Կարէն Անդրէասեան. Որոշումների գործընթացը պէտք է իրականացնել օրէնքի պահպանմամբ


Կարէն Անդրէասեան. Որոշումների գործընթացը պէտք է իրականացնել օրէնքի պահպանմամբ

  • 13-07-2012 14:05:47   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Պաշտպանի յայտարարութիւնը Սեւանի մասին օրէնսդրութեան փոփոխութիւնների վերաբերեալ. «Սոյն թուականի յունիսի 15-ին ՀՀ կառավարութիւնը ներկայացրեց եւ ՀՀ Ազգային ժողովը ընդունեց օրէնսդրական փոփոխութիւնների փաթեթ, որով նախատեսւում է Սեւանայ լճից ջրի բացթողման տարեկան ծաւալ 170 միլիոն խմ-ի փոխարէն սահմանել 320 միլիոն խմ: Այս կապակցութեամբ Պաշտպանի գրասենեակում կազմակերպուեց կլոր սեղան-քննարկում պետական մարմինների եւ մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ: Քննարկման արդիւնքում պարզ դարձաւ, որ օրէնսդրական նշուած փոփոխութիւնների ընդունման գործընթացում հասարակական լսումներ չեն կազմակերպուել, եւ հետեւաբար հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքին եւ հասարակութեան շահագրգիռ այլ անդամներին հնարաւորութիւն չի ընձեռնուել մինչ օրինագծի ընդունումը արտայայտել իրենց դիրքորոշումը եւ որեւէ կերպ ակնկալել դրա ներառումը օրինագծում: Հաշուի չեն առնուել օրէնքի փոփոխութեամբ Սեւանի աւազանի էկոհամակարգի վերաբերեալ բնապահպանների ահազանգերը: Միեւնոյն ժամանակ քննարկման բոլոր մասնակիցները կարեւորեցին գիւղատնտեսական նշանակութեան հողատարածքների ոռոգումը եւ գիւղացիների համար եկամտի աղբիւրի ապահովումը: Շրջակայ միջավայրի վերաբերեալ որոշումների կայացման ժամանակ հասարակայնութեան մասնակցութեան ապահովումը, որպէս պետութեան պարտաւորութիւն, նախատեսուած է Օրհուսի 1998թ. կոնուենցիայով, համաձայն որի իւրաքանչիւր Կողմ ապահովում է հասարակայնութեան մասնակցութիւնը վաղ փուլում, երբ բաց են բոլոր տարբերակների դիտարկման հնարաւորութիւնները, եւ հասարակայնութեան մասնակցութիւնը կարող է արդիւնաւէտ լինել: Անընդունելի է շրջակայ միջավայրի վերաբերեալ որոշումների կայացման ժամանակ սահմանուած ընթացակարգային կանոնների անտեսումը, որի արդիւնքում խախտւում են շրջակայ միջավայրի վերաբերեալ տեղեկատուութեան մատչելիութեան, որոշումների կայացման թափանցիկութեան, հանրային մասնակցութեան ապահովման սկզբունքները: Կոչ ենք անում իրաւասու բոլոր պետական մարմիններին որոշումների կայացման իւրաքանչիւր գործընթաց իրականացնել օրէնքի անշեղ պահպանմամբ: Որպէս օրէնքի պահանջ հասարակութեան մասնակցութեան ապահովումն այս գործընթացներում իրականացնել հրապարակայնութեան, մատչելիութեան եւ թափանցիկութեան սկզբունքներին համապատասխան, ձեւաւորել քաղաքացիական հասարակութեան հետ արդիւնաւէտ համագործակցութեան մշակոյթ եւ հրատապ միջոցներ ձեռնարկել շրջակայ միջավայրի վերաբերեալ տեղեկատուութիւնը հասարակութեան համար անմատչելի դարձնող որոշումները եւ գործողութիւնները բացառելու ուղղութեամբ»: Կարէն Անդրէասեան Մարդու իրաւունքների պաշտպան
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը