Սակաւահող Հայաստանի գիւղատնտեսութիւնը պարէնային ապրանքների արտադրութեան ծաւալներով չի կարող մրցակցել հարեւանների հետ: Սակայն էկոլոգիապէս մաքուր արտադրութեան կազմակերպումը հնարաւորութիւն կը տայ դուրս գալ մրցակցային շուկայ, սպառողին ներկայացնելով պարէնային այնպիսի մթերքներ, որոնց պահանջարկն այսօր մեծ է ամբողջ աշխարհում:
էկոլոգիապէս մաքուր արտադրանքի ուղղութեամբ Հայաստանում առաջին քայլերն են կատարւում եւ առաջամարտիկներից մէկը` «Բիգա» ՍՊԸ-ն է, որը Կ'ոտայքի մարզի Ակունք համայնքի 9 հա հողատարծքի վրայ գործունէութիւն է ծաւալել 2010 թուականից: Նպատակը մեծ պահանջարկ վայելող հատապտուղների` ազնուամորու, մոշի, հաղարջի մշակութեան կազմակերպումն է մեզանում:
Այսօր` յուլիսի 18-ին, ՀՀ գիւղատնտեսութեան նախարար Սերգօ Կարապետեանն այցելեց նորաստեղծ տնտեսութիւն, ծանօթացաւ վերջինիս գործունէութեանն ու հեռանկարներին: Ծանօթութիւններ էր տալիս Սպը-ի տնօրէն Ռաֆիկ Եգանեանը, որը ներկայացրեց այստեղ կիրառուող ագրոտեխնիկական նոր սարքաւորումները , մասնաւորապէս կաթիլային ոռոգման համակարգը ու նրա առաւելութիւնները: Վերջիններս հնարաւորութիւն են տալիս հա-ի միջին բերքատուութիւնը հասցնել 10-15 տոննայի: Սա բարձր ցուցանիշ է , սակայն իրացման մտահոգութիւններ տնտեսութիւնում չունեն, որովհետեւ ըստ տնօրէնի, իրենց ողջ արտադրանքն արդէն կայուն սպառող ու հասցէատէր ունի` Արաբական Միացեալ Էմիրաթները:
ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան հասարակութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ 2013 թուականին նախատեսւում է կազմակերպել նաեւ ելակի մշակութիւն, որին կը յատկացուի 2 հա տարածք: Այստեղ նոյնպէս հա-ի միջին բերքատուութիւնը բարձր կը լինի` շուրջ 50 տոննա: Հատապտղից բացի ընկերութիւնը փակ գրունատային պայմաններում զբաղւում է նաեւ սնկի եւ բանջարենի առանձին տեսակների արտադրութեամբ: