ԱՐԴԵՕ՞Ք «ԼՈԽ ԼԱՒ Ա». ՔԱՐՈԶ «ՈՍԿԷ ԾԻՐԱՆՈՒՄ»


ԱՐԴԵՕ՞Ք «ԼՈԽ ԼԱՒ Ա». ՔԱՐՈԶ «ՈՍԿԷ ԾԻՐԱՆՈՒՄ»

  • 24-07-2012 07:36:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Վերջապէս կինօն` (շարժարուեստը - «ՆՅ») իբրեւ քարոզչամիջոց եւ թաքնուած գովազդ, եկաւ օգնութեան Արցախում եւ Հայաստանում զբօսաշրջութիւնը զարգացնելու մեր անդուլ փորձերին, ու դրա վառ ապացոյցն է «Եթէ բոլորը» ֆիլմը (շարժանկարը - «ՆՅ»), որ այս տարուայ «Ոսկէ Ծիրան»ին ճանաչուեց լաւագոյն հայկական գեղարուեստական ֆիլմը, ինչպէս նաեւ արժանացաւ էկումենիկ (միջեկեղեցական - «ՆՅ») ժիւրիի (դատակազմի - «ՆՅ») մրցանակին, երեւի «ռօտ-մուվի» ժանրում (տեսակ - «ՆՅ») իրական հոգեւոր առաջնորդի աննախադէպ յայտնութեան համար: Ֆիլմի գաղափարակիր, պրոդիւսեր (արտադրող - «ՆՅ»), սցենարի (բեմագրութեան - «ՆՅ») համահեղինակ եւ գլխաւոր դերակատար Միքայէլ Պօղոսեանը նախընտրել է ռուս որոշ իմաստով «կոյս»երի հետ կիսել դափնու պսակները, քանի որ թէ ռեժիսորի (Նատալիա Պելեաուսքենէ) եւ թէ գլխաւոր դերակատարուհու (Եկատէրինա Շիտովա) համար ֆիլմը դեբիւտային (սկսնակային - «ՆՅ») էր: Անզէն աչքով երեւում է. ջանք չեն խնայել Երեւանը որպէս վարդավառ-հեէքեաթ ներկայացնելու, Վայքի, Սիւնիքի, Արցախի բնութեան հրաշալիքները ցուցադրելու համար: Անգամ հին երազ «ծովից ծով Հայաստանն» են առարկայացրել` իբրեւ խենթ վարորդի բեռնատարին կցուած մի նաւ, ու իրենց նոր երազը` հովանաւորուող ազգային մշակոյթի խորհրդանիշ դարձած Վանքի էշերի մրցարշաւը, պատկերել «յաւուր պատշաճի»: Դժուար է պատկերացնել, որ ասենք Հոլիվուտում ֆիլմ կը նկարուի Օպամայի բարձր հովանու ներքոյ, յետոյ էլ մրցանակի կ?արժանանայ Օպամայի ախպոր պատուաւոր նախագահութեամբ գործող փառատօնին, բայց արի ու տես, որ «Եթէ բոլորը» ոչ միայն ստեղծուել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքոյ, այլեւ նուիրուել է ՀՀ անկախութեան եւ բանակի ստեղծման 20ամեակին, իսկ սա ստիպում է Միքայէլ Պօղոսեանի առաջարկած տրագիֆարսին (ողբ-զաւեշտին- «ՆՅ») լուրջ մօտենալ: Ուրեմն, ֆիլմի ասելիքն աւելին է, քան պարզապէս` «մենք ուտող-խմող, ուրախ եւ հիւրասէր ժողովուրդ ենք»: Ի սկզբանէ գլխաւոր հերոսի դասընկերոջ բերանով ասւում է բանը. «եթէ բոլոր Չինացիները միաժամանակ ցատկեն` աշխարհը շողուլից կ?ընկնի, ու աղէտ կը լինի»: Իսկ թէ ի՞նչ պիտի անեն բոլոր Հայերը, որ աշխարհի հերն անիծեն, հարցի պատասխանը ստանալու համար առաջարկւում է նայել ողջ ֆիլմը, թէպէտ եւ ապարդիւն: Պարզ է` Չինացիները մեզ ապագայ չեն, մեզ պէտք են Ռուսները, ու դրա համար էլ ինքնաթիռը հայ ժողովրդին նուէր է բերում Սաշա անունով սիրունիկ ռուս աղջկայ` կեչու տնկին ձեռքին, որ, ինչպէս պարզւում է, արցախեան ռուս ազատամարտիկի դուստր է` մօր կողմից էլ հայ, չնայած Հայի արիւնը երեւի շատ թոյլ է, որովհետեւ ոչ մի կերպ իրեն չի զգացնում: Ուրեմն Մասլեննիկովա Սաշայի մօրը` Լիլիթին, սպանել են Սումկայիթի ջարդերի ժամանակ, ու հայրը` Մասլեննիկով Սաշան, վրէժի ծարաւից դրդուած, եկել միացել է հայ ազատամարտիկներին, որ կռուի Արցախի ինքնորոշման համար, եւ հերոսաբար զոհուել: Աւելի մեծ սուտ դժուար է պատկերացնել` հաշուի առնելով էն պատմական փաստը, թէ ժամանակին Կրեմլում նստած, մեզ դեռ իբր ղեկավարող Ռուսներն ինչ դերակատարում են ունեցել հէնց Սումկայիթում, բայց, ինչպէս ասում են, սա արուեստ է, մտքի թռիչք, ու պէտք չի քաղաքականացնել: Աղջիկն եկել է ռուս ազատամարտիկի գերեզմանին ծառ տնկելու առաքելութեամբ, ինչում էլ նրան օգնում են հօր զինակիցներն ու գլխաւորապէս հրամանատարը, նոյն ինքը` «կամանդիր» (հրամանատար - «ՆՅ») Գուգօն: Միքայէլ Պօղոսեանը ոչ միայն մտայղացել է Արցախեան ազատամարտի նման իւրօրինակ մեկնութիւնը, այլեւ Գուգօ յատկանշական անունով օժտել ինքն իրեն: Ուրեմն Գուգօն հասարակ կռուած տղայ չի, այլ իսկական, հին, հինգաստղանի երեւանցի, եւ դա է վկայում էն ոչ անկարեւոր փաստը, որ ինքն ապրում է Տէրեան 11 հասցէով տանը: Չիմացողներին ասեմ, որ դա Աֆրիկեանների յայտնի ակումբի շէնքն է, որի վրայ ներկայումս կախուած է քանդուելու սպառնալիքը: Ֆիլմն էդ շէնքը պահպանելու համար չի նկարուել, ենթադրում եմ, որ հասոյթից էլ ոչ մի կոպեկ չի յատկացուի դրան: Շէնքն օգտագործուել է պարզապէս որպէս դեկոր` (բեմայարդարում - «ՆՅ») Գուգոյի ազնուականութիւնն ընդգծելու համար, որովհետեւ հիմա նա հարբեցող դզող-փչող է դարձել: Ի դէպ, հարբեցողութեան մասին: Ֆիլմը, ընդհանրապէս, սկզբից մինչեւ վերջ հեղեղուած է կերուխումներով, աւելի ստոյգ, օղու շուրջն ընթացող խնջոյքներով, եւ անգամ հայկական գինու տուն` Վայքի Արենի գիւղում, սեղանին օղի է դրուած, էլ չասեմ, որ Գանձասարի սեղանատանը տղերքն օղի են «գմփցնում»` երեւի Ռուսներից ոչ պակաս խմող ժողովուրդ երեւալու համար կամ իբրեւ երախտիքի ժեստ մեծ եղբօրը` մեզ խմել սովորեցնելու համար: Դա էլ կարեւոր չի: Կարեւորը, որ մեր Գուգօն հէնց էնպէս չի խմում. ինքը հարբեցող է դարձել դարդից (կին-երեխայ-ընտանիք ֆիլմում չեն երեւում, երեւի չունի էլ), ոչ թէ նեղ անձնական, այլ` Հայոց համազգային դարդից: Ուրեմն ռուս աղջիկ տեսնելիս Գուգօս իրեն չի կորցնում, ինչպէս ֆիլմում պատկերուած բոլոր ջահէլ հայ տղերքը, այլ նստեցնում է Երեւան-Վայք աւտօպուսն ու ճանապարհում իրենց միւս զինակցի` Արջի մօտ: Յետոյ մտափոխւում, առեւանգում է մի խուրձ 7 ունեցող «կոլտ» համարով «Լենտրովեր ճիփ» ու գնում վերանուաճելու իր երբեմնի յաղթանակը: Ի դէպ, Գուգօս հէնց նստում է «ճիփի» ղեկին, միանգամից իրեն դնում է իր երազած տղու տեղն ու գալիս լկտիաբար կտրում է վերոնշեալ Երեւան-Վայք աւտօպուսի առաջը, մի հատ էլ գոռգոռում անկեղծօրէն վրդովուած վարորդի ու խեղճ ուղեւորների վրայ: Մենք կուլ ենք տալիս էդ լկտիութիւնը` մտածելով, որ Գուգօն կռուած-տուժած-կոնտուզիա (վէրք - «ՆՅ») ստացած տղայ է. մեզ համար է կռուել, իրեն կարելի է. ով ասես գիւղացու վրայ գոռում է, թող մի հատ էլ Գուգօն գոռայ, ինչ անենք: Բայց Գուգօն չի հանգստանում, անընդհատ գոռում-լացում ու հարբում է մինչեւ ֆիլմի վերջը, երբ մի լաւ «տփոց» է ուտում: Եթէ Արցախեան ազատամարտի անտեղի շահարկումը մի կողմ թողնենք, տակը կը մնայ միայն «Տղամարդիկ» ֆիլմի յաջողութիւնը կրկնելու անթաքոյց փորձը: Մի երկու տեսարան պարզապէս մէկից մէկ թխած են: Օրինակ` տօնախմբութեան պարի կամ վերջին կերուխումի տեսարանը, որ մարտահրաւէր է յայտնի «Քամին զանա»ին: Ի դէպ, գիւղական խրախճանքի դրուագում մենք ներկայանում ենք իբրեւ դաժան ապորիկեններ (տեղացիներ - «ՆՅ»): Արջն անկեղծ ափսոսանք է յայտնում, որ ճակտին կռանի մի հարուածով եզ տապալող շատ քիչ մարդ է մնացել, ու մենք հայ-հայ կորցնելու վրայ ենք ազգային հնամենի սովորոյթը: Պարզւում է նաեւ, որ հայ աղջիկներն էնքան անսիրտ են, որ ոչ մէկի մտքով չի անցնում փրկել նուռուվարդով զարդարուած եզոյին, իսկ այ, բարեսիրտ, քնքոյշ ռուս աղջիկ Սաշան հէնց էդպէս էլ վարւում է ու կռանը թաքցնում «Լենտրովերի» թափքում: Ինչպէս կ?ասէր Ստանիսլաւսքին, պէտք կը գայ: Եւ իսկապէս պէտք եկաւ` մանրումիջին պիզնէսը (ձեռնարկատիրութիւնը - «ՆՅ») ճնշելու գործում: Մեր նախկին ազատամարտիկների աւազակախումբն Արցախում ռոպինհուտավարի գնում է շուշեցի խանութպանից պարտքն ստանալու` էդ կռանի ու մի բիձուց վերցուած ատրճանակի շնորհիւ (Արցախում միայնակ ծերուկներն ինքնաշէն հրազէն են տանը պահում): Բայց դրանք տէդալներ (մանրամասնութիւններ - «ՆՅ») են: Ոչ միայն հայ աղջիկներն են անշահեկանօրէն ներկայացւում Ռուսի կողքին, այլեւ մեր կանայք: Հայ կանանց հասել է, բնականաբար, երկրորդական` բնութագրական դերեր: Նրանք բոլորը չաղ են ու բարի եւ զբաղուած են տղամարդկանց կերակրելով ու նրանց բորբոքուած կրքերը մարելով: Չաղ ու բարի է Գուգոյի հարեւանուհին, որ հիացմունքով պատմում է Աֆրիկեանների ակումբի մասին` իբրեւ անառականոցի, ոչ թէ մշակութային օճախի: Չաղ ու բարի է Արջի կինը, որ առիթ է տալիս թոնրի վրայ կախուած կրծքով հիանալու: Չաղ ու բարի է սահմանապահների խոհարարուհին, որ, ի տարբերութիւն նախորդ երկուսի, գրեթէ առանց ակցենտի «շեշտի - «ՆՅ») է խօսում ռուսերէն: Թէ ի՞նչ կարիք կար մեր ազատամարտիկներին ներկայացնել` Ճուտ, Վասիսթաս, Գանտուրաս ու նման ածականներով, իսկ արցախցի ազատամարտիկին իբրեւ «մեյմուն»` Մուլտ մականունով եւ այդ ֆոնին (ենթախորքին - «ՆՅ») թողնել միակ իրական հերոս ռուս Սաշա Մասլեննիկովին, դրա շուրջը թող մտածեն ֆիլմը հովանաւորող Պաշտպանութեան նախարարութիւնում, բայց զուտ կինոյի տեսակէտից, ամենեւին էլ իւրօրինակ չի հայ տղամարդկանց պատկերել իբրեւ 2 տարեկանի ուղեղով մանկամիտ արարածների: Դա հին եւ բոլորիս շատ յայտնի մօտեցում է` Ռուսի սիրած Կովկասն ու Կովկասցին: Բաւական է յիշել «Միմինօ»ն, որտեղ երկու տմպլօ կովկասցի տղամարդ փորձանքի մէջ են յայտնւում, եւ նրանց փրկում է մի ջահէլ ռուս աղջիկ: Ազատամարտիկ Արջն անընդհատ անկապ «լարւում» է ազատամարտիկ Մուլտի յետեւից, անգամ Գանձասարի պարսպի վրայով` յանուն էժանագին կոմիկական էֆեկտի (հոս՝ երգիծական երանգ - «ՆՅ»): Կովկասցի տղամարդկանց միամիտ ու տմպլօ ներկայացնող խորհրդային կինոյի էս աւանդական կարծրատիպը յետխորհրդային հայկական կինոյում լաւագոյնս դրսեւորւում է հէնց այս ֆիլմում: Պատրիարխալիզմն (հայրատիրականը - «ՆՅ») ու կանանց նկատմամբ դրսեւորուող խտրական վերաբերմունքն անընդհատ աչքդ են մտցնում, թէկուզ Ստեփանակերտի «Մուժսկօ սալոն»ի անիմաստ ցուցադրութեամբ, որովհետեւ Գուգօն չի ուզում կտրել մազերը, Գուգօն ուզում է ի՞նչ. դէ իհարկէ` խմել: Պէտք չի մեզ անընդհատ յիշեցնել դրա մասին: Հասկացանք, ձեր պատկերացրած խելահաս հայրենասէրը հարբեցող է: Էս ամէնից յետոյ այլեւս չես զարմանում, երբ Գանձասարում տէր հօրը բարեւելիս, աջհամբոյրի փոխարէն, տեսնում ես ախպերավարի պաչպռօշտի, ու անգամ, երբ Պարգեւ սրբազանը յայտնւում է ինքն իր դերում (նման ժանրի ֆիլմում իրական հոգեւոր առաջնորդի աննախադէպ յայտնութիւն, որ յանձն չեմ առնում մեկնաբանել), եւ վերջնականապէս համոզւում ես, որ ամբողջութեամբ «օրհնուի էն սհաթը, երբ Ռսի ոտը…» աւանդական քարոզի ականատեսն ես: Ուրեմն, մի բան էր մնացել, որ դեռ Ռուսին չէին ծախել` մեր յաղթանակն Արցախում, էն էլ ՀՀ անկախութեան եւ բանակի ստեղծման 20ամեակի կապակցութեամբ` ՀՀ նախագահի բարձր հովանու ներքոյ, ԼՂՀ նախագահի, ՀՀ Պաշտպանութեան եւ Մշակոյթի նախարարութիւնների աջակցութեամբ, Միքայէլ Պօղոսեանի ջանքերով նուիրեցին Ռուսին` Մասլենիկովին դարձնելով միակ իրական հերոս` արջուկ-մուլտ-գագօների տրագիֆարսի ֆոնին: Վերջում խորհրդանշական կերպով գալիս է դատաստանի ժամը, երբ Մոխրոտի կառքը դդում է դառնում, իսկ մենք կորցնում ենք ուժի սիմվոլ (խորհրդանիշ - «ՆՅ») «ճիփը», որովհետեւ ոստիկանութեան փոխարէն վրայ են տալիս հարց լուծող տղերք, համապատասխան բառապաշարով «սամասուդ» անում մեր կոմիքսային ազատամարտիկների երրեակին, եւ ամէն ինչ ընկնում է իր տեղը: Հերոսները «մանթրաշից» տրւում են հիստերիկ (ջղաձիգ - «ՆՅ») ծիծաղի: Հանդիսատեսն ուրախանում է, որ բախումն իր հետ չի եղել: Բոլորը զուարճանում են Սաշայի «լոխ լաւ ա՞» հարցի վրայ, իսկ մեզ մնում է արձանագրել. «փիս ա, մատաղ, լեահնդի վրեմեապռեպռաւաժդենի ա, վեչ թա կինօ, մըր կինօն տի ամալ չի կիլեական»: ԱՐՄԷՆ ՕՀԱՆԵԱՆ epress.am, ՆՅ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը