Լիլիթ Գալստեան. «Քաղաքական դաշտն անբարոյ է դառնում նաեւ ժողովրդի գործարքի գնալու հետեւանքով»


Լիլիթ Գալստեան. «Քաղաքական դաշտն անբարոյ է դառնում նաեւ ժողովրդի գործարքի գնալու հետեւանքով»

  • 18-07-2012 12:56:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Իշխանութեան չարածն անում է փողոցը: -«Հարսնաքարի» դէպքն ուսումնասիրող ժամանակաւոր յանձնաժողով ստեղծելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրաւիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրութեան փոխարէն 21-ը հաւաքուեց: Ինչու՞: Չէ՞ որ ոչ իշխանական խորհրդարանական ուժերի պատգամաւորների ընդհանուր թիւը 54-ն է: - Ընդդիմադիր խորհրդարանական խմբակցութիւնները երեքն են` ՀՅԴ, ՀԱԿ, «ժառանգութիւն», եւ նրանք միասին ընդամէնը 17-ն են: ԲՀԿ-ն իրեն ընդդիմութիւն չի յայտարարել, ինչն ԱԺ կանոնակարգ-օրէնքով է նաեւ նախատեսուած, կարծեմ` որպէս այլընտրանք են հանդէս գալիս: Բայց սա չէ էականը. անկախ այն բանից` ընդդիմադիր ես, թէ իշխանական, մարտահրաւէրը, կարծում եմ, բոլոր ուժերին էր ուղղուած եւ յատկապէս քաղաքական մեծամասնութեանը: «Հարսնաքարի» դէպքը պարզապէս առիթ եւ պատճառ հանդիսացաւ, որպէսզի մեր հասարակութեան մէջ կուտակուած ընդվզումի ու անհաշտութեան ալիքը պայթէր: Մենք վաղուց ենք առերեսւում մեր իրականութեան բոլոր երեսները ծածկող բռնութեան մշակոյթի հետ, այլեւս բռնութիւնը մեր քաղաքական վարքագծի անբաժանելի մաս է դարձել: Քաղաքական դաշտը եւ նրա հիմնական քաղաքական պատասխանատուն` ՀՀԿ-ն, պիտի շահագրգիռ լինէր հարցի համակողմանի քննարկման հարցում եւ օգտագործէր ՀՀ թիւ մէկ քաղաքական ամբիոնը: Եւ երբ քաղաքական գնահատականի մասին եմ խօսում, նախ քաղաքական ախտորոշումը նկատի ունեմ: - Ինչպէ՞ս էք մեկնաբանում ԲՀԿ-ի մի կողմ քաշուելը կամ ոչ էական մասնակցութիւնը, քանի որ ստորագրահաւաքից առաջ շրջանառւում էր խորհրդարանական չորս ուժի անուն, այդ թւում Բհկ-ն` որպէս ոչ իշխանական ուժ: - Ստորագրահաւաքին մասնակցել-չմասնակցելը ոչ ընդդիմութեան, ոչ էլ չընդդիմութեան մենաշնորհը չէ. քաղաքական կամքի, քաղաքական անկեղծութեան, մաքրման եւ Հայաստանի ապագայի խնդիրն եմ այստեղ կարեւորում: Երեւոյթի քաղաքական, բարոյական եւ իրաւական գնահատականները համաչափօրէն պէտք է իրար լրացնեն: Սա այն դէպքը չէ, որ միայն իրաւական գնահատական տալով բաւարարուենք, սա անհրաժեշտօրէն պահանջում է քաղաքական գնահատական, որովհետեւ բռնութիւնն ու ցինիզմը, անպատժելիութիւնը, ամենաթողութիւնն ու օրէնքից դուրս «արժէքներն» այլեւս համակարգային բնոյթ են կրում: Եւ իմ, հասարակութեան թիրախը միայն Ռուբեն Հայրապետեանը չէ, իմ թիրախը մեր հասարակութեան առողջացումն է, այն քաղաքական խաղի կանոնների բացառումը, որոնք պարարտ հող են ստեղծում այս տեսակի ու վարքագծի բարգաւաճման համար: - ԲՀԿ-ն պատճառաբանում էր, որ իրենց խմբակցութեան պատգամաւորներն արտերկրում հանգստանում են: Արդեօ՞ք սա բաւարար արդարացում է: - Որեւէ պատճառաբանութիւն ինձ համար ընդունելի չէ. չեմ ուզում առանձնացնել ԲՀԿ-ին, ոչ էլ Հանրապետականին ու «օրինաց երկրին»: Այդ բոլոր քաղաքական ուժերը մայիսի 6-ից առաջ մեծ-մեծ խոստումներ էին տալիս, բարձրաձայնում իրենց ազգային յանձնառութեան, քաղաքական պատասխանատուութեան մասին: Սա հէնց այն դէպքն էր, որ ցոյց տուեց, թէ որքան են կիսում երկրի ու ժողովրդի տագնապը. չի կարելի մոլորուած ժողովրդին թողնել փողոցում: Այսօր միայն 6-7 խումբ պահանջում է Վահէ Աւետեանի սպանութեան բոլոր մեղաւորներին պատժել, երեւոյթը հանգամանալի ուսումնասիրել եւ տալ գնահատական: Փոխանակ քաղաքական մեծամասնութիւնն օգտագործէր այդ առիթը, անտարբեր մնաց, եւ իշխանութեան չարածն անում է փողոցը, հասարակութիւնը: Քաղաքական ուժերը, որ ազգային համերաշխութիւնից, ժողովրդի ցաւից էին խօսում, այս դէպքը կոնկրէտ ցաւ էր, ինչու՞ են շպրտում, նոյնիսկ եթէ արձակուրդում են, թող թողնեն ու գան: Ի դէպ, այդ ժամանակ խորհրդարանի պաշտօնական արձակուրդը դեռ չէր սկսուել: Երկրի նախագահը նախընտրական շրջանում խոստանում էր քաղաքական դաշտը մաքրել մականունաւորներից ու օլիգարխներից, ու՞ր մնաց խոստումը. նրանք նորից յայտնուեցին խորհրդարանում: Խաղի կանոն ու քաղաքատնտեսական միջավայր է ստեղծուել, որ պաշտպանուած լինելու համար քրէաօլիգարխիկ տարրը, գործարարը անպայման ձգտում են յայտնուել խորհրդարանում: Եթէ գործարարը վստահ լինի, որ ինքն օրէնքով պաշտպանուած է, օրէնքի առաջ բոլորն են հաւասար, ու իրապէս իրաւական երկիր ենք, երբեք իր գործը թողած` չի մտնի խորհրդարան: Երբեմն կարեկցում եմ նրանց, երբ տեսնում եմ, թէ ոնց են տանջւում խորհրդարանում: - Արդեօ՞ք ԲՀԿ-ի պահուածքն անհասկանալի չէ: Տարեսկզբից ընդդիմադիր է խաղում, բայց վերջնարդիւնքում անում է այն, ինչ իշխանութիւնն է ուզում: - Իւրաքանչիւր քաղաքական ուժ ինքն է իր վարքի համար պատասխան տալիս: ԲՀԿ-ն ունէր բաւարար ձայներ, որ կարող էր միանալ ստորագրահաւաքին, եւ անհրաժեշտ ստորագրութիւնները հաւաքուէր: Թող ժողովուրդն էլ ԲՀԿ-ի կեցուածքի համար որոշում կայացնի, թէ որ դաշտում է գտնւում եւ որքանով է սպասարկում այն բոլոր նկրտումները, որոնց մասին յայտարարել է: Ամէն ինչ բաց է, յստակ է, պարզ է: - Ին՞չ էք կարծում, նախագահական ընտրութիւններու՞մ էլ նոյնկերպ կը վարուի ԲՀԿ-ն, թէ՞ իր թեկնածուին կ'առաջադրի եւ կը պաշտպանի մինչեւ վերջ, օրինակ, Վարդան Օսկանեանին: - Քաղաքական զարգացումներն այնքան անկանխատեսելի են եւ շատ բազմաշերտ, որ ես հիմա կը խուսափեմ որեւէ կանխատեսում անել, որովհետեւ ոչ ստանդարտ վիճակում ենք, եւ քաղաքական զարգացումների ենթատեքստում ոչինչ բացառուած չէ: Ոչ միայն ներքին, նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները կարող են իրենց սցենարները պարտադրել: Ես չեմ ուզում ժողովրդին կանխորոշել, շատ կ'ուզենամ, որ ինքն ունենա այդ խոհեմութիւնը եւ կողմնորոշուի: Իսկ մեր ժողովրդի մի ստուար զանգուած այնուամենայնիւ գնաց գործարքի եւ իր առաջիկայ հինգ տարին 15-25 հազար դրամ գնահատեց: Մենք անընդհատ խօսում ենք անբարոյ քաղաքական դաշտից, բայց խուսափում ենք խօսել այն բանից, որ այդ քաղաքական դաշտն անբարոյ է դառնում նաեւ ժողովրդի գործարքի գնալու հետեւանքով: Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐԵԱՆ «Հրապարակ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը