Անմարդկային վերաբերմունքի դրսեւորման դէպքեր` քրէակատարողական հիմնարկներում


Անմարդկային վերաբերմունքի դրսեւորման դէպքեր` քրէակատարողական հիմնարկներում

  • 13-07-2012 11:46:38   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Պաշտպանը ոստիկանութիւնում եւ բանտերում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին եռամսեակային ամփոփում է ներկայացրել Վարչապետին. «Մեծարգոյ պարոն վարչապետ, Հանդիսանալով խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ` Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը, մի շարք հասարակական կազմակերպութիւնների հետ համատեղ, մշտական դիտարկումներ են իրականացնում քրէակատարողական հիմնարկներում, զօրամասերում, ոստիկանական հիմնարկներում եւ այլ անազատութեան կամ սահմանափակ ազատութեան վայրերում: Սոյն թուականի մարտ-ապրիլ ամիսներին աւելի քան 30 այցելութիւններ են իրականացուել նշուած փակ եւ կիսափակ հաստատութիւններում: Այցելութիւնների ընթացքում արձանագրուել են մի շարք խնդիրներ, որոնք կրում են շարունակական բնոյթ եւ որոնց վերացման ուղղութեամբ բաւարար քայլեր չեն ձեռնարկուել համապատասխան մարմինների կողմից: Այսպէս, ոստիկանութիւնում յաճախ խախտուել են բերման ենթարկուած, հրաւիրուած կամ ձերբակալուած անձանց պահման ժամկէտները: Գրանցուել են ոստիկանութեան աշխատակիցների կողմից վատ կամ անմարդկային վերաբերմունքի դրսեւորման դէպքեր, մասնաւորապէս` հոգեբանական ճնշում, էլեկտրական շոկի կիրառում, դաժան ծեծ եւ այլ անմարդկային վերաբերմունք: Այս ամէնի մասին մեր մշտադիտարկման խմբին յայտնել են ազատազրկուածները: Առանձին դէպքերում ոստիկանութեան բաժանմունք բերման ենթարկուած անձինք զրկուած են եղել պաշտպան ունենալու իրաւունքից: Բողոքներ են արձանագրուել ձերբակալուած անձանց հարազատներին նրանց ձերբակալման մասին տեղեկացնելու օրէնքով սահմանուած ժամկէտների խախտումների մասին: Ազատազրկման վայրերում յաճախ չի անցկացուել պատշաճ բուժզննութիւն: Արձանագրուել են դէպքեր, երբ բուժանձնակազմը չի գրանցել ազատազրկուածների մօտ յայտնաբերուած մարմնական վնասուածքները: Բուժսպասարկման վիճակը շատ դէպքերում նոյնպէս բաւարար չի եղել: Մասնաւորապէս, առկայ են բուժանձնակազմի համալրուածութեան, համապատասխան բուժսարքաւորումների եւ անհրաժեշտ դեղամիջոցների բացակայութեան, ինչպէս նաեւ բժշկական փաստաթղթերի ոչ պատշաճ լրացման խնդիրներ: Գերբնակեցումը որոշ բանտերում հասնում է 50%-ի: Խցերը գերծանրաբեռնուած են: Խցերում 15-16 հոգու համար նախատեսուած է 12 մահճակալ, ազատազրկուածները քնում են հերթով: Հոգեբուժարաններում ծայրայեղ վատ կենցաղային պայմաններ են: Անբաւարար պայմաններ են արձանագրուել նաեւ որոշ զօրամասերում: Մանկատներում, յատուկ դպրոցներում, տուն-ինտերնատներում իրականացւում է ոչ կանոնակարգուած բուժսպասարկում: Խնդրում ենք Ձեր միջամտութիւնը վերոնշեալ խնդիրների լուծման կապակցութեամբ ՀՀ ոստիկանութեանը, ՀՀ արդարադատութեան նախարարութեանը, ՀՀ առողջապահութեան նախարարութեանը, ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը եւ այլ իրաւասու մարմիններին համապատասխան յանձնարարականներ տալու, ինչպէս նաեւ այդ մարմինների կողմից Ձեր յանձնարարականների կատարման մասին հանրութեանը ներկայացնելու առումով: Այսուհետ եւս Ձեզ ամփոփ կը ներկայացուեն մեր մշտադիտարկումների արդիւնքում ստացուած տեղեկութիւնները եռամսեակային հաշուետուութիւնների միջոցով: Կից ուղարկում ենք Ազգային կանխարգելման մեխանիզմի կողմից 2012թ. մարտ-ապրիլ ամիսներին կատարած այցելութիւնների վերաբերեալ տեղեկանքըէ: Յարգանքով` Կ. ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
  -   Մարդու իրաւունքներ