Նախատեսւում է ՀՀ պետական բիւջէից գիտութեանը տրամադրուող ֆինանսաւորումն աւելացնել շուրջ 10 տոկոսով


Նախատեսւում է ՀՀ պետական բիւջէից գիտութեանը տրամադրուող ֆինանսաւորումն աւելացնել շուրջ 10 տոկոսով

  • 20-07-2012 16:26:56   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում այսօր տեղի է ունեցել գիտական եւ գիտատեխնիկական գործունէութեան բազային եւ պետական նպատակային ծրագրերի քննարկման յանձնաժողովի նիստ, որը վարել է յանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը: Նիստին մասնակցել են յանձնաժողովի անդամ հանդիսացող ՀՀ ԿԳՆ գիտութեան պետական կոմիտէի, Գաա-ի, ՀՀ բուհերի, ինչպէս նաեւ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Յանձնաժողովը քննարկել է ՀՀ Գաա-ից եւ ՀՀ պետական կառավարման մարմիններից ստացուած գիտական եւ գիտատեխնիկական գործունէութեան բազային եւ պետական նպատակային ծրագրերի նախագծերը եւ ՀՀ 2013 թուական պետական բիւջէում դրանք ընդգրկելու վերաբերեալ համապատասխան առաջարկութիւններ ներկայացրել: Նիստին զեկոյցով հանդէս է եկել ՀՀ ԿԳՆ գիտութեան պետական կոմիտէի նախագահ Ս. Յարութիւնեանը, ով տեղեկացրել է, որ յաջորդ տարի նախատեսւում է ՀՀ պետական բիւջէից գիտութեանը տրամադրուող ֆինանսաւորումն աւելացնել շուրջ 10 տոկոսով: ԳՊԿ նախագահը ներկայացրել է նաեւ յաջորդ տարի նախատեսուող մի շարք ծրագրեր, մասնաւորապէս, ըստ Ս. Յարութիւնեանի, միւս տարի նախատեսւում է անցկացնել "100 լաւագոյն գիտնական" մրցոյթը, որի յաղթողներն ամէն ամիս կը ստանան համապատասխան հաւելավճար: Բացի այդ, նախատեսւում է որոշակի գումար յատկացնել` մի շարք գիտական հաստատութիւնների համար երեք խոշոր սարքաւորում ձեռք բերելու համար: Ս. Յարութիւնեանը տեղեկացրել է նաեւ, որ յաջորդ տարի կը շարունակուեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ համատեղ իրականացուող գիտական ծրագրերը եւ միջազգային մրցոյթները: Նիստի աւարտին յանձնաժողովը հաւանութեան է արժանացրել պետական կառավարման մարմիններից ստացուած մի շարք առաջարկներ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ