Ֆրանսիական համալսարանն ընդդէմ «Անանիա Շիրակացու անուան<br /> ճեմարան»-ի. յաղթեց սէրը դէպի շախմատը եւ փոխադարձ յարգանքը<br />


Ֆրանսիական համալսարանն ընդդէմ «Անանիա Շիրակացու անուան
ճեմարան»-ի. յաղթեց սէրը դէպի շախմատը եւ փոխադարձ յարգանքը

  • 14-05-2010 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
 ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի Շախմատի տանը անցկացուեցին շախմատի մրցումներ Երեւանի «Անանիա Շիրակացու անուան ճեմարան» կրթահամալիրի սաների եւ Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների միջեւ: Մրցումների նախաձեռնողները երկու կրթօջախների ֆիզիկական դաստիարակութեան ամբիոններն էին, որոնց նպատակն էր այդպիսով նպաստել մարզաձեւի մասսայականացմանն ու զարգացմանը Հայաստանում, ինչպէս նաեւ ուսանողների եւ աշակերտների միջեւ մարզական, ընկերական լաւ փոխհարաբերությունների զարգացմանը: Մրցումներին մասնակցում էին «Անանիա Շիրակացու անուան ճեմարան» կրթահամալիրի 8-10 դասարանների վեց աշակերտներ, ովքվեր լաւագոյնն էին ներճեմարանական Սպարտակիադայում, ինչպէս նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 6 ուսանողներ: Նրանց հետ խաղաշար անցկացրեց մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Զաւէն Անդրէասեանը: Պատանի գրոյսմաստերը խաղաց միանգամից բոլոր մրցակիցների հետ 14 խաղատախտակների վրայ: Գրեթէ 2 ժամ տեւած խաղաշարում ուսանողները եւ դպրոցականները համառօրէն դիմակայում էին Զ.Անդրէասեանի սթափ խաղին եւ գրոհներին, սակայն խաղաշարի 14 մասնակիցներից միայն երկուսին յաջողուեց չտապալվել եւ տոնել յաղթանակ: Նրանք էին Հայաստանում Ֆրանսիայի համալսարանի կառավարման ֆակուլտետի 1 կուրսի ուսանող Բարղության Դաւիթը եւ նոյն համալսարանի առեւտրի եւ մարքետինգի ֆակուլտետի 1 կուրսի ուսանող Գեղամ Վարդանեանը: Դպրոցականների պատիւը բարձր պահեց 10-րդ դասարանցի Գոռ Չոբանյանը, ով ամէնից վերջինը զիջեց դիրքերը: Ինչպէս խաղի աւարտին խոստովանեց գրոսմաստեր Զաւէն Անդրէասեանը, իր մրցակիցների մէջ կային բաւականին ուժեղ խաղացողներ, ինչը նրա համար անակնկալ էր եւ յաճելի: Դպրոցականների եւ ուսանողների միջեւ անցկացուեց նաեւ կարճատեւ մրցում, որում յաղթեց սէրը դէպի շախմատը եւ փոխադարձ յարգանքը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Առողջ ապրելակերպի եւ ֆիզիկական դաստիարակութեան ամբիոնի վարիչ Սուսաննա Հովէեանը, տարուայ ընթացքում ընդհանուր առմամբ անցկացւում են 102 ժամ ֆիզկուլտուրայի դասեր, բացի այդ կրթահամալիրում գործում են սեղանի թենիսի եւ շախմատի արտաուսումնական խմբակներ, իւրաքանչիւր ուսումնական տարի անց է կացւում սպարտակիադա 5 մարզաձեւերից` սեղանի թենիս, շախմատ, վոլեյբոլ, բասկետբոլ, ատլետիկա: Մրցման մասնակիցների միջեւ տարիքային տարբերութիւնն ու փորձը, անշուշտ, ըստ Ս.Հովեյանի, որոշիչ դեր կարող էր ունենալ, սակայն կարեւորը խաղի արդիւնքը չէ, այլ մասնակցութիւնը եւ մրցման մասնակիցների միջեւ հաստատւող փոխհարաբերությունները: Իսկ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ֆիզդաստիարակության եւ սպորտի ամբիոնի դասախօս Երուանդ Յակոբեանի կարծիքով, աճող սերնդի համար կարեւոր բարոյական նշանակութիւն ունի սեփական կրթօջախի մարզական պատիւը պաշտպանելու զգացողությունը: Ֆրանսիական համալսարանը նման մրցումների մասնակցելու լաւ աւանդոյթ ունի. մօտ երկու ամիս առաջ անցկացուել է նման մրցամարտ Երեւանի պետհամալսարանի ուսանողների հետ, Ֆրանսիական համալսարանի ուսանողները արժանապատիվ պարտութիւն են կրել նուազագոյն առաւելութեամբ` 6,5-5.5 հաշւով յաղթել է ԵՊՀ թիմը: Ե.Յակոբեանը նշեց նաեւ, որ համալսարանի ուսանողները 2-րդ կուրսից իրենց նախասիրությամբ ընտրում եւ յաճախում են համապատասխան խմբակներ, մարզաձեւերից մէկն է նաեւ շախմատը, որը համալսարանում առաջատար դիրքեր է գրաւում, խմբակ են յաճախում 60-ից աւելի ուսանողներ, ընդ որում շատ ակտիւ են նաեւ աղջիկները: «Անանիա Շիրակացու անուան ճեմարան»-ի տնօրէն Աշոտ Ալիխանեանը ողջունեց նման մրցումների անցկացումը. «Շատ ուրախ եմ, երբ ուսանողը գալիս եւ նստում է աշակերտին դէմ դիմաց, շախմատ է խաղում. դա նշանակում է, որ աշակերտի մէջ տեսնում է իրեն հաւասար մրցակցի: Մենք էլ հենց դրան ենք ձգտում, որ աշակերտները զգան, որ իրենք վաղուայ ուսանողներն են, ձգտեն նմանվել հանրապետութեան ամենաառաջատար բուհերի ուսանողներին»:
  -   Սպորտ