ հանդերձ, ունի արդիւնաւէտութեան որոշակի սահմանափակումներ եւ չի կարող վերջնանպատակ ծառայել Հայաստանի եւ Հայութեան համար: Այլ խօսքերով, եթէ Ցեղասպանութեան փաստը համընդհանուր ճանաչուեց, ապա խիստ մշուշոտ է, թէ ինչպիսին պէտք է լինի դրանից յետոյ Հայութեան քաղաքական ռազմավարութիւնը: Հարցին յստակ պատասխան չունենալը վկայում է, որ առայժմ մեր հանրութիւնում բացակայում են անհրաժեշտ ռազմավարական մտածողութեան ռեսուրսները, մինչդեռ այդ ընդհանրական ռեսուրսների չափն անմիջականօրէն կապուած է Ազգային անվտանգութիւն (ԱԱՅ) հասկացութեան հետ: Ազգային անվտանգութեան արդիական մեկնաբանութիւններ Այսօր ԱԱՅ հասկացութիւնը ենթարկւում է վերափոխումների եւ, ի լրումն անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերեալ նախկին պատկերացումների, ԱԱՅ գլխաւոր չափանիշներից է դարձել հանրութեան զարգացման կարողութիւնը: Մասնաւորապէս համարւում է, որ ԱԱՅ նախկինում արդիւնաւէտ համարուող «մարտահրաւէր-ադեկուատ պատասխան» համակարգն արդի պայմաններում արդէն բաւարար չէ, եւ միայն այդ սկզբունքի կիրառումը կարող է անգամ փակուղի տանել: Նոր մօտեցումները ենթադրում են, ըստ Ալ.Վլադիմիրովի հիմնարար աշխատութեան, որ ,զարգացման եւ անվտանգութեան համաձայնեցման պարադիգմը հնարաւոր է իրագործել «անվտանգութիւն` զարգացման միջոցով եւ զարգացում` անվտանգութեան միջոցով» սկզբունքի դիալեկտիկայով»: Նման մեթոդաբանութեամբ դիտարկելով անվտանգութեան խնդիրները` կարելի է յանգել ոչ այնքան բարդ եզրահանգման, թէ զարգացման գործընթացի (այսինքն` անվտանգութեան) հիմնական «պատասխանատուն» կամ, այլ խօսքերով` կրիտիկական ենթակառուցուածքը, մարդը եւ մարդկային հանրութիւնն են, որոնց զարգացման (մեր մեկնաբանութեամբ` կազմակերպման, գիտելիքների ձեռքբերման եւ դրանց կիրառման ունակութիւնների) մակարդակն է, որ պայմանաւորում է ազգ-պետութեան անվտանգութիւնը: Այստեղից հետեւում է նաեւ, որ զարգացումը ռազմավարութեան արտայայտութիւններից է, որը ենթադրում է եւ՛ ,փոքր քայլերիէ, եւ՛ ,թռիչքայինէ (,փոքր քայլերովէ ձեռքբերումների կրիտիկական քանակի կուտակումից յետոյ) ռազմավարութիւն, ինչն էլ, համաձայն չինական սահմանման, ապահովում է «ապագայի նուաճումը»: Վերոնշեալի համատեքստում դիտարկելով Հայութեան եւ Հայաստանի ապագայի խնդիրները` պէտք է արձանագրենք, որ զարգացման տեսանկիւնից ունենք լուրջ հիմնախնդիրներ: Յայտնի է, որ Հայաստանի մտաւոր ներուժը վերջին քսանամեակում որակապես նուազել է, իսկ ոլորտի զարգացման նախագծերն առայժմ մեծ լաւատեսութիւն չեն ներշնչում եւ, ի լրումն, տեսական բնոյթ են կրում: Առաւել վատ են գործերը Սփիւռքում, որտեղ դեռեւս չեն ձեւաւորուել ազգային գիտութեան անհրաժեշտութեան գիտակցութիւնը, համապատասխան մտածողութիւնը եւ մշակոյթը: Ինչպէս յայտնի է, արտերկրում գործում են հայկական հազարաւոր հասարակական-քաղաքական կազմակերպութիւններ, որոնք, սակայն (եւ այստեղ, թերեւս, բացառութիւն է Գալուստ Գիւլպենկեան հաստատութիւնը), գիտակրթական ոլորտին սակաւ են անդրադառնում (այստեղ չենք դիտարկում համայնքային ու կիրակնօրեայ դպրոցների խնդիրը, որոնք առաւել հայապահպանական ուղղուածութիւն ունեն, եւ սակայն այդ առումով էլ այսօր բաւական ճգնաժամային իրադրութեան մէջ են յայտնուել): Նկատենք նաեւ, որ սփիւռք ունեցող այլ ազգեր գիտակրթական գործունէութիւնը հովանաւորող բազմաթիւ հիմնադրամներ են ստեղծել: Ըստ մեզ, վերոնշեալ ռազմավարական թերացումը պայմանաւորուած է ոչ թէ միջոցների յարաբերական պակասութեամբ, այլ հայկական ընտրանու աշխարհայեացքային մօտեցումնրով: Յաճախ որպէս գերխնդիր ընկալւում է միմիայն Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը, որի լոբբինգի վրայ, օրինակ` Ամն-ում, ծախսւում են բաւական մեծ միջոցներ, արտակարգ նշանակութիւն է տրւում եկեղեցիների, յուշարձանների կառուցմանը: Անշուշտ, անվիճելի է, որ այդ ամէնը խիստ կարեւոր է, սակայն, դրա հետ մէկտեղ, անուշադրութեան է մատնւում ամենաառաջնայինը` մարդկային կապիտալի ձեւաւորումը եւ զարգացումը, այսինքն` վտանգւում է մեր ազգային անվտանգութիւնը: Միեւնոյն ժամանակ, այստեղ գուցէ հիմնաւորուած է այն հարցը, թէ ինչ կոնկրէտ նպատակների պէտք է ծառայեն ազգային անվտանգութեան ազմավարութիւնը եւ զարգացումը: Հնարաւոր սցենար «Երրորդ սառը պատերազմում» Նորագոյն պատմութիւնում Հայաստանի եւ Հայութեան համար առանցքային իրադարձութիւնները կապուած են եղել աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ: Առաջին համաշխարհային պատերազմը եւ յեղափոխութիւնը յանգեցրին Ցեղասպանութեան եւ Արեւմտեան Հայաստանի կորստին, Առաջին ու Երկրորդ հանրապետութիւնների ստեղծմանը: Երկրորդ համաշխարհայինից յետոյ մեծ էր ԽՍՀՄ–Թուրքիայ բախման հաւանականութիւնը, որը խոշոր չափով կարող էր լուծել հայկական հարցը: Սառը պատերազմի եւ երկբեւեռ աշխարհակարգի փլուզման արդիւնքում ստեղծուեցին Հհ-ն եւ Լղհ-ն: Ներկայումս ձեւաւորւում է քաղաքական մի իրադրութիւն, երբ հասունանում են նոր գլոբալ տեղաշարժէր` պայմանաւորուած բազմաբեւեռ համակարգի ձեւաւորմամբ: Համաձայն որոշ վերլուծաբանական տեսակէտների, որոնք հիմնւում են արդէն այսօր նշմարուող միտումների վրայ, ներկայիս «բաժանման» գործընթացներին հետեւելու է նոր, քաղաքակրթական յատկանիշների հիման վրայ ստեղծուած ասոցիացիաների ձեւաւորում: Որոշ սխեմատիկ սցենարային զարգացումներում, մասնաւորապէս, չի բացառւում Եւրոպա–Ռուսաստան (որոշ տարբերակներում` Ամն-ի հետ միասին) ռազմաքաղաքական ասոցիացիայի ձեւաւորում` ուղղուած Արեւելքից սպասուող սպառնալիքների դէմ: Նման նոր բնոյթի եւ արդէն երրորդ «Սառը պատերազմի» պայմաններում Հայաստանի տեղը, առաւել հնարաւոր է, որ լինի պայմանական Եւրոպա-ռդ բլոկում, իսկ մեր թուրքալեզու հարեւանները` պայմանական «Արեւելքում»: Այդ պարագայում Հայաստանը կարող է ձեռք բերել ,սահմանայինէ պետութեան կարգավիճակ (ինչպիսին որ ունի Իսրայէլը Մերձաւոր Արեւելքում)` դրանից բխող մեծ ռիսկերով եւ հնարաւորութիւններով: Մեզ համար դրական որոշակի զարգացումների պարագայում այդ «հնարաւորութիւնները» կարող են ներառել Թուրքիայի կազմալուծումը եւ Արեւմտեան Հայաստանի գոնէ մասնակի վերադարձը: Անշուշտ, վերոնշեալ սցենարը տեսական բնոյթ է կրում, սակայն միշտ պէտք է յիշել, որ դեռ 1980թ. գրեթէ անհնար էր պատկերացնել, որ մէկ տասնամեակ յետոյ կ'ընթանայ պատերազմ, եւ կստեղծուէն հայկական երկու հանրապետութիւններ: Միեւնոյն ժամանակ, յայտնի է, որ որեւիցէ «դրական սցենարի» իրագործումը հնարաւոր է միայն այդ զարգացումներին նախապէս պատրաստուելու եւ շահեկան սցենարներն իրականութիւն դարձնելու համար ջանքեր գործադրելու պարագայում, որն էլ, իր հերթին, հնարաւոր է միայն ռազմավարական զարգացման պայմաններում: «Նորավանք» Գագիկ Յարութիւնեան
  -   Յօդուածներ