«Կարիք չկայ մութ սենեակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է». Էդուարդ Շարմազանովի պատասխանը` Մամեդեարովին
09-07-2012 14:30:52 | Հայաստան | Քաղաքական
Յուլիսի 9-ին բաքւում ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Լամբերտոյ Զանիերի հետ կայացած համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը մասնաւորապէս յայտարարել է. «Եթէ հայկական զինուած ուժերը դուրս բերուեն օկուպացուած տարածքներից, ապա չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինուած միջադէպերի խնդիր»: Ի պատասխան այս յայտարարութեան ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.
«Պարոն Մամեդեարովն Ադբեջանի ղեկավարութեանը բնորոշ կերպով շարունակաբար խեղաթիւրում է իրականութիւնը: Իսկ իրականութիւնը հետեւեալն է` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան որոշ տարածքներ (Գետաշէն, Մարտունաշեն Շահումեան), եւ պարբերաբար դիպուկահարների միջոցով կրակ բացում խաղաղ բնակիչների, այդ թւում` մանկապարտէզի ուղղութեամբ, ԼՂ բանակցութիւնների խաղաղ կարգաւորման գործընթացում լուրջ առաջընթացի բացակայութեան ողջ պատասխանատուութիւնը կրում է ադրբեջանական կողմը: Ոստի, կարիք չկայ մութ սենեակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է»: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից: