09-07-2012 15:50:59 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
«Հելսինկեան ասոցիացիա» իրաւապաշտպան կազմակերպութիւնը դատապարտում է 08.07.2012 թ-ին Հարսնաքար ռեստորանային համալիրի մօտ Ռուբեն Հայրապետեանի կողմից «Հելսինկեան ասոցիացիայի»դիտորդ Արման Վէզիրեանին բռնութեան ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել «ՀՀ ում խաղաղ հաւաքների ազատութիւնը» դիտարկելու առաքելութիւն իրականացնելիս:
Այս միջադէպը մենք գնահատում ենք որպէս իրաւապաշտպան գործունէութեան դէմ ուղղուած գործողութիւն, քանի որ առաջին դէպքը չէ, երբ «Հելսինկեան ասոցիացիայի» աշխատակիցներին բռնութեան են ենթարկում, կապուած իրաւապաշտպան գործունէութեան հետ, մասնաւորապէս` կազմակերպութեան նախագահին եւ այլ դիտորդներին, որը իրաւապահ մարմինների կողմից կոծկուել է կամ համապատասխան ընթացք չի տրուել:
Նմանատիպ միջադէպերը Հայաստանի իշխանութեան վարած սխալ քաղաքականութեան հետեւանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դէպքերին իշխանութեան կողմից պատշաճ գնահատական չի տրուել, թէեւ ՀՀ նախագահը իր բազմաթիւ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրաւական համակարգում բարեփոխումների անհրաժեշտութիւնը:
Համաձայն ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 176 յօդուածի` քրէական գործ յարուցելու առիթներից է յանցագործութեան մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադէպի մասին տեղեկութիւններ, ուստի հելսինկեան ասոցիացիան սպասում է իշխանութիւնների արձագանքին:
Հ.Գ այն պահին երբ պատրաստւում էինք յայտարարութիւնը ուղարկել Զլմ-ներին Ռուբեն Հայրապետեանը զանգահարեց Արման Վէզիրեանին ներողութիւն խնդրեց եւ յայտնեց, որ զղջում է իր կատարածի համար: